Մայիսի լույս 6-ի գիշերը, դեռեւս անհայտ պատճառներով, հրդեհ է բռնկել Բրյուսելի օդանավակայանի տեխսպասարկման շենքում: Մի քանի չվերթ հետաձգվել է: «Սաբենա-թեքնիքս» ընկերության ներկայացուցիչը Բրյուսելի «Սուար» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը մեծ վնասներ է կրել: Աշխատակիցներից մեկը ոտքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Չորս հրշեջներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Շենքում կայանված 4 օդանավերը հրդեհից վնասվել են տարբեր չափերով: Զինվորական աղբյուրները հայտնում են, որ բելգիական բանակի «C-130» տիպի մի օդանավ ոչնչացել է:
Առավոտյան օդանավաշենքից դեռ ծուխ էր բարձրանում, թեեւ հրդեհն արդեն մարված էր: Հրշեջներն օգնություն են ստացել Բրյուսելից եւ բելգիական մի շարք այլ քաղաքներից: Շենքում կայանված «Ջեթէյրֆլայ» ընկերության օդանավը թեեւ չի վնասվել, բայց առավոտյան անհնար է եղել աշխատեցնել:
Եվրոպական մամուլը, անդրադառնալով Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածին, որեւէ տեղեկություն չի հրապարակել հրդեհից վնասված օդանավերի տեսակի եւ պատկանելության մասին: Սակայն հայկական աղբյուրներից պարզ դարձավ, որ այրված ինքնաթիռներից երկուսն այլեւս շահագործելի չեն, եղել են Ա-320 տիպի, պատկանում են հայկականՙ «Արմավիա» եւ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերություններին: Վերջինը մեր երկրում գրեթե չի գործումՙ Հայաստանից թռիչքներ չի իրականացնում: Հետաքրքրական է, որ «Արմավիայի» սեփականատեր Մխայիլ Բաղդասարովը «Հայկական միջազգային ավիաուղիների» սեփականատեր Վերսանդ Հակոբյանին օգնելու նպատակով մտադիր է եղել վարձակալել նրա ղեկավարած ընկերությանը պատկանող Ա-320 տիպի օդանավը: Այս մասին ապրիլի 1-ի ասուլիսում փաստել է ինքըՙ Բաղդասարովը, միաժամանակ տեղեկացնելով, որ Հակոբյանը վարձակալման այնպիսի գին է պահանջել, որ նպատակահարմար է եղել ավելի նոր ինքնաթիռ վարձելը:
Բելգիայում այրված օդանավերից մեկի «Արմավիային» պատկանելը հաստատեց ընկերության ներկայացուցիչն «Ազգի» հետ զրույցում եւ կտրականապես հերքեց երեկ եւս մի Ա-320 տիպի օդանավի Սիմֆերոպոլում վայրէջքը չիրականացնելու եւ Երեւան վերադառնալու լուրըՙ դա անվանելով «մարդկային երեւակայության արդյունք»:
Ներկայում ճշտվում են վնասի չափերը, փաստվում է, որ փոխհատուցումը կվճարվի: