«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԳՈ ՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ առավոտյան ժամը 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն էին այցելում բազմաթիվ մարդիկ, մեր երկրում օտարերկրյա դեսպանությունների եւ հյուպատոսությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, դպրոցների ու բուհերի աշակերտներ եւ ուսանողներ` դեսպանատանը բացված ցավակցությունների մատյանում ցավակցություն ու զորակցություն հայտնելու ավիավթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռի զոհերի հարազատներին: Դեսպանատան սգո մատյանում գրառումներ կարելի էր թողնել մինչեւ ժամը 16-ը: Ինչպես հետաքրքրվեց «Ազգը», ժամը 15.30-ի դրությամբ դեսպանատուն էին այցելել մոտ երկու հարյուր այցելուներ` Հայաստանում Եգիպտոսի, Հունաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի դեսպաններն ու դեսպանատների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալը, մեր երկրում ռուսական բուհերի եւ դպրոցների աշակերտները: Սարսափելի ողբերգության համար ցավում էին բոլորը` անկախ զոհվածների հետ որեւէ առնչություն ունենալուց, եւ ընձեռված առիթը օգտագործում էին իրենց ապրումները հայտնելու համար, ոմանք էլ դեսպանատան առջեւ ծաղիկներ էին դնում:

Նույն օրը` ժամը 12-15-ը այցելուների առջեւ բաց էր նաեւ արտգործնախարարության սգո մատյանը, ուր ցանկացողները կարող են իրենց ցավակցությունը թողնել նաեւ այսօր:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4