Բոլոր մեծ աղետները, տարերային թե տեխնածին, սովորաբար մի վայրկյանում հողին են հավասարեցնում մեր ապահովության թղթե տնակը: Ավիավթարի ժամանակ մերձավորներին կորցրած հարազատներից շատերն այս պահին կորցրել են ապրելու նվիրական իմաստը, նրանք իրականությունն ընկալում են ողբերգական գույներով եւ նրանց հոգեբանական ճիշտ աջակցությունը ամեն ընտանիքի համար նախատեսվող 20 հազար դոլարից պակաս նպաստ չի կարող չտալ: Եթե նրանց հանդեպ ճիշտ մոտեցումներ չցուցաբերվեն, ժամանակի ընթացքում լուրջ պրոբլեմներ կառաջանան, ընդհուպ հոգեկան խանգարումներ, տարբեր տիպի վախեր: Կան ընտանիքներ, որոնք 2-3 մարդ են կորցրել:
Հոգեբանների եւ հոգեբույժների ընկերությունը թեժ գիծ է ստեղծել, հեռախոսահամարը` 52-44-99, որով հոգեկան վնասվածքներ ստացած հարազատներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն: Նրանք, ովքեր չեն ցանկանում հեռախոսով կապվել ծառայության հետ, կարող են հոգեբաններին դիմել ինտերնետային հասցեով` acpp@netsys.am:
Երեկ կեսօրին արդեն թեժ գիծը 15-20 զանգ էր ստացել, թեեւ ծանր պահերին հոգեբանի դիմելու մշակույթը մեզանում լիարժեք չի ձեւավորվել: Ըստ «Հոգեբույժների եւ հոգեբանների ընկերության» հոգեբանական ծրագրերի ղեկավար Խաչատուր Գասպարյանի, արձանագրվել են հարազատների վարքագծի ծայրահեղ ու բացառիկ արտահայտություններ: Նրանցից մեկը ինքնասպանության փորձ է արել, եւ խուճապահար մերձավորները օգնության խնդրանքով զանգել էին հոգեբաններին: Հոգեբանները խոստացել են անձամբ այցելել նրանց: Եղել են դժբախտության հակազդեցության այլ արտահայտություններ եւս: «Բայց սուր ստրեսային ռեակցիաները փոքր տոկոս են կազմում: Հիմնականում մարդկանց մինչեւ 60 տոկոսը այդ տրավմաներին սկսում է հակազդել 4-6 ամսվա ընթացքում»: Դա նշանակում է, որ հոգեբանների ծանրաբեռնված աշխատանքը դեռ առջեւում է: Հետաքրքրական է, որ որպես կանոն, այդ ժամանակ մարդիկ սկսում են յուրատեսակ ինքնախարազանում` իրենք իրենց մեղադրելով կատարվածի մեջ կամ այլ մեղավորներ փնտրելով:
Շատերին հետաքրքրում է ծնողներին կորցրած երեխաների հետ վարվելու կերպը: Ինչպե՞ս տեղեկացնել նրանց ընտանեկան օրհասի մասին, ինչպե՞ս նախապատրաստել: Երեխայի տարիքից կախված հոգեբանները տարբեր մոտեցումներ են առաջարկում, որոնք հնարավորինս կնվազեցնեն տրավմայի դոզան: «Հայերի մեջ նման դեպքերում ընդունված է թաքցնել իրողությունը, բայց դա լավագույն ելքը չէ, քանի որ, ի վերջո, երեխան իմանում է ճշմարտությունը, եւ դա կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ», խորհուրդ է տալիս հոգեբանը:
Խաչատուր Գասպարյանը մի ուշագրավ դիտողություն արեց լրատվամիջոցների վարքագծի վերաբերյալ: Զուտ էթիկական նորմերի պահպանման առումով այս օրերին նրանք ծայրահեղ նրբանկատ պիտի լինեն հարազատների հանդեպ: Հեռուստալրագրողը պիտի իմանա ի՞նչը պահել կադրում եւ ի՞նչը` ոչ: Լացակումած դեմք ցուցադրելը լրացուցիչ բացասական լիցքեր է հաղորդում նաեւ հեռուստադիտողին, բացի այն, որ սրում է առանց այդ էլ ողբերգական իրավիճակը: Հոգեբանը նրանց վարքագիծը բացատրեց այսպես` լրագրողներն իրենք էլ տրավմաներ են ստանում տուժածների հարազատներից եւ ենթագիտակցաբար փորձում են դրանք փոխանցել նաեւ հեռուստադիտողին, լսողին կամ ընթերցողին: Նպաստում է նաեւ գույները խտացված ներկայացնելու սովորական մասնագիտական հատկանիշը: Իսկ եթե ավելի խորանանք, նման վարքագծի արմատները սադոմազոխիստական հակվածության մեջ են` տառապել եւ տառապեցնել նաեւ դիմացինին: Եվ նման հակվածությունը հատկանշական է ոչ միայն լրագրողների, այլեւ մարդկանց բավական մեծ զանգվածի համար:
«Հարազատներ կորցրածների հանդեպ կողքի մարդկանց ճշմարիտ վարվելակերպը այդ մարդկանց իրենց կորստի մասին խոսելու հնարավորինս շատ առիթներ տալն է», ասում է հոգեբանը: Ինչքան նրանք շատ արտահայտվեն աղետի մասին, սկսած լուրը ստանալու պահից մինչեւ ներկա ժամանակը, ինչքան շատ պատմեն իրենց ապրումներից, այնքան օգտակար կլինի, որովհետեւ դրանով թեթեւանում են»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ