Նման խնդրանքով հանդես եկան ջրային տնտեսության կոմիտեի նախագահը եւ «Երեւան ջրի» գլխավոր տնօրենը
Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկեր երկու միմյանց հետ շաղկապված հարցերՙ «Երեւան ջուր» ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվության եւ ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի սակագների սահմանման մասին: Սակայն նիստն անսպասելի ընթացք ունեցավ:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հարցին, թե ի՞նչ առաջարկություններ կան նիստի օրակարգը հաստատելու մասին, արձագանքեց ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա ներողություն խնդրելով հանձնաժողովից եւ հրավիրված անձանցից, խնդրեց վերոնշյալ հարցերի քննարկումը հետաձգել մեկ ամսով: Իր այդ խնդրանքը կոմիտեի նախագահը բացատրեց այն հանգամանքով, որ դեռեւս չի ավարտվել «Երեւանի ջրմուղ-կոյուղու» համակարգի փոխանցումը ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության ստեղծած «Երեւան ջուր» ընկերությանը:
Ըստ Անդրանիկ Անդրեասյանի, խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են եւ համակարգի փոխանցման համար սահմանված երեք ամիս ժամանակահատվածը չի բավարարել դրա համար:
«Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպովը համաձայնություն հայտնեց Անդրանիկ Անդրեասյանի առաջարկին, ասելով, որ դա համատեղ կայացված որոշում է: Նա նույնպես նշեց, որ դժվարությունները կապված են գույքի փոխանցման գործընթացի հետ եւ որ նման խնդրի ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ»-ն բախվել է նաեւ Հունգարիայում ու Ռումինիայում: Մասնավորապես Բուխարեստում, քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի փոխանցման համար պայմանագրով նախատեսված 6 ամսվա լրանալուց հետո ընկերությունը խնդրել է եւս 3 ամիս լրացուցիչ ժամանակ: Երեւանի դեպքում նա հավաստիացրեց, որ 15 օր հետո այդ գործընթացն ավարտված կլինի:
Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի եւ «Երեւան ջրի» գլխավոր տնօրենի ելույթներից հետո հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, հաշվի առնելով պայմանագրային կողմերի համաձայնությունը, քվեարկության դրեց օրակարգի հարցերի քննարկումը հետաձգելու հարցը: Նա միաժամանակ նշեց, որ մինչ «Երեւան ջուրը» կստանա գործունեություն սկսելու թույլտվությունը, «Երեւանի ջրմուղ-կոյուղին» կշարունակի իր գործունեությունը: Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց հետաձգել հարցի քննարկումը:
Միաժամանակ հարկ է նշել, որ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրվել էր որոշման նախագիծ, ըստ որի «Երեւան ջրի» ներկայացրած Երեւանում խմելու ջրի սակագինը 1 խմ դիմաց 172,8 դրամի փոխարեն որոշվում էր սահմանել 146,6 դրամ: Ակնհայտ է, որ այդ որոշման նախագիծը լուրջ առարկության էր հանդիպելու ջրային տնտեսության համակարգի պատասխանատուների կողմից: Չնայած ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը մեզ հետ զրուցելիս նշեց, որ տեղյակ չէ հանձնաժողովիՙ սակագնի վերաբերյալ եղած որոշման նախագծին, կարելի է ենթադրել, որ հենց 146,6 դրամ սակագնի հաստատման առաջարկն էր եղել նիստը հետաձգելու նրա միջնորդության բուն պատճառը: Դա անուղղակիորեն հաստատվում է նաեւ կոմիտեի նախագահի մյուս արտահայտությունից, որ նա արեց, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր մոտեցումը, եթե հանձնաժողովը չբավարարի «Երեւան ջրի» ներկայացրած հայտը: Նա պատասխանեց, որ սակագների մակարդակը որոշված էր եւ պետք է ընդունելի լիներ հանձնաժողովի համար: Հիշեցնենք, որ նախկինում նման կարծիք էր հայտնել նաեւ ջրային տնտեսության փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը: Սակայն պարզվեց, որ հանձնաժողովն ունի իր հաշվարկներն ու մոտեցումները «Երեւան ջրի» ներկայացրած սակագնային փոփոխության հայտի կապակցությամբ, ինչը բնական պետք է համարել սպառողների եւ մատակարար ընկերությունների շահերը հակակշռելու պարտավորություն ունեցող մարմնի համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ