Շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում իր հաղթարշավն է շարունակում «Յուժնի Ուրալի» կազմում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը: Նա 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով ԳՇԿ-ի թիմի անդամ Սեւերյուխինային: Մկրտչյանը գերազանց արդյունքի է հասել` 6 պարտիաներում վաստակելով 5,5 միավոր: 8-րդ տուրում «Յուժնի Ուրալը» 4-0 հաշվով հաղթեց ԳՇԿ-ին եւ 14 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում ՖԻՆԷԿ-1-ի հետ: Վերջինս 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց «Չերնոզեմյեին»: Իսկ առաջատարը ABC-ն է, որը 3-1 հաշվով առավելության հասնելով ՖԻՆԷԿ-2-ի նկատմամբ, 15 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Անհաջող է հանդես գալիս Նաիրա Մովսիսյանը, որը «Դեբյուտի» կազմում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: «Դեբյուտը» խոշոր հաշվով (0-4) զիջեց Չիգորինի անվան ակումբին:
Տղամարդկանց մրցաշարում 8-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց: Սարանսկի ՏՊՍ-ի շախմատիստները 4-2 հաշվով հաղթելով «Յուժնի Ուրալին», վաստակեցին 13 միավոր եւ հավասարվեցին առաջատարին` «Ուրալին»: Վերջինս ոչ-ոքի խաղաց «Լադյայի» հետ: Այս տուրում «Յուժնի Ուրալի» կազմում իր անդրանիկ պարտությունը կրեց Սմբատ Լպուտյանը` զիջելով Վոլոկիտինին: Իսկ Կարեն Ասրյանը իր 8-րդ հանդիպումն էլ ավարտեց ոչ-ոքի` խաղաղ դաշն կնքելով Իվանչուկի հետ: Այդ պարտիան խաղացվում էր առաջին խաղատախտակի վրա:
«Ուրալի» կազմում իր հերթական պարտիան ոչ-ոքի ավարտեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Նա հաշտություն կնքեց Ռոստամ Կասիմջանովի հետ: Իսկ Լեւոն Արոնյանն այս տուրում հանգստանում էր: Առանց իր առաջատարի էլ «Տոմսկ-400-ը» հաղթեց ՇՖՄ-ին (4-2): Հաղթանակն ապահովեցին Մորոզեւիչն ու Ինարկիեւը: Պարտվողների կազմում մոսկվաբնակ Սերգեյ Գրիգորյանցը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Սմիռնովի հետ: Այս հաղթանակից հետո «Տոմսկ-400-ը» վաստակեց 12 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Այնպես որ չեմպիոնի կոչման համար պայքարը վերջնագծում նոր ուժով է բորբոքվելու: Այդ պայքարում վճռորոշ կլինի «Տոմսկ-400-ի» եւ «Ուրալի» մրցավեճի, ինչպես նաեւ «Ուրալ»-ՏՊՍ հանդիպման արդյունքը:
Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը եւս վստահ ելույթներ է ունենում մրցաշարում: Նա ՖԻՆԷԿ-ի կազմում առայժմ պարտություն չի կրել: Հերթական տուրում Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց «Լադայի» ներկայացուցիչ Արեշչենկոյի հետ: Անցկացրած 8 պարտիաներից 7-ում Մովսիսյանը հաշտություն է կնքել մրցակիցների հետ, իսկ մեկն ավարտել է հաղթանակով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ