«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2006-05-03 | #81, 2006-05-04 | #82, 2006-05-05


«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՌԱՍԻԶՄԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ»

«Միջազգային ներում» իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկուցագրում նշվում է, որ Ռուսաստանում ռասայական հողի վրա կատարվող սպանությունները «դուրս են եկել վերահսկողությունից»: Կազմակերպության գլխավոր քարտուղար Իրեն Հանի խոսքերով, ռասիզմը «թուլացնում է աշխարհում Ռուսաստանի դիրքերը»:

Փաստաթղթի տվյալներով, 2005 թ. Ռուսաստանում ռասայական հողի վրա առնվազն 28 մարդ է սպանվել, 366-ն էլ հարձակումների զոհեր են դարձել: Զեկուցագրում մասնավորապես մտահոգություն է արտահայտվում, որ Պետերբուրգի երդվյալների դատարանն անմեղ է ճանաչել 2004 թ. փետրվարին իր շենքի բակում 9-ամյա տաջիկուհի Խուրշեդա Սուլտոնովային դաժանաբար սպանած դեռահասներին:

«Միջազգային ներումը» ՌԴ իշխանություններին մեղադրում է ազգային խտրականության մեջ, ինչպես նաեւ ծայրահեղական սափրագլուխների կատարած սպանություններն ու հարձակումները դատարաններում սովորական խուլիգանություն որակելու մեջ:

Կազմակերպության բրիտանական բաժանմունքի տնօրեն Քեյթ Ալենը BBC-ի թղթակցին ասել է, որ Ռուսաստանում ռասայական եւ ազգային հողի վրա կատարվող սպանությունների ու հարձակումների թիվը հետզհետե աճում է:

Փորձագետ Ջոշ Ռուբինշտեյնը իր հերթին նշում է, որ ՌԴ իշխանություններն «աչք են փակում» աֆրիկացի եւ ասիացի ուսանողների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների ու հալածանքների վրա: «Հարձակումների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը կույր անտարբերությունից փոխարկվում է մահացու վտանգավոր թողտվության», ընդգծում է նա:

Հալածվում են նաեւ հակառասիստները: Օրինակ, «Միացյալ Եվրոպա» հակառասիստական կազմակերպության ղեկավար Դմիտրի Կրայուխինը «Միջազգային ներման» ներկայացուցիչներին պատմել է, որ քանիցս սպառնացել են «կտրել» իր գլուխը: «Միացյալ Եվրոպան» գործում է Օրյոլ քաղաքում, որի իշխանությունները շարունակ հրաժարվում են պաշտպանել Կրայուխինին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4