Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ազգային ֆորումը որոշել է հրաժարվել հայկական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունից: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազ» գործակալությունը, ադրբեջանական ՀԿ-ների որոշմամբ թույլատրվում է համագործակցել հայկական այն ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր են համարում միայն միջազգային իրավական նորմերի եւ սկզբունքների շրջանակներում: Բացի այդ, որոշում է կայացվել ուժեղացնելու ադրբեջանական ՀԿ-ների գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցումՙ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ միջազգային նորմերի շրջանակներում:
Փաստացի սա յուրօրինակ խնդիր կդառնա Հայաստանի մի շարք ՀԿ-ների համար, որոնք տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցում են ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Հետաքրքրական է, թե ադրբեջանական ՀԿ-ներն ինչպե՞ս են պատկերացնում այն «դրույթի» պահպանումը, որ հենց իրենք որոշել են, այն էլ հայկական ՀԿ-ներից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը: Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային դրսեւորում կարող է դա ունենալ: