«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳ ԿԱՏԱՐԱԾՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆԵՐՎԵՑԻՆ

«Արմենտելի» առաջարկով եւ հանձնաժողովի որոշմամբ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման ժամանակ մոլորությամբ միջազգային զանգ կատարած եւ դրա դիմաց «Արմենտելից» խոշոր գումարների հաշիվներ ստացած քաղաքացիների բողոքների հարցը: Առաջ անցնելով նշենք, որ ընդունված որոշումը բավարարեց բոլոր կողմերին եւ հատկապես տուժած բաժանորդներին:

Այս խնդրով հանձնաժողովը սկսեց զբաղվել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների դիմումներից եւ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի բաց նամակից հետո: Անցած մի քանի ամիսներին հանձնաժողովի ձեւավորած աշխատանքային խումբը «Արմենտելի», տուժած բաժանորդների եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բազմիցս քննարկել է խնդիրը: «Արմենտելը», ի պատասխան հանձնաժողովի գրության, դրսեւորեց բարի կամք եւ որոշեց ներել մոլորությամբ միջազգային զանգ կատարած բաժանորդներին մատուցված միջազգային հեռախոսային ծառայությունների համար հաշվարկված գումարներըՙ համարելով դրանք որպես կանխավճար միջազգային զանգերի համար: Ընկերության գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը նիստի ընթացքում որոշեց ավելին անել եւ համաձայնեց այդ գումարները հաշվարկել որպես կանխավճար լարային հեռախոսային բոլոր, այդ թվում տեղական զանգերի համար: Նա նաեւ համաձայնեց այդ որոշումը տարածել ինչպես 2004 թ.-ի նոյեմբերից մինչեւ 2006 թ.-ի ապրիլի 1-ը, այնպես էլ այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 5-ը նման զանգեր կատարածների վրա:

Հիմք ընդունելով վերոնշյալը, հանձնաժողովը որոշեց 7-օրյա ժամկետում հանձնարարել ընկերությանը ծանուցել 2004 թ.-ի նոյեմբերից մինչեւ մայիսի 5-ը մոլորությամբ միջազգային զանգ կատարած եւ խոշոր գումարներ կուտակած այն բաժանորդներին, ովքեր գրավոր դիմել են հանձնաժողովին, այդ պարտքերը ներելու մասին, իսկ 14-օրյա ժամկետումՙ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողովին:

Նիստի ընթացքում մատնանշվեց այն հանգամանքը, որ հանձնաժողովի այս որոշումը չի կարելի դիտարկել որպես նախադեպ առաջիկայում նման զանգեր կատարողների համար, ինչպես նաեւ չի տարածվի այն անձանց վրա, որոնք վերեւում հիշատակված ժամանակահատվածում կատարել են նման զանգեր եւ ստացած գումարային հաշիվների վերաբերյալ չեն դիմել որեւէ ատյանի: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այդ կապակցությամբ նշեց, որ եթե մինչեւ հիմա, հարցի նման լայն հասարակական հնչեղություն ստանալուց հետո չեն դիմել ո՛չ ընկերությանը, ո՛չ հանձնաժողովին, հետեւաբար նրանք մտահոգված չեն այդ հարցով: Այսինքն, իմաստ չունի այդ մարդկանց ասել, թե դուք գումարներ ունեք, եկեք դրանք ստացեք:

Որոշման մեկ այլ կետով «Արմենտելին» հանձնարարվում էր պարբերաբարՙ ամիսը մեկ անգամ, զանգվածային լրատվամիջոցներով հեռախոսագծի օգտագործմամբ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներին իրազեկել անցանկալի կամ մոլորությամբ կատարվող միջազգային զանգերից խուսափելու միջոցառումների մասին:

Այսպիսով, ամիսներ շարունակ քննարկվող, դատական ատյաններ անցած եւ հասարակական հնչեղություն ստացած այդ խնդիրը բարեհաջող ավարտ ունեցավ շնորհիվ տուժած բաժանորդների, հասարակական կազմակերպությունների, պատգամավոր Արշակ Սադոյանի համառ պայքարի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետեւողականության եւ «Արմենտելի» կառուցողական մոտեցման:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4