«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԷԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ԽՄԲԵՐԻՙ ԸՍՏ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ

Վեց դիմակավոր հանցագործներ Մոսկվայում սպանել են երկու ոստիկանի: Զինված խումբը գումար շորթելու նպատակով սպառնացել է ՌԴ մայրաքաղաքի Հարավային օկրուգում բնակվող հայ ընտանիքի յոթ անդամներին: Հարձակման եւ սպառնալիքների ենթարկված հայ ընտանիքից ոչ ոք չի տուժել: Սակայն հարեւանների ահազանգով դեպքի վայր հասած 28-ամյա ավագ լեյտենանտ Անդրեյ Աշուրկովն ու 39-ամյա ավագ Սերգեյ Ռեբրիկովը դարձել են հանցագործ խմբի զոհը: Իրավապահ մարմինների եզրակացությամբ կատարվածն ամենայն հավանականությամբ քրեական պարզաբանում է եղել Մոսկվայի շուկաներից մեկում ազդեցություն ձեռք բերելու նպատակով: Իրավապահ մարմինները նաեւ տեղեկացրել են, որ զինված հանցագործները վրացիներ են եղել: Ռուսաստանյան մամուլի տեղեկացմամբՙ սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը Մոսկվայի Հարավային օկրուգի դատախազությունն է վարելու: «Ինտերֆաքսի» տվյալներով, հանցագործների անձն արդեն պարզված է եւ հայտնաբերման համար կիրառվում է առանձնապես վտանգավոր հանցագործների հայտնաբերման «Հրաբուխ-5» հատուկ ծրագիրը:

Դեպքի մասին լրագրողներին տեղեկացնելիս Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Սերգեյ Ցոյն ընդգծել է, որ ազգությամբ ռուս ոստիկանները զինված վրացիների զոհն են դարձել հայ ընտանիքի պաշտպանելիս: Լրատվամիջոցների վերաբերմունքը համարժեք չէ Ցոյի ընդգծմանը: Օրինակ, եզրակացնում են, որ ոստիկաններն ուղղակի պաշտպանել են իրենց քաղաքի բնակիչներին եւ ամենայն հավանականությամբ չեն էլ հասցրել իմանալ, որ իրենց վրա կրակողները վրացիներ, իսկ սպառնալիքների ենթարկվածները հայեր են, եւ որ ազգային պատկանելությամբ երկրի բնակչությունը խմբերի բաժանելը կարող է ուղղակի ավելի ուժգնացնել բողոքի ալիքը այս անգամ արդեն ռուսաստանաբնակ վրացիների շրջանում:

Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչության ղեկավարների տեղեկացմամբՙ զոհված ոստիկանները կներկայացվեն պետական պարգեւների:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել զոհված ոստիկաններին. «Անչափ շնորհակալ ենք եւ երախտապարտ ոստիկանության աշխատակիցներին, որոնք սեփական կյանքի գնով պաշտպանում են մեր քաղաքացիներին, անկախ ազգությունից»: Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ֆինանսական օգնություն կտրամադրի զոհված ոստիկանների ընտանիքներին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4