«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ԻՍՐԱՅԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Մ. Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից ժամանած հարյուրավոր հայ ուխտավորների Իսրայելի ոստիկաններն անցած շաբաթ արգելել են մտնել Երուսաղեմի Հին քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցի: Այդ օրը տեղի է ունեցել Սուրբ լույսի արարողության երթը, որի մասնակիցները Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքի լուսարարապետ Նուրհան Մանուկյանի առաջնորդությամբ հայկական թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցուց վաղ առավոտյան շարժվել են Սբ. Հարություն եկեղեցի: Ուխտավորներից բացի, երթին մասնակցել են նաեւ մեծ թվով հոգեւորականներ, սկաուտներ:

Եկեղեցական արարողությունների անվտանգությունը ապահովելու, ինչպես նաեւ հույն պատրիարքի ընտրություններին հաջորդած հունական համայնքում նկատվող լարվածությունից զգուշանալու նկատառումով այդ օրը Սուրբ Հարություն եկեղեցու շուրջը տեղաբաշխվել են ավելի քան 3 հազար ոստիկաններ:

Սկզբում հայ հավատացյալներին հաջողվել է մտնել եկեղեցի, սական քիչ անց ավելի քան 500 ուխտավորների մուտքն արգելվել է եկեղեցու ներսում մարդաշատ լինելու պատճառաբանությամբ: Ոստիկանների արգելքները հանգեցրել են ընդհարման, ձերբակալվել են բազմաթիվ հայեր, այդ թվում հայ համայնքի ներկայացուցիչներից Սերոբ Սահակյանը:

Մեկ այլ ընդհարում է տեղի ունեցել նաեւ սկաուտների եւ 2 հրեաների միջեւ, երբ վերջիններս խոչընդոտել են հայերի երթը: Սկաուտներից երկուսին ծեծել են ու տարել ոստիկանություն: Նրանց հարցաքննելու ժամանակ հայկական համայնքի ավելի քան 800 անդամներ հավաքվել են ոստիկանության շենքի դիմացՙ պահանջելով բաց թողնել ձերբակալված 5 հայերին: Լարվածությունը մեղմելու նպատակով ոստիկանները նրանց ազատ են արձակել: «Հաարեց» թերթին ապրիլի 22-ին տված հարցազրույցում Նուրհան արք. Մանուկյանն ասել է, որ ոստիկանները 700 հայ ուխտավորներից միայն կեսին են թույլ տվել մտնել Սբ. Հարություն եկեղեցի, մինչդեռ բոլորն ունեցել են մուտքի թույլտվություն, ինչպես պահանջել էր ոստիկանությունը: «Իսրայելը միշտ հայտարարում է, որ սուրբ վայրերում մուտքն ազատ է, բայց իրականում ոստիկանները ուխտավորներին վերաբերվում են բռնակալի պես»:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4