«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2006-05-03 | #81, 2006-05-04 | #82, 2006-05-05


ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ` ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՏ

Հակոբ Սողոմոնյանի «Հիշատակի պատը» գիրքը

Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կենտրոնական ճեմուղու ձախ կողմում, մինչեւ հավերժական կրակին հասնելը, քարակոփ, սրբատաշ ու անավարտ մի պատ է խոյանում, ձգվում շուրջ հարյուր մետր. Հիշատակի Պատն է` վրան անուններ փորագրված. Մուշ, Կարին, Մալաթիա... անուններն այն վայրերի, ուր կոտորած է եղել:

Հուշապատի հակառակ երեսին` Հավերժության կրակից սկսած, մարդահասակ բարձրության վրա` միմյանց անմիջական հարեւանությամբ աճյունաքարեր են, հուշաքարեր, որոնց վրա նույնպես անուններ են փորագրված, անուններն այն անձանց, ովքեր ձայն են բարձրացրել ի պաշտպանություն հայ ժողովրդի, ի ցավ հայոց եւ համաշխարհային մեծ ողբերգության: Տասնյակ տարիներ անց երախտապարտ հայությունը մի-մի բուռ հող է բերել նրանց շիրիմներից ու ամփոփել Հուշապատի պահարաններում:

Տասնմեկն են հուշաքարերը, տասնմեկ անուն է փորագրված Հիշատակի պատին. Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Ջեյմս Բրայս, Հեդվիգ Բյուլ, Բենեդիկտոս 15-րդ, Հենրի Մորգենթաու, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Ֆայեզ ալ Ղուսեյն, Ջակոմո Գորրինի, Ֆրիտյոֆ Նանսեն: Այս անունների մեծ մասը հայի համար մեծ նշանակություն ու իմաստ ունի: Որոշ անուններ եթե չասենք անծանոթ են լայն հասարակությանը, ապա գոնե քիչ տեղեկություններ կարող են լինել նրանց մասին:

Եվ որպեսզի մեր երախտագիտությունը հասկանալի ու փաստագրված լինի, Հակոբ Սողոմոնյանը (Հակոբյանը) լույս է ընծայել «Հիշատակի պատը» անչափ կարեւոր գիրքը: Հույժ կարեւոր ենք համարում, որովհետեւ շատ ու շատ բան եթե լսելով գիտեին, ապա թող փաստացի իմանան:

Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ Հայ դատի ամենակարեւոր վկան Յոհաննես Լեփսիուսն է եղել, որի կշռադատված, փաստարկող վկայությունները շատ բանով օգնեցին Թեհլիրյանի ազատ արձակմանը: Իսկ մինչ այդ, եղեռնի դաժան օրերին եւ դրանից էլ առաջ մեծ մարդասերը մեծ օգնություն է ցուցաբերել: Նրա ջանքերի շնորհիվ, օրինակ, 1890-1914 թվականներին արեւմտահայությանը տրամադրվել է շուրջ 2,5 միլիոն ոսկե ֆրանկի նյութական օգնություն: Հայկական բնակավայրերում հիմնվել է երկու գորգագործական ֆաբրիկա, գործել է վեց որբանոց, ուր տարեկան խնամվել է մոտ վեց հարյուր որբ: Եվ պատահական չէ, որ հայ մեծ բարերար եւ ազգային գործիչ Պողոս Նուպար փաշան հատուկ շնորհակալություն հայտնեց մեծ հայասերին (նամակը տրված է 1921 թ. հունիսի 6-ին, Թեհլիրյանի դատավարությունից անմիջապես հետո). «Սիրելի տոքթ. Լեփսիուս, թերթերու մեջ կարդացի Թեհլիրյանի դատավարության ընթացքին Ձեր վկայության մանրամասն զեկուցումը: Անաչառության, արդարամտության ազնիվ զգացումով հիշատակեցիք ու դատապարտեցիք Էնվեր ու Թալեաթ փաշաներու հրամանով գործադրված վայրագությունները, բացատրելու համար արարքը անոր, որ Բեռլինի դատարան հանված էր...Իմ, Ազգային Պատվիրակության եւ Համայն Հայության կողմե բոլոր սրտով Ձեզի կհայտնեմ մեր խոր երախտագիտությունը շահագրգռության այս նոր փաստին համար, որ կբերեք մեր դատին ի նպաստ»:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը համաշխարհային մեծություններից առաջիններից մեկն է եղել, որ անմիջապես արձագանքել է Հայոց եղեռնի եւ հայերի փրկությանը սատարելու նպատակով 1915 թվականի սեպտեմբերի 10-ին նամակ է ուղղել թուրք սուլթան Մուհամմեդ Ռեշատին: Նամակը գրված է քրիստոնյա մարդուն, քրիստոնեից եկեղեցու ղեկավարին հատուկ անսահման հավատի ոճով եւ հույսով, թե այս արյունարբու սուլթանն էլ կարող է որոշակի մարդկային հատկանիշներ ունենալ: Մի փոքր հատված կարդանք միամիտ քրիստոնյայի նամակից.

«...Մենք հավատացողն ենք, տեր արքա, թե նման ծայրահեղությունները Ձեր վսեմաշուք կառավարության կամքին հակառակ կգործվին: Ուստի վստահությամբ կդիմենք Ձերդ վսեմությանը եւ ջերմորեն կհորդորենք, որպեսզի հաճեք Ձեր վեհանձն մեծասրտությամբ գթալ եւ միջամտել ի նպաստ մի ժողովրդի, որ իր դավանած կրոնի զորությամբ իսկ Ձեր վսեմաշուք անձի հանդեպ հավատարմության կպարտի...»: Կարդում ես պապի այս միամիտ նամակը (միամիտ, որովհետեւ մարդը հավատում է արյունարբու սուլթանի մարդասիրությանը) ու զարմանում ես մարդասիրության կոչեր լսելիս:

Անմեղադիր լինենք այս միամտության համար: Ամեն մեկն իր ժամանակին, իր երկրում, իր հնարավորությունների սահմաններում փորձել է սատար կանգնել հայ ժողովրդին: Երախտապարտ ենք այդ ջանքերի համար: Այս խորհուրդն ունի Հակոբ Սողոմոնյանի «Հիշատակի պատը» գիրքը, որը նաեւ անչափ կարեւոր տեղակատվություններ է պարունակում: Հույս ունենանք, որ հեղինակի նոր գիրքը կտեսնենք առավել ծավալուն ու առավել փաստառատ:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4