Գազի եւ ջեռուցման համակարգին միանալու խնդրում անապահով ընտանիքներին օգնելու է կոչված Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ կառավարության ստորագրած երեկվա համաձայնագիրը: Կառավարությանն առընթեր Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՎԷԷՀ) եւ ՀԲ-ն երեկ ստորագրեցին դրամաշնորհային համաձայնագիր Հայաստանի ջեռուցման եւ գազի ծրագրի վերաբերյալ: Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության հիմնադրամը (ԱՀՕԳԳ) 3,1 մլն դոլարով ֆինանսավորում է ծրագիրը, որի նպատակն է օգնել բազմաբնակարան շենքերի սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին` միանալ գազի եւ ջերմամատակարարման համակարգին:
ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը նշեց, որ ծրագրում կընդգրկվեն մոտ 8 հազար ընտանիքներ, մոտ 40 հազար մարդ: Ծրագիրը նախատեսում է երկու տեսակի աջակցություն. մի դեպքում ընտանիքներին հնարավորություն կտրվի ձեռք բերելու գազի վառարաններ եւ միանալու ջերմամատակարարման ընդհանուր ցանցին, երկրորդ դեպքում կլուծվեն բնակիչների ջերմամատակարարման խնդիրները լոկալ ցանցին կամ կաթսայատանը միանալու ձեւով: ՎԷԷՀ նախագահ Թամարա Բաբայանի ներկայացմամբ, ծրագրում ընդգրկվելու են այն անապահով ընտանիքները, որոնք կան աղքատության ընտանեկան նպաստի ցանկում: ՎԷԷՀ նախագահի վստահեցմամբ, հիշյալ ցանկում 38-ից ավելի միավոր ունեցողներն աջակցություն կստանան վառարանների ձեռքբերման եւ ջերմամատակարարման ցանցին միանալու ձեւով: Իսկ 38-ից ցածր միավոր ունեցող ընտանիքներին օգնություն կցուցաբերվի օգնություն լոկալ լուծումների միջոցով:
Կազմակերպիչների հավաստմամբ, ծրագիրը սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու է միայն գազի համակարգին միանալու եւ ոչ թե ընթացիկ ծախսերը հոգալու հարցում: «Ծրագիրն օգտագործում է նորարարական արդյունքահեն մոտեցում` ըստ որի ֆինանսավորումը կատարվելու է գազի եւ ջերմամատակարարման ծառայությունների տրամադրման հիման վրա: Այն ուղղված է ջերմամատակարարման աղբյուրի` գազի միացման եւ վառարանի կամ լոկալ ջեռուցման ֆինանսավորմանը, այլ ոչ թե ընթացիկ ծախսերի սուբսիդավորմանը, որը վերացնում է էներգախնայողության եւ մատակարարման արդյունավետության խթանները», ասաց ՀԲ ծրագիրը նախապատրաստող խմբի ղեկավար Անի Բալաբանյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ