Վերջին տարիներին դպրոցաշինության ծրագրի շրջանակներում, բարեգործական հատկացումների շնորհիվ, ԼՂՀ-ում ոչ քիչ թվով դպրոցներ են կառուցվել կամ հիմնանորոգվել:
Մարտունու շրջանի Շեխերի 132 տեղանոց դպրոցական նոր շենքը կառուցվել է 2002 թվականին ֆրանսահայ բարերար, Արցախի օգնության ֆրանսիական ասոցիացիայի նախագահ Կարպիս Նիկողոսյանի միջոցներով: Օրերս հերթական անգամ Շեխեր էր այցելել Կարպիս Նիկողոսյանը, որին գյուղացիները պարզապես Ֆրանսիայում ապրող շեխերցի են անվանում: Բարերարի ամեն մի այցը միշտ էլ նվիրատվությամբ է արժենշվում, եւ այս այցելությունն էլ բացառություն չէր: Այն պայմանավորված էր դպրոցական մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությամբ:
Ֆրանսահայ բարերարը Շեխեր էր եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարարի եւ «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ի ղեկավարների հետ: Կառուցվելիք մարզադահլիճը, ըստ նախագծի, ունենալու է 24x12 մետր չափսեր, իսկ շինարարական ծախսերի ծավալը կազմելու է շուրջ 140 հազար ԱՄՆ դոլար: Մարզադահլիճը պետք է կառուցվի ֆրանսահայ համայնքի հանգանակած գումարներով, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն ամռան սկզբին:
Դահլիճը սոսկ չի ծառայելու ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելու համար: Այստեղ ստեղծվելու են նաեւ հնարավորություններ գյուղի ինքնագործ խմբերի գործունեության համար: Դեռեւս խորհրդային տարիներին Շեխերի գեղարվեստաթատերական խմբերը բարի համբավ էին վայելում ոչ միայն Մարտունու շրջանում, այլեւ ԼՂ նախկին ինքնավար մարզի ողջ տարածքում: Նիկողոսյանների ընտանիքի բարեգործությունները չեն սահմանափակվում միայն դպրոցաշենքի կառուցմամբ ու կահավորմամբ: Ամեն տարի Արցախի պետհամալսարանում սովորող շեխերցի երեք կարիքավոր ուսանողների նպաստ է տրվում ուսման վարձը վճարելու համար:
Շեխերցիներն ասում են. «Շեխերը բարգավաճ ապագա ունի, որովհետեւ նաեւ Կարպիս Նիկողոսյանի նման բարեկամ ունի»:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ