Անդրանիկ Մարգարյանը շնորհակալ է հարեւան երկրների աջակցությունից
Մայիսի 3-ին Երեւան-Ադլեր թռիչքի զոհերի ընտանիքներին տրամադրված 1.5 մլն դրամի օժանդակությունը օպերատիվ խնդիրներ լուծելուՙ դիերը տեղափոխելու, թաղման ծախսերը հոգալու համար է, սակայն կառավարությունը, ապահովագրական ընկերության փոխհատուցումից հետո կրկին կանդրադառնա այս հարցին: Այս մասին երեկ լրագրողներին հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: «Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գումարներ հատկացնել զոհվածների ընտանիքներինՙ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է ավելի մեծ ծախսերի անհրաժեշտություն», նշեց վարչապետը:
Վարկածների մասին Անդրանիկ Մարգարյանը գերադասեց չխոսելՙ ասելով, որ դա կարող է զոհվածների հարազատների, մտերիմների մեջ հոգեբանական շոկ առաջացնել: Նա խորհուրդ տվեց սպասել մասնագետների եզրակացությանը, մանավանդ արդեն հայտնի է սեւ արկղի գտնվելու վայրը, աշխատանքներին մասնակցում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը, մեր փրկարարները: Դատախազությունը մասնակցում է ինչպես Սոչիում տեղի ունեցող հետաքննությանը, այնպես էլ առանձին խմբով Վրաստանում է:
«Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, ռուսական կողմին, որ շատ օպերատիվ արձագանքեցին մեր ցանկություններին, ասաց վարչապետը: Բոլորս էլ ցանկություն ունենք բուն պատճառները պարզելու, նաեւ ֆրանսիական կողմը, որը շահագրգիռ է ցույց տալու իրենց ինքնաթիռի բարեմասնությունները, տեխնիկական անվտանգությունը: Այստեղ օբյեկտիվ գնահատական են տալու, ոչ թե մեկ երկրի սուբյեկտիվ գնահատականը»:
Թ. Մ.