«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


Ռ. ՌՈԲԻՆՍՈՆ. «5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՇԱՏ ՇԱՀԱՎԵՏ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»

Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը երեկ կարծիք հայտնեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը Ռուսաստանին փոխանցելու գործարքը շատ շահավետ է եղել Երեւանի համար: «Միակ բանը, որ կարող եմ ասել` ելնելով այն տեղեկատվությունից, որ ինձ տրամադրել են կառավարության պաշտոնյաները, հետեւյալն է` այս գործարքը շատ շահավետ գործարք է եղել Երեւանի համար: Ես կարծում եմ, որ երբ ԶԼՄ-ները քննարկեն այս խնդիրները կառավարության հետ, եւ իրենց ներկայացվեն այն փաստերը, որոնք ինձ են ներկայացվել, կհամաձայնեն եւ կգիտակցեն, որ սա եղել է իրոք շահավետ գործարք Հայաստանի համար», ասաց նա: Ռոբինսոնը նաեւ տեղեկացրեց, թե կառավարությունը նախատեսում է հաջորդ շաբաթ հանրային քննարկումներ անցկացնել գործարքի վերաբերյալ:

ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրենը նորմալ է վերաբերվում այն բանին, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը դառնում է այլ երկրի մենաշնորհ: Որպես օրինակ նա նշեց, թե Մեծ Բրիտանիայի ջրամատակարարումն իրականացնում են ուրիշ երկրների ընկերություններ: Փոխարենը Ռոբինսոնը հավելում է. «Շատ ավելի կարեւոր է, որ հզոր կարգավորող լինի, որը սահմանում եւ վերահսկում է մատուցվող ծառայությունների ընթացքը»: Ռոբինսոնը խորհուրդ տվեց գործարքի մասին խոսելիս հաշվի առնել, որ հումքը մատակարարում է Ռուսաստանը: «Հայաստանի Էներգաարտադրության հումքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Այսինքն` ատոմակայանի հումքը գալիս է Ռուսաստանից, գազը գալիս է Ռուսաստանից: Միակ հումքը, որ Հայաստանն ունի եւ օգտագործում է էներգաարտադրության համար, ջուրն է, ձյունը, որ հալվում, լցվում է գետերը եւ օգտագործվում է ՀԷԿ-երում», ընդգծեց Ռոջեր Ռոբինսոնը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4