Երեկ երեկոյան ժամը 19-ի դրությամբ ծովի խորքից արդեն 53 դիակ էր հանվել, որոնցից 22-ը ճանաչվել է: Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին այդ անձանցից 20-ի անունները, ծննդյան թվականները եւ հայրանունները, ինչ որ հնարավոր է եղել պարզել:
Նույնականացվել է Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացիների դիակ, որոնցից մեկը երեխա է:
1. Կարապետյան Ալբերտ -ծնվ. 1995 թ.
2. Կարապետյան Վարսենիկ- ծնվ.1949 թ.
3. Հակոբյան Զառա- ծնվ.1956 թ.
4. Սեւանյան Զեմֆիրա- ծնվ. 1944 թ.
5.Գեւորյան Ռուբեն
6. Կարապետյան Վահան
7. Մարտիրոսյան Մանուկ
8. Թումասյան Արթուր
Վերջին 4 անձանց ծննդյան թվականներն առայժմ հայտնի չեն:
Ճանաչված դիակներից մնացած 12-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ`
1. Համայակյան Ստյոպա Վաղարշակի- ծնվ.1936 թ.
2. Խաչատրյան Անահիտ Կարոյի- ծնվ.1954 թ.
3. Հարությունյան Գյուլնարա Մխիթարի- ծնվ.1952 թ.
4. Նալբանդյան Սիլվա Սերգեյի- ծնվ.1956 թ.
5. Կոստանյան Աշոտ Միշայի- ծնվ.1964 թ.
6. Ավետյան Մելինե Մայիսի- ծնվ.1983 թ.
7. Անտոնյան Հայրապետ Աշոտի- ծնվ.1960 թ.
8. Բադալյան Լուսինե Արտյոմի- ծնվ. 1999թ.
9. Զարգարյան Ժորա Գեղամի- ծնվ.1952 թ.
10. Խալաթյան Հասմիկ Հրաչիկի- ծնվ.1967 թ.
11.Հասրաթյան Մարինե - ծնվ.1978 թ.
12. Գեւորգյան Լուսինե Սմբատի- ծնվ.1979 թ.
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել անճանաչելիության հասած մյուս դիակների նույնականացման համար արյունաբանական բարդ հետազոտություններ կատարելու հարազատներից:
Հայաստանից Սոչի մեկնած փրկարարների խումբը ղեկավարում է փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը, մեկնել են նաեւ ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանը եւ 8 փրկարարներ, որոնք կարող են աշխատել ծովում եւ ցամաքում: Քանի որ հայկական ջոկատի հնարավորությունները համեստ են, նրանք համագործակցում են ռուսական նույնօրինակ խմբերի հետ: Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքների մեջ ներգրավված են 600 մարդ, 18 նավակ եւ 11 մոտորանավակ:
Մեր փրկարարները աղետի մասին առաջին լուրն ստացել են վաղ առավոտյան, սակայն դեպքի վայրում եղել են կեսօրից հետո միայն:
Նաեւ աղետներին արձագանքելու մշակույթ ու համակարգ է մեզ պետք
Աղետին արձագանքելու անգրագիտությունն արտահայտվեց ոչ միայն աններելի դանդաղկոտությամբ: Երեկ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները հրապարակել էին զոհվածների անուն-ազգանունները: Մեր թերթը ձեռնպահ մնաց դրանից` ոչ միայն հապճեպ գործողություններով սխալվելուց ապահովագրվելու մտավախությամբ: Աշխարհի առաջավոր ավիաընկերություններում նման իրավիճակներում հանրության հետ աշխատանքի մի ողջ համակարգ է մշակված, որի տառն ու ոգին ամրագրվում է կանոնադրությունների մեջ եւ խստորեն իրականացվում: Ընդ որում, կանխատեսվում ու հանձնարարականներ են մշակվում քայլ առ քայլ, բոլոր հավանական իրողությունների համար: Նախ եւ առաջ մինչեւ դատաբժշկական համապատասխան փաստաթղթերի առկայությունը եւ հարազատների համաձայնությունը, բացառվում է վթարվածների անուն-ազգանունների հրապարակումը: Իսկ նույնականացված դիակների վերաբերյալ այդպիսի փաստաթղթեր ձեւակերպվեցին միայն երեկ` Սոչիում: Ի վերջո, կյանքը ցույց է տալիս, որ հենց նման իրավիճակներում են ամենաանհավանական իրադարձություններ արձանագրվում:
Ավելին, երբ ուղեւորը տոմս է գնում, նրանից անպայման հեռախոսահամար են վերցնում, անշուշտ, նաեւ նման անկանխատեսելի իրադարձությունների համար: Անխախտ հոգեբանական սկզբունքներ են մշակվել զոհվածների հարազատների հետ հաղորդակցման համար: Զգուշավոր հարցուփորձ է արվում` պարզաբանելու նրանց ազգակցության մերձավորությունը: Եվ ինչքան մոտիկ հարազատ է լինում, այնքան հատուկ վերաբերմունքի է արժանանում:
Խստորեն կանոնակարգվում է տեղեկատվության տարածումը` հանձնարարելով «փիար» իրականացնող մեկ կառույցի կամ նույնիսկ մեկ անձի: Հենց սրանք անվտանգության ծառայության հետ սերտ համագործակցությամբ, դառնում են լրատվության հիմնական պատասխանատուները: Իսկ մեզ մոտ ով ասես իրավունք վերապահեց իրեն տեղեկություն տալ, երբեմն առանձնանալով նաեւ կամայական մեկնաբանություններով: Եվ զարմանալի է, որ ամենապասսիվն այս առումով «Արմավիայի» ներկայացուցիչներն էին:
Վերջապես աղետի ենթարկված ինքնաթիռի ընկերությունը կամ այլ ավիաընկերություն եթե լրացուցիչ հնարավորություն նախատեսած լիներ նման դեպքերի համար, մեր փրկարարները ժամանակին Սոչի կհասնեին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ