Դալմայի այգիների կառուցապատման վերաբերյալ կառավարությունը 5 որոշումներ է ընդունել` փոփոխելով դրանց նպատակային նշանակությունը եւ առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելով առանձին ընկերությունների եւ անհատների: Հիշեցնենք, որ Դալմայի այգիները հիդրոտեխնիկական, երկրագործական, պատմամշակութային, գյուղատնտեսական բացառիկ նշանակություն ունեցող հուշարձան են համարվել նույնիսկ ցարական Ռուսաստանի ժամանակներում: Բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների համոզմամբ այդ այգիներից հողահատկացումները կատարվել են էկոլոգիական ու քաղաքաշինական օրենսդրության բազմաթիվ պահանջների խախտումներով: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» եւ «Հայկական բուսաբանական ընկերություն» հասարակական կազմակերպությունները 2 տարի առաջ դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումները, որոնք հակասում են Օրհուսի կոնվենցիային: Միջազգային այս փաստաթուղթը վերաբերում է հասարակության` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու եւ որոշումներ ընդունելու ժամանակ նրա պարտադիր մասնակցության ու իրազեկվածության իրավունքին: Երեկ Օրհուսի երեւանյան կենտրոնում նշված 3 կազմակերպությունները մամուլի ասուլիս էին հրավիրել` պատմելու, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ապրիլի 7-ի իր փորձագիտական եզրակացությամբ ամրագրել է Դալմայի այգիների կառուցապատման անհամապատասխանությունը Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածների ու դրույթների:
Իր եզրակացության մեջ հանձնաժողովը մասնավորապես նշել է, որ կառուցապատման վերաբերյալ կոնկրետ որոշումների կայացմանը հասարակության լիարժեք մասնակցություն չի ապահովվել: Կառավարական կառույցներից դիմումատուներին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Այնուամենայնիվ, նշվել է, որ անհամապատասխանության աստիճանը որոշակիորեն կնվազի, եթե ապահովվի հասարակության մասնակցությունը կառուցապատման թույլտվությունների հետագա գործընթացներում: Օրհուսի հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է նշված խնդիրները լուծելու գործնական ու օրենսդրական միջոցառումներ ձեռնարկել: Հանձնաժողովի եզրակացությունն ու գնահատականները Դալմայի պաշտպանները բավական մեղմ ու փափուկ են գնահատում եւ սրանց հետ առանձնապես հույս չեն կապում, քանի որ իր հանձնարարականները Օրհուսի հանձնաժողովը մտադիր է «ստուգել» 2008 թվականին միայն: Մինչ այդ հայտնի չէՙ ինչ ջրեր կհոսեն եւ գուցե սրբագրումներ անելու հնարավորություն էլ չլինի:
Բնապահպանական կազմակերպություններն իրենց զգում են փակուղու մեջ, քանի որ արդեն սպառել են արդարադատության հասնելու բոլոր պաշարները Հայաստանում: Նրանք դիմել են նաեւ Եվրոդատարան, սակայն վերջինս մերժել է նրանց հայցադիմումը: Մտադի՞ր են արդյոք դիմել սահմանադրական դատարան. հավանաբար կդիմեն, եթե սահմանադրական դատարան դիմելու օրենքում փոփոխություններ լինեն, եւ պարզ կլինի, թե ինչ բնույթի ու վաղեմության դիմումներ կընդունի դատարանը:
Իսկ մայիսի 10-ին նրանք կլոր սեղան են կազմակերպելու, որին հրավիրել են նաեւ կառավարական համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, պարզաբանելու, թե ինչպես են վերաբերվում միջազգային հեղինակավոր ատյանի առաջարկներին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ