«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ... «ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ»

Այս պարզ թվացող, սակայն ութ ասվա ընթացքում այդպես էլ ոչ մի լուծում չստացած խնդրի մասին արդեն շատ է ասվել ու գրվել: Այնուամենայնիվ հիշեցնենք ընթերցողին, որ խոսքը Կանադայում ուսանողական վիզայով գտնվող եւ Թենիսի ակադեմիայում սովորող մեր հայրենակցիՙ 16¬ամյա Արամ Կարապետյանի մասին է: Նրա ժամանակավոր անձնագրի ժամկետը լրացել է դեռեւս նոյեմբերին, սակայն Կանադայում ՀՀ հյուպատոսությունը հրաժարվում է պատանուն նոր անձնագիր տալՙ այն պատճառաբանությամբ, որ հանրապետության կառավարության կողմից համապատասխան ենթաօրենսդրական ակտեր չտրամադրելու պարագայում անկարող է կատարել օրենքով իր վրա դրված պարտավորությունը: Այսպիսով, հյուպատոսությունը չի կարող Արամին կցագրել, ՀՀ ոստիկանության վիզաների բաժինը, մատնացույց անելով անձնագրավորման կարգը, ասում է, որ առանց կցագրման անձնագիր տալու մասին խոսք լինել չի կարող, ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ասում է, որ Կանադայում Հայաստանի հյուպատոսի պաշտոնակատար Լիլիթ Դավթյանը «Արամի անձնագրավորման գործի հարցում ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել եւ գործել է սահմանված կարգի շրջանակներում», Կանադայում ՀՀ դեսպան (արդեն նախկին) առաջարկում է սպասել այնքան, որքան կպահանջվի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, զարմանք արտահայտելով այդ խնդրի առկայության առիթով եւ վկայակոչելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, վստահաբար պնում է, որ հարցի լուծումը պետք է փնտրել ԱԳՆ¬ում, իսկ եթե դիվանագիտական մարմինները հրաժարվում են օրենքով իրենց վրա դրված պարտականությունը կատարել, ապա դրա համար գոյություն ունի դատարանը, մարդու իրավունքի պաշտպան (արդեն նախկին) Լարիսա Ալավերդյանը այս ամենի մեջ ոչ մի օրինախախտություն եւ մարդու իրավունքների խախտում չի տեսում, ՀՀ նախագահի աշխատակազմին եւ վերահսկման ծառայությանն ուղարկված բողոք¬դիմումները հասցեագրվում են ԱԳՆ¬ի հյուպատոսական վարչություն, ՀՀ ոստիկանությունՙ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ¬մայոր Արարատ Մահտեսյանին, ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար պետնախարար Մանուկ Թոփուզյանին: Այս փաստաթղթային շրջապտույտը շարունակվում է արդեն մի քանի անգամ: Եվ այդ հզոր ու ամենակարող հաստատությունների իրավաբանները, յուրաքանչյուր անգամ մեկ ամսից ավելի «խորհելուց» հետո պատասխանում են, որ օրենքն անկատար է, որ օրենքի մեջ բաց կա եւ պետք է սպասել պատրաստվող փոփոխություններին եւ լրացումներին, որոնց շնորհիվ այս խնդիրը վերջապես կհանգուցալուծվի:

Չգիտենք, ինչպես անվանել, որակավորել այդ բոլոր իշխանավորների կարծր դիրքորոշումըՙ որպես տարրական չկամությո՞ւն, թե՞ անճարակություն: Ուզում ենք պարզապես հռետորական մի հարց տալ նրանց բոլորին. օրե՞նքն է մարդու համար, թե՞ մարդըՙ օրենքի:

Այս ձգձգվող բյուրոկրատական քաշքշուկի պատճառով Արամը մեկը մյուսի հետեւից կարեւոր միջազգային մրցումներ է բաց թողնում, իսկ թենիսում մրցումները թերեւս ամենակարեւոր բաղադրամասն են: Սակայն ինչպես ասում ենՙ աստված մրցումների հետ, առանց անձնագրի Արամին չի տրվի հանրակրթական դպրոցի ավարտական դիպլոմը, այնպես որ նա հարկադրված է լինելու կրկնել 12¬րդ դասարանի ծրագիրը: Ջաղացը կորցնելով, ջախջախի մասին ի՜նչ լաց լինենք:

Ուզում ենք հարցնել մարդու իրավունքի պաշտպանին (եւ նախկինին, եւ նորընտիրին). եթե պետական կառույցներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, պատսպարվելով օրենքի անկատարությամբ ու հակասականությամբ, պարտադրում են անչափահաս երեխային ուսումնական տարին անավարտ թողնելով վերադառնալ Երեւանՙ կցագրամ եւ անձնագրավորման համար, թեեւ այդպիսի պարտադրող օրենք չկա, ապա մի՞թե անզեն աչքով չի երեւում, որ երեխայի եւ նրա ծնողների իրավունքները բացահայտորեն ոտնահարվում են:

Եվ մի այլ հարց. որքանով են օրինական եւ բարոյական մեր իշխանավորների պատասխաններըՙ թե համբերեք, մինչեւ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեն, երբ անձնագիրը հիմնական եւ միակ անձի իսկությունը հաստատող փաստաթուղթն է եւ երբ մարտի 7¬ին լրացել է Կանադայի էմիգրացիոն ծառայության կողմից ներկայացրած վերջնական ժամկետը այդ հարցը կարգավորելու համար: Դա նշանակում է, որ Արամը, որը գտնվում է Կանադայում ուսանողական վիզայով եւ ոչ մի օրենք չի խախտել, կարող է ցանկացած պահի արտաքսվել Կանադայից:

Եվ վերջին հարցը մեր իշխանավորներին. քանի՞ լումա արժեն մեր բարձր ամբիոններից արտասանվող սրտաճմլիկ ճառերը թրաֆիկինգի վտանգի մասին, եթե մենք արհեստականորեն խոչընդոտում մեր հայրենակից դեռահասի անձնագրավորումը, դնելով նրան օրենքից դուրս, դարձնելով նրան անպաշտպան եւ խոցելի ամենազանազան քրեածին իրավիճաների առջեւ:

Այս առիթով ուզում եմ մեջբերել Արամի Թենիսի ակադեմիայի տնօրենի տարակուսանքը. «Մի՞թե Հայաստանի իշխանավորները (authorities) չեն հասկանոմ, որ ջարդ ու փշուր են անում օժտված երեխայի ապագան, որ խաղ են անում նրա ճակատագրի հետ»: Եվ երբ մենք հարցրեցինք նրան, կարո՞ղ է արդյոք նման բան կատարվել որեւէ կանադացի պատանու հետ, հետեւեց այսպիսի պատասխան` ոչ, մարդու իրավունքների նման ոտնահարում Կանադայում կատարվել չի կարող, դա անգամ անհնար է պատկերացնել: Սակայն եթե այնուամենայնիվ երեւակայության ուժով պատկերացնենք նման մի վիրտուալ իրավիճակ, ապա խնդրի լուծմանը կմիջամտի երկրի առաջին դեմքը, կառավարության նախագահը: Եվ խնդիրը կլուծվի մեկ օրում:

Քանի որ մենք «այլ խմորից ենք» եւ մեր մարդու իրավունքները այլ հարթության մեջ են դիտարկվում, դիմենք դատարան եւ սպասենք նրա որոշմանը:

ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4