Մոսկվայում սպանված 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի ծնողներն էլ չեն հավատում Դենիս Կուլագինի մարդասպան լինելուն: Սակայն իրավապահ մարմինները բոլորովին այլ պատճառովՙ մեղավորությունն ապացուցող հանցանշանների ոչ բավարար լինելու հիմքով ազատ են արձակել 16-ամյա Կուլագինինՙ չբացակայելու ստորագրությամբ: Հետաքննությունն ունի ընդամենն անչափահասի մեղքի խոստովանությունը, որ ձեռք է բերվել անօրինական հարցաքննության միջոցով:
Հիշեցնենք, որ հայտնաբերված չէ սպանության զենքըՙ դանակը, իսկ դիտարկման խցիկները, հետաքննության տվյալներով, ոչինչ չեն արձանագրել, ինքըՙ Դենիս Կուլագինն էլ դեմքին դանակի հարված է ստացել:
«Նյուս.ռուի» տեղեկացմամբ, Աբրահամյանց ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանը հայտնել է, որ այժմ հետաքննությունն ավելի հակված է սկզբնականՙ սափրագլուխների կողմից Վիգեն Աբրահամյանցին սպանելու վարկածին: Ծատուրյանի տեղեկացմամբ, զուգահեռ հետաքննություն է տարվում. «Ականատեսներն իրենք են դիմում մեզ: Մենք կարող ենք հաստատապես պնդել, որ սպանությունը կատարել են սափրագլուխները: Կուլագինին մենք ոչ մի մեղադրանք-պահանջ ներկայացնել չենք կարող: Մարդասպանի մասին մենք լրիվ այլ պատկերացում ունենք: Նա եղել է լավ պատրաստված պրոֆեսիոնալ, որը լիովին հաշվարկել է իր գործողությունները: Դա ապացուցում են ե՛ւ հարվածի բնույթը, ե՛ւ դեպքի վայրից հանցագործների ակնթարթորեն չքվելը»:
Ըստ Ծատուրյանի, սպանության կենցաղային բնույթը հերքում է նաեւ Վիգենի ընկերոջ դանակի հարված ստանալու փաստը. «Ականատեսները պնդում են, որ տեսել են սափրագլուխների: Սափրագլուխները հատուկ պատրաստվածություն անցած մարդիկ են, ունեն գաղափարախոսություն, գրականություն, մարտական խմբեր եւ հստակ կազմակերպություն: Հասկանալի է, որ Մոսկվայում կատարված հանցագործությունները նույն շղթայի օղակն են, որը կապում են ազգային հողի վրա Սանկտ Պետերբուրգում եւ Վորոնեժում կատարված հանցագործությունները: Հետեւաբար կարելի է խոսել Ռուսաստանում որոշակի տրամադրությունների առկայության մասին, որոնք տանում են հասարակության եւ պետության բարքերի փլուզմանը»:
Հուսանք, որ թեկուզ հենց այս հանգամանքը հաշվի առնելով, Վիգեն Աբրահամյանցի սպանության հետաքննությունը կհայտնաբերի իրական հանցագործին:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ