«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԱՌԱՋ ԳՆԱԼՈՎ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՏ ԵՆՔ ՄՆՈՒՄ

Եվրոխորհրդի սկզբունքային չափանիշն ազատ, չկեղծված ընտրություններն են

Եվրոպային Հայաստանի անդամակցության 5 տարվան նվիրված համաժողովի եւ հենց Եվրոպայի օրը համընկավ ճակատագրական չվերթի պատճառով հայտարարված սգո օրվան: «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառման մասնակիցները (քաղաքական գործիչներ, ՀՀ արտգործնախարար ու ՀՀ օմբուդսմեն, Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովա, Աժ նախագահ ու պատգամավորներ) 1 րոպե լռությամբ հարգեցին ավիաաղետի զոհերի հիշատակը: Այս 5 տարիներին Հայաստանի ձեռք բերածն ու թերացածը ծանրութեթեւ անելով` Եխ քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորենը անդամակցության ամենակարեւոր նվաճումները մահապատժի վերացումն ու հանրաքվեի միջոցով սահմանադրական բարեփոխումները համարեց: Հայաստանի հետ Եվրոխորհրդի հետագա աշխատանքը վերաբերելու է հիմնականում 67 իրավական ակտերի եւ օրենքների փորձաքննություններին:

Իսկ որքանով են անկեղծ եղել հայկական քաղաքական իրականության մասին առ այսօր հնչած եվրոպական գնահատականները: Հայաստանցիների մեծամասնության կարծիքովՙ եվրոպացիները բավական լոյալ վերաբերվեցին ընտրությունների ու հանրաքվեի կոպիտ խախտումներին: Բայց Լորենը համոզված է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, ուր միաժամանակ ե՛ւ թերություններ, ե՛ւ զարգացումներ են արձանագրվում: Շատ քննադատություններ զուտ սուբյեկտիվ ընկալումների արդյունք են, բայց իրենց համար կարեւորը «զարգացման վեկտորի ուղղվածությունն է, իսկ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»: Այնուամենայնիվ, Եվրոխորհրդի համար սկզբունքային չափանիշը ազատ, չկեղծված ընտրություններն են, եւ Ժան-Լուի Լորենի հավաստմամբ, իրենք առաջիկայում Հայաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատելու են հատկապես այդ կտրվածքով:

Երեւի Հայաստանի վերաբերյալ ոչ մի զեկույց ու հետազոտություն չի եղել, ուր չի հիշատակվել Ա1 պլյուսի խնդիրը: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն շրջանցում են դրա լուծումը: Ժան-Լուի Լորենը տեղեկացրեց, որ 1 ամիս հետո Երեւան է գալու Ագոյի խումբը, որի օրակարգում դարձյալ կլինի Ա1 պլյուսի խնդիրը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի համոզմամբՙ եվրոինտեգրման հաջողությունից կախված է նաեւ մեր ազգային պետական նպատակների իրականացման հաջողությունը: Եվ հենց այդ չափանիշից պիտի ելնել անդամակցության արդյունավետությունը գնահատելիս: Եվրոխորհրդի լիարժեք անդամ դառնալուն, ըստ Արմեն Ռուստամյանի, խանգարում են մեր զարգացման ցածր տեմպերը: «Մենք դանդաղ ենք շարժվում, իսկ Եվրոպան էլ տեղում չի մնում»: Այդ հարաբերական հեռավորությունը այդպես էլ չի կրճատվում: Միայն Եվրոխորհրդի հետ օրեցօր խորացող համագործակցությունը կարող է այդ տեմպերի արագացման շարժառիթ դառնալ:

Շատ հեռու եւ շատ մոտիկ Եվրոպան

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ռեկտոր, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամ Սուրեն Զոլյանը եւս համոզված է, որ այսօր Եվրոպայի զարգացման տեմպերը շատ ավելի արագ են մեզնից, եւ «առաջ գնալով, միեւնույնն է, մենք շատ ավելի հետ ենք մնում»: Այնուամենայնիվ, հայ հասարակությունը, օգտագործելով Եվրոխորհրդի լծակները, այս ընթացքում ժողովրդավարության այնպիսի նշանակալից հաղթանակ արձանագրեց, ինչպիսին սահմանադրական դատարանի որոշումն է Բուզանդի փողոցի բնակիչների սեփականության իրավունքների վերաբերյալ:

Այս ընթացքում Եվրոդատարանը Հայաստանից եկած մի քանի հայցադիմումներ պիտի քննարկի, որ «որոշ չափով կլրջացնի դատական համակարգը եւս»: Եվրոպական աչքը, ուզես թե չուզես, ազդեցություն է թողնելու նաեւ գալիք ընտրությունների վրա:

Իսկ ընդհանրապես, փորձագետը բոլոր խնդիրների լուծումը համարում է կառավարման համակարգի արդիականացումը: «Մենք փաստորեն ժառանգել ենք հին համակարգը, փորձել ենք ձեւափոխել եւ ստացել ենք նախկին սոցիալիստական-պլանային եւ այսօրվա շուկայական հարաբերությունների հրեշավոր խառնուրդ, ընդ որում` երկուսի թերություններով, եւ ոչ թե առավելություններով»:

Ինչքա՞ն ժամանակ է մեզ պետք եվրոպական ներկա մակարդակին հասնելու համար: Սուրեն Զոլյանը կարծում է, որ որոշ ասպարեզներում եվրոպացիները նույնիսկ իրենք մեզնից ընդօրինակելու բան ունեն: Եվրոխորհրդի նախարարների կարծիքը խիստ դրական է, օրինակ, փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ հայկական քաղաքականության վերաբերյալ: Ավելին, նույնիսկ առաջարկվում է Հայաստանի փորձն օգտագործել Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրներում:

Իսկ Եվրոպայի համար Հայաստանը պարզապես հետաքրքրական ու նույնիսկ կարեւոր է իբրեւ քրիստոնեական, արեւելյան քաղաքակրթության ներկայացուցիչ, որի կրողներից կարծես թե միայն ինքն է պահպանվել: Քաղաքակրթությունների տեսության հանրահայտ հեղինակ Առնոլդ Թոյնբին հայկական մշակույթը դիտարկում է բոլոր մյուս մշակույթներից ու քաղաքակրթություններից առանձին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4