Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից խորին ցավակցություն ենք հայտնում «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթի A-320 աղետյալ օդանավի զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների հարազատներին եւ մերձավորներին: Օդանավում Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ էին: Տեղի ունեցավ մեր ժողովուրդների մեծ ողբերգություն: Մենք սգում ենք այդ անդառնալի կորստի կապակցությամբ:
Ճիշտ գնահատելով ողբերգության մասշտաբները, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մայիսի 5-ը հայտարարեցին երկու պետությունների ազգային սգի օր: Այդ քայլը խորհրդանշում է մեր ժողովուրդների համերաշխությունը եւ խոր ցնցումների ու կորուստների պահերին միմյանց նեցուկ կանգնելու եւ միմյանցով մխիթարվելու պատրաստակամությունը:
ՌՀՄ Սոչիի բաժանմունքը շտաբ է ստեղծել ողբերգության վայր ժամանող զոհերի հարազատներին ու մերձավորներին անհրաժեշտ ամբողջ օգնությունը կազմակերպելու համար: Մեր կազմակերպությունները պատրաստ են իրենց ավանդը ներդնել ավիավթարի զոհերի ընտանիքներին օգնելու նպատակով ստեղծվող հիմնադրամում:
ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյան, 3 մայիսի, 2006 թ.