«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՎՏԱՆԳԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիսի 8-ին երկրապահները կնշեն իրենց օրը

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը երեկ հայտարարեց, որ իրենց խնդիրը` Արցախի ժողովրդի անվտանգության հարցը, լուծված է եւ պարզապես պետք է ամրագրվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն որեւէ պարագայում, փոխնախագահի համոզմամբ, Արցախի հարցի լուծումը չպետք է վտանգի ժողովրդի անվտանգությունը: ԵԿՄ մյուս փոխնախագահ Արա Կետիկյանը հնարավոր չի համարում թեկուզ մի կտոր հողի զիջումը. «Չեմ կարծում, որ այսօր հայ ժողովուրդը մտածում է հողեր տալու մասին: Ես չեմ ցանկանում հավատալ, որ մենք թեկուզ մի կտոր հող կտանք, իսկ եթե նման բան լինի, մենք նորից կհավաքվենք եւ կքննարկենք»: Նախագահի հրամանով մարտական դրոշ ստացած ԵԿՄ-ն, որ, Մյասնիկ Մալխասյանի խոսքերով, համարվում է բանակի առաջին մարտական ռեզերվը, ընդլայնում է իր շարքերը` նաեւ երիտասարդների եւ պատանիների մասով:

ԵԿՄ վարչությունը որոշել է այնուամենայնիվ այս տարի եւս նշել Երկրապահների օրը` մայիսի 8-ը, որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է: ԱԺ որոշմամբ, Երկրապահների տոնը 2002 թ.-ից նշվում է պաշտոնապես: Վարչությունում վստահ են, որ մեր ժողովրդին ապրեցրել են իր հաղթանակները եւ թեկուզ այս օրերին դժվար է, բայց պետք է հիշվեն դրանք: Արա Կետիկյանը տեղեկացրեց, որ մայիսի 8-ին իրենք կայցելեն Եռաբլուր պանթեոն` խոնարհվելու իրենց ընկերների եւ առաջնորդ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Նույն օրը մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ 20 երկրապահներ, ինչպես նաեւ մի շարք մտավորականներ Հայաստանի, Ղարաբաղի կառավարություններից եւ ԵԿՄ վարչությունից, կպարգեւատրվեն Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4