ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը մայիսի 4-ի նիստին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Հանձնարարվել է համապատասխան նախարարությունների հետ որոշ ձեւակերպումների հետ կապված հստակեցումներ կատարել եւ ներառել վերոհիշյալ օրինագծերում:
Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով կառավարությունը որոշել է սահմանել մեկ մրցանակ` օրհներգի տեքստի եւ երաժշտության համար 700-հազարական դրամի (մոտ 1560 ԱՄՆ դոլար) չափով:
Կառավարության 2006 թ. պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` մրցույթի անցկացման, տեղեկատվության ապահովման, ընտրված տեքստի եւ երաժշտության հեղինակի վարձատրության համար:
Որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով: ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով, վարչապետի որոշմամբ, կստեղծվի մրցութային հանձնաժողով: