«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


«ԳՐԱԲԱՐԻ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ»-Ըՙ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է մեծ թվով արժեքավոր գրքերՙ գիտության ամենատարբեր բնագավառներին վերաբերող: Հատկապես բեղուն է հայագիտական գրականությունը, քանի որ համալսարանը եղել է եւ հայագիտության կարեւոր կենտրոններից մեկը: Հայագիտական հրատարակությունների շարքը համալրվել է արժեքավոր բառարաններով: Երեւույթ կարելի է համարել «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» մեծարժեք բառարանի երկու ստվարածավալ հատորների վերատպությունը, Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի, Հ. Բարսեղյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների» հանրագիտական բնույթի հինգհատորանոց բառարանը, Բ. Մ. Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարան»-ը, որն իր տեսակի մեջ նախորդը չունի:

Հրատարակչությունն իր ստեղծած ազգային մշակույթի գանձերին, որ հավերժական են ու անբեկանելի, ավելացրեց եւս մեկըՙ ընթերցողի սեղանին դնելով Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության (ղեկավարՙ Զավեն Եկավյան) հովանավորությամբ տպագրված Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի հոմանիշների բառարան»-ը: Նման բառարան հայ իրականության մեջ առաջին անգամ է լույս տեսնում: 704 էջ ունեցող այս բառարանը նվիրված է գրաբարի հոմանիշ բառերին, որոնք գործածվել են հայ մատենագրության 5-11-րդ դարերի ինքնուրույն եւ թարգմանական երկերում: Բառարանը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, հրատարակության ծավալըՙ 41.0 մամուլ:

Հեղինակը գրքի «Բառարանի մասին» բաժնում նշում է, որ հոմանիշների որոշման եւ ընտրության ամբողջ ընթացքում ուղեցույց է ունեցել նշանավոր «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը, որը միաժամանակ հիմք է ծառայել բնագրային վկայությունների մեծագույն մասից օգտվելիս:

Բառարանում բառերը այբբենական կարգով են բերված, որոնք հոմանիշային շարքերով առանձին բառահոդվածներ են կազմում: Կողք-կողքի են բերված երկու կամ ավելի հոմանիշ բառեր, որոնք կազմում են մեկ բառահոդված: Բառերն արժեքավորվում են խոսքամասային, ինչպես նաեւ մասնագիտական բնույթ կրող հոմանիշների համապատասխան նշումներովՙ ա (ածական), գ (գոյական), դ (դերանուն), շ (շաղկապ) եւ այլն: Բառարանում համանուն բառերը համարակալված են արաբական թվանշաններով, որոնցով բառահոդվածների կազմում առանձնացված են նաեւ բազմիմաստ հոմանիշների տարբեր նշանակությունները:

Բայերը տրված են անորոշ դերբայական ձեւով: Ի խոնարհման բայերի համար փակագծերում նշվում է ներկա ժամանակի առաջին դեմքի վերջավորությունը, ինչպեսՙ ուսանել (իմ): Սրան հաջորդում են հիշյալ բայի իմաստներըՙ իրենց հոմանիշներով. 1. վարդապետել, վարժել, սովորել, կրթել, եւ 2. իմանալ, տեղեկանալ: Սրանց շարքում նշվում է նաեւ բայերի սեռը, ինչպեսՙ Ն. բ. (ներգործական բայ), չ, բ. (չեզոք բայ), հ. բ. (հասարակ բայ) եւ այլն:

Դարձվածաբանական միավորները բառահոդվածների կազմում առանձնացված եւ նոր տողից բերված են գծիկովՙ - ԶԱՐՄԱՆՍ ԱՌՆԵԼ- հիանալ, սքանչանալ, ապշել: Բառարանի վերջում տրված է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ Երեւանի համալսարանի հրատարակչության լույս ընծայած գրքերի ցանկը:

Կյանքի թելադրանքով, մասնագիտությունների ավելացմանը զուգընթաց, մեծանում է ուսումնական գրականության պահանջարկը: Այս առումով «Գրաբարի հոմանիշների բառարան»-ի հրատարակությունը մեր իրականության մեջ պետք է համարել տեղին եւ արդարացված, քանի որ այն ոչ միայն ուսումնական հաստատություններին է անհրաժեշտ, այլեւ նրանց, ովքեր ուսումնասիրում եւ հետաքրքրվում են գրաբարով:

ՄԵԼԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4