«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ

«Մենք հիմա շատ ավելի ժողովրդավար ենք, քան 5 տարի առաջ, ասաց Վարդան Օսկանյանը Եվրոխորհրդին Հայաստանի անդամակցության 5-րդ տարվան նվիրված համաժողովի ժամանակ, բայց ավելի դժվար է բարեփոխումների երկրորդ փուլը, որ քաղաքական վերնախավի ցավոտ կողմերին է հպվելու եւ քաղաքական կամքի դրսեւորումներ է պահանջում: Մենք հասկանում ենք, որ ժողովրդավարությունը մի գիշերում չի ստեղծվում: Մենք ընտրել ենք աստիճանական, էվոլյուցիոն ժողովրդավարության ուղին»:

Անդրադառնալով ԼՂՀ խնդրին, արտգործնախարարն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ լուծումը նույնպես եվրոպական պարտավորություններից է: Եվրոպան պնդում է, որ իր տանիքի տակ թշնամանք չի լինելու: Ադրբեջանը, սակայն, հաճախացրել է ռազմատենչ հայտարարությունները: Հայաստանին Եվրոխորհրդի անգնահատելի աջակցությունը կլինի Ադրբեջանի տարհամոզումը, որ «ուժի գործադրումը պետք է բացառվի»:

ԼՂՀ հակամարտությունը խանգարում է նաեւ տարածաշրջանային համագործակցությանը, որը նույնպես եվրոպական պարտավորությունների շարքում է:

Համաժողովից հետո ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց նաեւ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին: Առայժմ հանդիպման ժամանակն ու տեղը հայտնի չեն: Իսկ Ստրասբուրգում 2 շաբաթ հետո սպասվում է արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ, նախատեսվում է նաեւ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4