Հայ ժողովրդի ներուժը չի համապատասխանում «Հայաստան» հիմնադրամին տրված գումարներին
«Ե՛վ գոհ եմ, ե՛ւ դժգոհ: Սպասելիքները միշտ ավելի մեծ են: Գտնում եմ, որ սփյուռքը շատ հզոր կառույց է եւ կարող է շատ մեծ աջակցություն ցուցաբերել Ղարաբաղին». ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին երեկ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստի ընդմիջմանը: «Մենք աշխատանքների որակի հետ կապված խնդիր ունենք եւ գտնում ենք, որ հիմնադրամի կողմից ավելի խիստ վերահսկողություն պետք է լինի: Ընդհանուր առմամբ ծրագրերը, աշխատանքները շարունակվում են, եւ բնական է, մենք հույս ունենք, որ ամեն տարի այդ աշխատանքների որակը պետք է ավելի բարձրանա: Ազգային տուրքի գիտակցության ամրապնդման համար ի՞նչ է հարկավոր` գաղափարը վաղուց է քննարկվում, դրա համար լուրջ, կազմակերպչական աշխատանք է հարկավոր, ինչը հնարավոր է: Պետք են հեղինակավոր մարդիկ, որոնք այդ գաղափարը կհասցնեն սփյուռքին», ավելացրեց ԼՂՀ նախագահը:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկսվեց մայիսի 3-ի վթարի զոհերի հիշատակը հարգելու լռության րոպեով, հետո Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթեց զոհերի հոգիների հանգստության համար:
Փոփոխություններ կատարվեցին հոգաբարձուների խորհրդի կազմում: Այսուհետեւ Մարի Մինասյանի փոխարեն աշխատանքներին կմասնակցի Հասմիկ Տերտերյանը, Երվանդ Ազատյանի փոխարենՙ Մայք Խարապյանը եւ Միհրան Աղբաբյանի փոխարենՙ Մարկ Կիրակոսը: Հարցին, թե արդյոք չի՞ քննարկվում հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանին պաշտոնից հանելու հարցը, տիկին Մելքումյանը պատասխանեց. «Եթե նման առաջարկություն լիներ, ես այստեղ կանգնած չէի լինի, որովհետեւ մենք աշխատում ենք, կարծում եմ, որ դրանք հերյուրանքներ են պարզապես»: Նույն հարցի վերաբերյալ Արկադի Ղուկասյանն ասաց. «Դա հոգաբարձուների խորհրդի խնդիրն է, ես չեմ կարող միանձնյա որոշում կայացնել: Ես գտնում եմ, որ պետք է պրոբլեմը լուծենք, պրոբլեմը լուծելու մի քանի ճանապարհ կա: Ամեն դեպքում դա քննարկելու հարց է»: Նա հերքեց այն լուրերը, թե իրենց օրակարգում այսօր ԼՂՀ վարչապետին փոխելու հարց է դրված:
Նաիրա Մելքումյանը տեղեկացրեց, որ 2003 թվականի համեմատ 2005 թ.-ին երկուսուկես անգամ ավելացել են հիմնադրամի մուտքերըՙ հասնելով 12 մլն 700 հազար դոլարի: Նրա խոսքերովՙ սա վկայում է Հայաստանում եւ սփյուռքում հիմնադրամի հանդեպ գոյություն ունեցող վստահության մասին: Նա ավելացրեց, որ Հայաստանը եւ Արցախը նախորդ տարվա համեմատ 20-25 տոկոսով ավելացրել են իրենց նվիրատվությունները: «2005 թ.-ի ծախսերը շուրջ 11 մլն դոլար են: Այս ամենը խոսում է այն մասին, որ հիմնադրամը դարձել է կայուն զարգացող մի մարմին», ասաց Ն. Մելքումյանը:
«Արցախի վերածնունդի» շրջանակներում ծրագրեր իրականացնելու համար ԼՂՀ կառավարության հետ ընտրվել են գերակայությունները, մրցույթներ են հայտարարվել: Ամենից մեծ ծրագիրը 30 կմ-անոց ջրատարի կառուցումն է, ինչի համար շուրջ 2 մլն դոլար է նախատեսված: Սրան կավելանան գազաֆիկացման, դպրոցաշինության, փոքր ջրատարերի կառուցման ծրագրեր: Տիկին Մելքումյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվելու են եռամյա այս ծրագրի շարունակության հարցեր: «Հաջորդ տարին Հադրութի տարի է հայտարարված, շրջանները չեն կարող առանձին-առանձին զարգանալ: Մարտակերտի եւ Հադրութի համար կշարունակենք դրամահավաքը», տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նաիրա Մելքումյանը նշեց, որ Շուշիի զարգացումը պետք է նաեւ գործարարների աջակցությամբ տեղի ունենա: Շուրջ 2 տարի քննարկվում է քաղաքի զարգացման հեռանկարային ծրագիրը: «Շուշին այն դեպքը չէ, որ մենք պետք է այնտեղ առանձին ինչ-որ ծրագրեր անենք, պետք է կազմվի հեռանկարային ծրագիր, ուրբանիստական ծրագիր, որովհետեւ Շուշին քաղաք է եւ չունի գյուղատնտեսական պոտենցիալ: Այնտեղ պետք է շատ յուրօրինակ լուծումներ գտնենք: Այստեղ ոչ թե պետք է առանձին բնակարաններ կառուցել կամ մշակութային օջախներ ստեղծել, այլ այնպես անել, որ Շուշին ինքնուրույն զարգանա», նշեց նա: Իսկ գյուղատնտեսական աշխատանքները միայն ականազերծված տարածքներում են իրականացվելու, «կան տարածքներ, որ այսօր չի կարելի ականազերծել, քանի որ պատերազմն ավարտված չէ»:
Նաիրա Մելքումյանը գտնում է, որ քննարկման ենթակա է հիմնադրամը նոր մակարդակի բարձրացնելու հարցը: «Չեմ կարող ասել, որ 12 մլն 700 հազար դոլարը մեր ժողովրդի պոտենցիալն է: Կարծում եմՙ տարեկան մուտքերը հարկավոր է 20-25 մլն դոլարի հասցնել: Եթե այնպիսի ծրագրեր ներկայացնենք, որը խոսի մարդու հոգու եւ ուղեղի հետ, դրամահավաքը կհեշտանա»:
«Խնդրի լուծմանը շատ մոտ չենք»
Արկադի Ղուկասյանը տեղեկացրեց, որ չնայած Բեռնար Ֆասիեն «խնդրում էր, որ օրվա առաջին կեսին գամ հանդիպման (Հայաստան - Թ. Մ.), չկարողացա, քանի որ ուշ էին ինձ ասել, իսկ երկրորդ կեսին արդեն հնարավոր չէր, որովհետեւ ինքն էր մեկնում: Մեր հանդիպումը չստացվեց, չնայած իր ներկայացուցիչների հետ իմ ներկայացուցիչները որոշ հարցեր քննարկել են»: Ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված աշխատանքների մասին Արկադի Ղուկասյանն ասաց. «Դեռ այն կարծիքին չեմ, որ մենք շատ մոտ ենք խնդրի վերջնական լուծմանը: Ոչ մի բան չի կարելի բացառել, Աստված տա, որ մենք արագ գտնենք այն փոխզիջումը, որն անհրաժեշտ է բոլոր կողմերին: Ոչ ոք չի կարող ասելՙ դա կլինի հուլիսին, օգոստոսին, թե փետրվարին: Բարդ պրոցես է, մասնակիցները շատ են, շահերը միշտ չէ, որ համընկնում են: Ամեն կողմ ունի իր դիրքորոշումը, եւ դա բնական է»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ