Ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը 70 տարեկան է
Մարդու համար իր ծննդյան յուրաքանչյուր տարեդարձ նշանավորվում է ամենից առաջ իբրեւ կյանքի անցած ժամանակահատվածի գիտակցում ու արժեւորում, արածի ամփոփում ու անելիքի ուրվագծում: Իսկ անցյալը, թերեւս, ժամանակի շղթայի տարիներ կոչված օղակների մեխանիկական համադրումը չէ սոսկ: Անցյալը հենց մարդու կյանքն է, նրա արարումները, ձեռքբերումներն ու ձախորդությունները, նրա հույզերն ու իրականությունը, նրա հրճվանքն ու ցավը... մարդն իր էությամբ:
Հանրահայտ գիտնական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի համար իր ծննդյան 70-ամյակը սոսկ հերթական տարեդարձ է, որին, սակայն, նախորդում է գիտնական-մանկավարժի, կազմակերպիչ-ղեկավարի, մարդ-քաղաքացու հարուստ ու հագեցած մի կենսագրություն, եւ որին հաջորդող յուրաքանչյուր պահը դարձյալ հարստացնելու է այդ կենսագրությունը:
Ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Տեղի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1958 թ. գերազանցությամբ ավարտելով համալսարանական ուսումնառությունը եւ ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում` սկսում է իր գիտական-աշխատանքային գործունեությունը ՀԳԱ Բյուրականի աստղադիտարանում որպես լաբորանտ: Շուտով տեղափոխվում է ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի նորաստեղծ ինստիտուտ որպես կրտսեր գիտաշխատող: Այստեղից էլ սկիզբ է առնում նրա գիտական ճանաչման արգասավոր ուղին: Այդ տարիներին ամբողջ աշխարհում ինտենսիվ հետազոտություններ էին ծավալվում քվանտային ռադիոֆիզիկայի ասպարեզում` նպատակ ունենալով ստեղծելու քվանտային ուժեղացուցիչներ, որոնք թույլ ռադիոազդանշանների ընդունման գործընթացում կապահովեին շատ բարձր զգայունություն: Եվ դա, ըստ էության, սկիզբն էր քվանտային էլեկտրոնիկայի` որպես հեղափոխական գիտական ուղղության զարգացման:
Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանը, բնականաբար, պիտի արձագանքեր այդ երեւույթներին: Հենց նրա առաջարկությամբ ու աջակցությամբ էլ երիտասարդ գիտաշխատող Ռ. Մարտիրոսյանը 1960 թ. մեկնում է Մոսկվա եւ ընդունվում ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Այստեղ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի ղեկավարությամբ սկսվում է խոստումնալից գիտնականի հետազոտական բուռն գործունեությունը: Մոսկովյան ուսումնառության ժամանակաշրջանը խիստ բարերար էր հայ աստղաֆիզիկոսի գիտական պրպտումների համար: Այդ տարիներին Ռ. Մ. Մարտիրոսյանը կատարել է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ ալիքների երկարության դեցիմետրական տիրույթում արդյունավետ քվանտային ուժեղացուցիչների ստեղծման ուղղությամբ: Նա ռադիոաստղագիտական հետազոտություններում քվանտային ուժեղացուցիչների կիրառման գործում առաջիններից մեկն էր:
1964 թ. հունիսին հաջողությամբ պաշտպանելով «Քվանտային ուժեղացուցիչների կիրառությունը» թեմայով թեկնածուական թեզը` Ռ. Մարտիրոսյանը վերադառնում է Աշտարակ` ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ: Թեկնածուական թեմայի շուրջ աշխատանքի շնորհիվ երիտասարդ գիտնականը ստացել էր նոր արդյունքներ գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ չեզոք ջրածնի բաշխման վերաբերյալ, ուստի Վ. Համբարձումյանը նրան խորհուրդ է տալիս այդ աշխատանքները շարունակել հիշյալ ինստիտուտում: Այդ նպատակով ՀԳԱ նախագահության որոշմամբ ինստիտուտում ստեղծվում է քվանտային ուժեղացուցիչների լաբորատորիա` Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ: 1970 թ. նա նշանակվում է ինստիտուտի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ: 1980-ից առ օրս նա գիտական այդ հիմնարկության տնօրենն է: Նրա ջանքերով ինստիտուտում քվանտային ուժեղացուցիչների ստեղծման եւ տարբեր ալիքային տիրույթների քվանտային ուժեղացման ֆիզիկական հիմունքների մշակման բնագավառում հիմնադրվեց գիտական նոր ուղղություն: Ռ. Մարտիրոսյանի անվան հետ է կապվում նաեւ էներգետիկ մակարդակների գերբնակեցման նոր սխեմաների հայտնաբերումը, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ ուժեղացնելու տարբեր հաճախությունների երկու ազդանշան: Ռ. Մ. Մարտիրոսյանի կողմից 1,35 սմ ալիքի վրա մշակված ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը, հաջողությամբ կիրառվելով ՀԸՁԸծ-600 մեծ ռադիոաստղադիտակի վրա, նրա ընդունող համակարգի զգայնությունը մեծացրել է 14 անգամ: Դրա օգնությամբ հետազոտվել է մի շարք տիեզերական մազերային աղբյուրների ռադիոճառագայթումը, որի արդյունքում ստացվել են դրանց ֆիզիկական հատկությունները լուսաբանող նոր գիտական տվյալներ:
Բազմաբովանդակ ու բեղուն գիտական աշխատանքների արդյունքներն ամփոփելով` Ռ. Մարտիրոսյանը 1980 թ. պաշտպանում է «Քվանտային ուժեղացուցիչների արդյունավետության բարձրացում» թեմայով դոկտորական ատենախոսությունը եւ ստանում ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1984-ին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: Գիտության բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Ռ. Մարտիրոսյանը 1986 թ. ընտրվում է ՀԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990-ից ակադեմիկոս է:
Ռ. Մ. Մարտիրոսյանի գիտական ղեկավարությամբ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայունության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Բնություն» եւ «Օվկիանոս» տիեզերական ծրագրերում, ինչպես նաեւ ռադիոաստղագիտական եւ բժշկակենսաբանական հետազոտություններում:
Բավականաչափ արդյունավետ է եղել նրա մասնակցությունը տիեզերական տարածության ուսումնասիրություններին նվիրված «Լվ-ՑպՐՍՏրՎՏր» ծրագրերին, մասնավորապես, «ԹպչՈ» նախագծին: Ստեղծված սարքավորումների օգնությամբ հնարավորություն է ստեղծվել մեծ ճշգրտությամբ չափել Վեներայի մթնոլորտում գործող աերոզոնդերի հետագծերը:
Բարձր զգայունության ընդունիչ համակարգերի մշակման եւ ներդրման ուղղությամբ Ռ. Մ. Մարտիրոսյանի եւ նրա աշակերտների կատարած աշխատանքները 1988 թ. արժանացել են գիտության եւ տեխնիկայի ասպարեզում Հայաստանի պետական մրցանակի:
Ակադեմիկոս Ռ. Մ. Մարտիրոսյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների եւ երեք մենագրությունների հեղինակ է, որոնցից երկուսը հրատարակվել են ԱՄՆ-ում եւ Շվեդիայում:
Ակտիվ գիտական գործունեության հետ մեկտեղ գիտնական-մանկավարժը զբաղվում է նաեւ դասախոսական աշխատանքով: 1965 թ. ի վեր դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, ընդհանուր եւ հատուկ դասընթացներ է կարդում ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Նրա նախաձեռնությամբ 1983 թ. այդ ֆակուլտետում կազմակերպվել է գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի ամբիոնը, որը նա ղեկավարել է մինչեւ 1986 թ.:
1993 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ակադեմիկոս Ռ. Մ. Մարտիրոսյանը նշանակվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր: Հանրապետության մայր բուհը Ռ. Մարտիրոսյանը ղեկավարել է մինչեւ 2006 թ.: Այդ ընթացքում գիտնական-մանկավարժը հանդես է եկել նաեւ որպես հմուտ ղեկավար եւ եռանդուն կազմակերպիչ: Հատկապես մեր երկրի համար ծանր տարիներին եւ դրանից հետո նրա նախաձեռնությամբ Երեւանի պետական համալսարանում իրականացվել են ուսումնակրթական ու գիտամշակութային առաջընթացին միտված բազմաթիվ ծրագրեր: Այդ առումով առաջին կարեւոր ձեռնարկումը, թերեւս, ԵՊՀ օրինադրության նախագծի վերանայումն էր, որը 1996 թ. հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:
Մեծ է Ռ. Մ. Մարտիրոսյանի ավանդը ԵՊՀ ուսումնագիտական բնագավառում նորամուծությունների ու մինչ իր պաշտոնավարումը սկսված, սակայն կիսատ մնացած ծրագրերի իրականացման գործում: Դա, առաջին հերթին, համալսարանի` բազմաստիճան կրթական համակարգին անցնելն էր:
Ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի` ռեկտոր եղած ժամանակաշրջանում ԵՊՀ-ում բացվել են առանձին նոր ֆակուլտետներ (աստվածաբանության, միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի), մի շարք մասնագիտություններ (քաղաքագիտություն, հոգեբանություն, արվեստաբանություն եւ այլն): Համալսարանական կառույցի ընդլայնման կարեւորագույն իրողություններից էր նաեւ 1994-ի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Իջեւան քաղաքում ԵՊՀ-ի մասնաճյուղի ստեղծումը: Նրա ջանքերով ստեղծվել են նաեւ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ԵՊՀ բարեկամների միությունը եւ այլ հասարակական-մշակութային կազմակերպություններ, վերականգնվել ու ակտիվացել են համալսարանական բարի ավանդույթները:
Ռ. Մ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ում խոշոր քայլեր են արվել միջազգային չափանիշներին համապատասխան համալսարանական կրթություն ու գիտություն ապահովելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծման ուղղությամբ: Բուհը հնարավորինս ապահովվել է ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, համակարգչային ու ինտերնետային ցանցով, հարուստ գրականությամբ, ուսումնամեթոդական ծրագրերով եւ ուղեցույցներով: Կատարվել են լայնամասշտաբ շինարարական ու վերանորոգման աշխատանքներ: Իսկ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի սկիզբը նշանավորվել է նոր ուսումնական մասնաշենքի գործարկմամբ: Ռ. Մարտիրոսյանը ոչ միայն որպես ղեկավար, այլեւ որպես բարեսիրտ ու հոգածու մարդ, միշտ կարեւորել է նաեւ բուհի կոլեկտիվի անդամների բարեկեցության, սոցիալական վիճակի խնդիրները, ձեռնարկել դրանց լուծման տարբեր քայլեր:
Ռ. Մ. Մարտիրոսյանը զգալի ներդրում ունի նաեւ միջազգային գիտակրթական եւ մշակութային կառույցների հետ ԵՊՀ-ի արդյունավետ համագործակցության բնագավառում: Տարիներ շարունակ եղել է համալսարանների միջազգային եւ համաեվրոպական ընկերակցությունների խորհուրդների լիիրավ անդամ, Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ:
Ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը մի շարք գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, ՀՀ ԳԱԱ «Տեխնիկական գիտություններ» ամսագրի գլխավոր խմբագիրը:
Գիտակրթական, կազմակերպչական ու մանկավարժական ակտիվ գործունեության ու ակնառու ձեռքբերումների համար տարբեր տարիների Ռ. Մ. Մարտիրոսյանին շնորհվել են բազմաթիվ մեդալներ ու շքանշաններ, պատվոգրեր ու շնորհակալագրեր: Նա պարգեւատրվել է Հայաստանի եւ Ուկրաինայի պետական մրցանակներով, Յու. Գագարինի անվան ոսկե մեդալով, «Պատվո նշան», «Հոկտեմբերյան հեղափոխություն» եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով: Անտարակույս, շնորհված բոլոր պարգեւներն ու կոչումները գիտնականի վաստակի արժանի գնահատականներն են, որոնք նաեւ պարտավորեցնող ու եռանդուն գործունեության խթան են: Ուստի շնորհավորելով հոբելյարին` մաղթում ենք նրան քաջառողջություն, հոգու մշտատեւ զվարթություն, երջանկություն, անկասելի առաջընթաց իր հետագա գործունեության բնագավառներում:
Յ. ՇՈՒՔՈՒՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
ԷԴ. ՉՈՒԲԱՐՅԱՆ, Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս