Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսի անցյալ տարվա Բերքլիի Կոլումբիա համալսարանում կատարած արտահայտություններից հետո մի շարք իրադարձություններ կատարվեցին, որոնք ստիպեցին ամերիկյան որոշ թերթերի անդրադառնալ այդ թեմային: Դրանցից «Լոս Անջելես թայմս» թերթի վերոհիշյալ վերնագրով հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք, քաղելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից:
Ջոն էվանսը Հայաստանում Մ. Նահանգների դեսպանն է առայժմ, մինչեւ այս հոդվածը գրելու պահը: Բայց հավանաբար չի շարունակի լինել: Դիվանագիտությունը որպես կարիերա ընտրած Էվանսը, որին անցյալ տարի իր բացահայտ հասարակական ելույթի համար ամերիկյան արտասահմանյան ծառայությունների մի ասոցիացիա մրցանակ էր շնորհել, ջղայնացրել է պետքարտուղարության իր ղեկավարներինՙ արտասանելով հետեւյալ բառերը Բերքլիի Կոլումբիա համալսարանում 2005 թ. փետրվարին. «Այսօր ես դա կոչելու եմ Հայոց ցեղասպանություն»: Այդքան փոքր ճշմարտախոսության համար Էվանսն ստիպված եղավ նախ հրապարակել պարզաբանում, այնուհետեւՙ ուղղում, ապա հանդուրժել, որ վերադասների ճնշումների տակ չեղյալ համարեն մրցանակի շնորհումն իրեն, եւ վերջապես իր աշխատանքը ընդմիշտ կորցնելու դեմ կանգնել:
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 1915 թ., քաջ հայտնի է բոլորին: Օսմանյան կայսրությունը փորձեց ոչնչացնել հայ բնակչությանը կոտորածի եւ զանգվածային տեղահանության միջոցով: Նրան հաջողվեց կիսով չափ ավարտել գործը, սպանելով մոտ 1,2 մլն մարդկանց: Այդուհանդերձ, պետքարտուղարությունը երկար ժամանակ խուսափում է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, ելնելով ոչ թե պատմական փաստը վիճարկելու, այլ սոսկ Թուրքիային հարգելու դիրքերից, քանի որ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոպայի ու Ասիայի միջեւ գտնվելու առումով ռազմավարական դաշնակից է:
Ժամանակն է վերջ տալու այդ հարցի շուրջը խուսանավելուց եւ ընդունելու ամրագրված պատմությունը: Ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի ընդունած սահմանման, նշանակում է «մտադրությունՙ ոչնչացնելու, ամբողջովին կամ մասամբ, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական մի խմբակցություն»: Հայաստանի պարագան ամբողջովին համապատասխանում է այդ սահմանմանը: 90-ամյա վաղեմության մի ոճրագործության մասին անկեղծորեն արտահայտվելու համար դեսպանին պատժելը սազական է ցինիկ, երկերեսանի միապետություններին, բայց ոչ ազատ աշխարհի առաջնորդ պետությանը:
Թուրքերը նշում են, որ իրենց օսմանցի նախնիներն Առաջին աշխարհամարտի բռնկման օրերին Ռուսաստանի կողմը բռնելը, ինչը շատ հայեր արեցին, դավաճանություն էին համարում: Բայց կոտորածները նաեւ մահմեդական թշնամանքի հետեւանք էին հանդեպ քրիստոնյա փոքրամասնության: Երբ Օսմանյան կայսրությունում այդ ժամանակվա Մ. Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն բողոքել էր արյունահեղությունների դեմ, նրան հակահայ արշավի կազմակերպիչներից ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը պատասխանել էր. «Ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով: Դուք հրեա եք, այդ մարդիկ քրիստոնյա են: Ինչո՞ւ չեք կարող թույլ տալ մեզ, որ այդ քրիստոնյաների հետ վարվենք ինչպես ուզենք»:
Հայերի համար, որոնք փախչելով սպանություններից եկել են այս երկիրը, իրենց պատմության ոչ ճշգրիտ ճանաչումը զայրացնող երեւույթ է: Բըրբենքից դեմոկրատ Ադամ Բ. Շիֆը, որի լիազորությունների տարածքում է գտնվում հայկական սփյուռքի սիրտը, շարունակ բանաձեւեր է ներկայացնում Ներկայացուցիչների տան անդամներինՙ պաշտոնապես ընդունելու ցեղասպանությունը, բայց ամեն տարի կոնգրեսական ղեկավարները, պետքարտուղարության ճնշման ներքո անտեսում են այդ բանաձեւերը: Բարեբախտաբար, որոշ երկրներ կատարում են այն քայլը, որից Կոնգրեսը վախենում է: Եվրոխորհուրդն անցյալ տարի մի ուղղում ընդունեց, որով Թուրքիային առաջարկեց ընդունել ցեղասպանությունը որպես նախապայման Եվրոմիությանը նրա անդամակցությանը: Թուրքական կառավարությունը զայրացած է, բայց դեռ անպայման ցանկանում է անդամակցել Եվրոմիությանը:
Կգա օրը, երբ այն երկիրը, որը հիմնվել էր որպես իր օսմանյան անցյալի քաղաքականությունը մերժող պետություն, անկեղծորեն կգնահատի իր պատմությունը որպես վաղուց հասունացած մի գործընթացի մաս: Հուսով ենք, դրանից առաջ պետքարտուղարությունը կկատարի նույն քայլը: