«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2006-05-03 | #81, 2006-05-04 | #82, 2006-05-05


100 ԳՐԱՄ ԱՎԵԼԻ ՔԱՇԸ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԶՐԿԵՑ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻՑ

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկած Արսեն Թամրազյանը դարձավ մրցանակակիր` առաջին մեդալը պարգեւելով Հայաստանի մարզական պատվիրակությանը: Մինչեւ 56 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Արսենը նվաճեց բրոնզե մեդալ` երկամարտում ցույց տալով 249 կգ (110+139) արդյունք: Բացարձակապես նույնպիսի ցուցանիշների էր հասել նաեւ մոլդովացի ծանրորդ Իգոր Գրաբուչյան: Նա անձնական քաշով ընդամենը 100 գրամով էր թեթեւ Թամրազյանից, ինչն էլ վճռեց արծաթե մեդալի բախտը: Քաշային այս կարգում մրցակցությունից դուրս էր բելառուսցի Վիտալի Դերբենյովը, որը երկամարտի 268 կգ (123+145) արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իսկ ահա արծաթե եւ բրոնզե մեդալների համար համառ պայքար ծավալվեց Թամրազյանի եւ մոլդովացի ծանրորդի միջեւ: Պոկում վարժությունը Թամրազյանը սկսեց 106 կգ-ից` հաջողությամբ ավարտելով մոտեցումը, իսկ ահա Գրաբուչյան միայն երկրորդ փորձից իրեն ենթարկեց 110 կգ-անոց ծանրաձողը: Այնուհետեւ մոլդովացի ծանրորդը պատվիրեց 112 կգ, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Իր հերթին Արսենը միայն երրորդ մոտեցմամբ հաղթահարեց 110 կգ-անոց ծանրաձողը: Այսպիսով, առաջին վարժությունից հետո երկու ծանրորդներն էլ բարձրացրել էին 110 կգ:

Հրում վարժությունը երկու ծանրորդներն էլ հաջող կատարեցին` արդյունավետ օգտագործելով բոլոր երեք մոտեցումներն էլ: Արսենը հաջորդաբար հաղթահարեց 134, 137 եւ 139 կգ ծանրությունները, մոլդովացին` 135, 134, 139 կգ-ը եւ շնորհիվ անձնական ավելի թեթեւ քաշի Գրաբուչյան դարձավ արծաթե մրցանակակիր:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը մինչեւ 58 կգ քաշային մարզուհիների մրցավեճին մասնակցած Մելինե Դալուզյանն էր: 18-ամյա մարզուհին առաջին անգամ էր մասնակցում նման խոշոր մրցաշարի, ուստի գրաված 4-րդ տեղը Լավ արդյունք է: Մելինեն երկամարտում ցույց տվեց 206 կգ (94+112) արդյունք: Յուրաքանչյուր վարժությունում նա երեք փորձերից միայն մեկում հաջողության հասավ, այլապես կարող էր ավելի բարձր արդյունքի հասնել: Ինչ խոսք, նման կարգի միցումների փորձի պակասը զգացնել տվեց:

Իսկ Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Մարինա Շայնովան, որն անցյալ տարի էլ ուժեղագույնն էր ճանաչվել քաշային այս կարգում: Նա երկամարտում ցույց տվեց 237 կգ (102+135) արդյունք: Շայնովան շատ վստահ հանդես եկավ` բոլոր 6 փորձերն էլ պսակելով հաջողությամբ: Շայնովան եվրոպական 3 ռեկորդ սահմանեց: Նա երկրորդ տարին անընդմեջ գերազանցեց օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, լեհ մարզուհի Ալեքսանդրա Կլեյնովսկային: Վերջինս 218 կգ (94+124) արդյունքով դարձավ 3-րդ մրցանակակիր: Իսկ ահա արծաթե մեդալին արժանացավ ալբանացի Ֆետի Կասաին` 227 կգ (97+130):

Մինչեւ 63 կգ քաշային ծանրորդուհիների մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցեց Ռուսաստանի ներկայացուցչին: 23-ամյա Սվետլանա Շիմկովան, որն անցյալ տարի էլ նվաչել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, կրկին ուժեղագույնը ճանաչվեց` հրում վարժությունում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ (141 կգ): Իսկ երկամարտի նրա արդյունքը 250 կգ է (109+141): Արծաթե մրցանակակիր դարձավ բելառուսցի Գաննա Բատյուշկոն` 234 կգ (110+124): Ուկրաինուհի Վանդա Նասովսկայան 221 կգ (97+124) արդյունքով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մինչեւ 62 կգ քաշային ծանրորդների պայքարում ուժեղագույնը ռուսաստանցի Դմիտրի Վորոնինն էր` 289 կգ (129+160): Նրանից երեք կգ-ով հետ մնաց ռումինացի Ադրիան Ժիգաուն` 286 կգ (128+158): Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուսցի Մախեվենիային` 285 կգ (129+156):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4