«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԲԱՔՎՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Դրա աշխատանքների վրա իր կնիքը թողեց Ահմադինեժադ-Էրդողան հանդիպումը

Երեկ Բաքվում գումարվեց Տնտեսական համագործակցություն կազմակերպության 9-րդ գագաթաժողովը: Հիշեցման կարգով նշենք, որ կազմակերպությանն անդամակցում են Պակիստանը, Աֆղանստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ միջինասիական թուրքալեզու 4 հանրապետությունների հետ նաեւ Տաջիկստանը:

Գագաթաժողովին նախորդել էր կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների մայիսի 4-ի հանդիպումը: Ի դեպ, նույն օրը, ժամանելով Բաքու, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ: Թեեւ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, էներգետիկայի բնագավառում համագործակցության եւ Կասպից ծովի կարգավիճակին առնչվող հարցեր, այնուամենայնիվ օրակարգի առանցքը պետք է կազմեր Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցը:

Մայիսի 5-ին Տնտեսական համագործակցություն կազմակերպության 9-րդ գագաթաժողովը տանտիրոջ իրավունքով բացել է Իլհամ Ալիեւը: Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, նա ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը եւ որպես օրինակ նշել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:

Ալիեւը ելույթում անդրադարձել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կառուցմանն ու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծին: Ինչ խոսք, գագաթաժողովում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Նա մասնավորապես ընդգծելով տարածաշրջանում որպես բարգավաճման միջոց համագործակցության եւ բարեփոխումների անհրաժեշտությունը, կարեւոր նշանակություն է տվել միջմշակութային ասպարեզում թյուրըմբռնումներն ու բեւեռացումը հաղթահարելու համար վճռական դիրքորոշման որդեգրմանը:

Նույն օրն ավարտվել են գագաթաժողովի աշխատանքները: Ըստ երեւույթին գագաթաժողովն ընդհանուր հայտարարություն չի ընդունել, որ թուրքական հեռուստատեսությունն այդ մասին լռում է: Եթե հաշվի առնենք կազմակերպության անդամ երկրների կարգավիճակի եւ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերություններն ու միջազգային ուժերի անհաշտ մրցապայքարն այն աշխարհագրությունում, որտեղ տեղ են զբաղեցնում վերոհիշյալ երկրները, միանգամայն տրամաբանական կդառնա ընդհանուր հայտարարության բացակայությունը:

Թերեւս այդ առումով պատահական չէին միջմշակութային թյուրըմբռնումների եւ բեւեռացման մասին վարչապետ Էրդողանի խոսքերը: Անդամ երկրների կողմնորոշումների վերոհիշյալ տարբերությունն ու միջազգային ուժերի անհաշտ պայքարը, ինչպես նաեւ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը շրջանառության մեջ դնող ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքը տարածաշրջանային կառույցների նկատմամբ կասկածի տակ է դնում Տնտեսական համագործակցություն կազմակերպության կենսունակությունը:

Հարցը սակայն սոսկ կենսունակությունը չէ, այլեւ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վարչապետի հանդիպումն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ըստ երեւույթին այս հանդիպումն էլ, որին կանխելու մղմամբ նախապես հակազդել էին ԱՄՆ-ն ու Իրանը, հետին պլան է մղել գագաթաժողովը: Այն առումով, որ թուրք-ամերիկյան տարաձայնությունների հաղթահարման պայմաններում վերականգնվում է Թուրքիայի ռազմավարական դաշինքն ԱՄՆ-ի հետ, իսկ Իրանը շարունակ ենթարկվում է ամերիկյան հարաճուն ճնշումներին: Ավելին, Վաշինգտոնը Թուրքիայից եւ Ադրբեջանից անվերապահ աջակցություն է պահանջում Իրանի հարցում:

Այլ կերպ, թուրք-իրանական հարաբերությունների ընթացքի վրա մեծ է Վաշինգտոնի ազդեցությունը: Ահա թե ինչու միջազգային ուժերի կենտրոնում գտնվող Ահմադինեժադ-Էրդողան դռնփակ հանդիպումից հետո դրա բովանդակության մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվել: Պարզապես ենթադրվում է, որ մեկ ժամ տեւողության հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրին, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ վերջինի հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու PKK-ի գործունեությանը:

Ինչպես հայտնի է, քրդական այս կազմակերպության դեմ երկրի ներսում եւ Հյուսիսային Իրաքում բացի Թուրքիայից ռազմական գործողություններ է ձեռնարկել նաեւ Իրանը: Հատկանշական է, որ այդ գործողություններին Թուրքիայի պարագայում հանդուրժողականություն ցուցաբերող Վաշինգտոնն Իրանի առնչությամբ վրդովմունք էր հայտնել: Մնում է սպասել, որ այդ վրդովմունքն արտահայտվի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4