«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՊԱՏՃԱՌՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԳՁԳՄԱՆ

«Ազգ» օրաթերթի մարտի 24-ի համարի «Ավստրիահայ համայնքի ներկան» հոդվածում անդրադարձ էր արված ավստրիահայ առաքելական համայնքի եկեղեցական վարչության առաջիկա ընտրություններին, որոնք բավականին աշխուժացրել են ներհամայնքային կյանքը: Դրան թերեւս ինչ-որ չափով նպաստել են նաեւ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթածները:

Ընտրությունները նշանակված էին ապրիլի 2-ին, սակայն չեն կայացել: Վերջերս Երեւանում էր մեր նախորդ հոդվածի զրուցակիցը` ապագա վարչության անդամության թեկնածու Միսաք Գասպարյանը, որի հետ զրուցեցինք ընտրությունների ընթացքի եւ դրանց առնչվող մի շարք խնդիրների մասին:

- Ընտրությունները նախապես նշանակվել էին մարտի 12-ին, սակայն ժողովից 1 շաբաթ առաջ շուրջ 100 անձ եկեղեցական տուրքեր էր մուծել, եւ քանի որ գաղութի սրահը բոլորին չէր կարող ընդունել, ժողովը հետաձգվեց մինչեւ ապրիլի 2-ը, սակայն պարզվեց, որ եկեղեցական անդամատուրք վճարողների թիվը ոչ թե 100 է, ինչպես հայտարարվել էր, այլ 22: Հետաձգումն առիթ եղավ, որ 60 հայաստանցիներ եւս մուծեն եկեղեցական տուրքեր: Ինքնուրույն որոշման անկարող եկեղեցական վարչությունը դիմեց գաղութի երեցներին, որոնք նպատակահարմար գտան այս անգամ ընդհանուր ժողովը հետաձգել մինչեւ ապրիլի 30-ը եւ այդ ընթացքում ստեղծել հանձնախումբՙ նոր անդամագրվածների փաստաթղթերը ստուգելու համար: Կատարվածից հետո ձայնի իրավունք ստացան 56 հայաստանցիներ, որի պատճառով տարաձայնություններ ծագեցին քննիչ անդամների եւ վարչության ատենապետ Արման Բարութչուի միջեւ: Վերջինս անվավեր ճանաչեց գաղութի 22 երեցների ժողովի որոշումը:

Այս ընթացքում զրույցներ են եղել փոխատենապետ Պողոս Կիրակոսյանի եւ թեկնածուներ նախ` Սամվել Նահապետյանի, ապա դոկտ. Ազընբաուերի միջեւ: Որպեսզի ապրիլի 30-ի ընդհանուր ժողովը կայանա, փոխատենապետը երկու առաջարկություն է արել. հրաժարվել հայաստանցի բոլոր մասնակիցներից եւ առաջադրված 8 թեկնածուներից կազմված խմբի իրենց անընդունելի 4-ի փոխարեն առաջարկել է իրենց նախընտրելի 4 անձանց: Առաջարկը չի ընդունվել ընտրությունների դեմոկրատական սկզբունքներին հակասելու պատճառով, քանի որ առաջադրվում են միայն 8-ը, որից պիտի ընտրվեն դարձյալ 8-ը, այսինքն` նախապես արդեն որոշվում են վարչության անդամները: Անընդունելի է համարվել նաեւ որեւէ մեկին զրկել իր թեկնածությունը առաջադրելու իրավունքից: Դրանից հետո են արդեն կիրառվել սահմանված ժամկետը խախտելու եւ ժողովը հետաձգելու մեթոդները, ինչի մասին հանդիպման ժամանակ ակնարկել էր փոխատենապետը:

- Լինելով Ավստրիայի ավելի քան 21 տարվա քաղաքացի` ինչպե՞ս եք մեկնաբանում այսպիսի մոտեցումները: Եթե այսօրինակ երեւույթներ կատարվում են Հայաստանում, մենք դա պայմանավորում ենք մեզանում հասարակության դեմոկրատական փորձի պակասով: Ահավասիկ, ամենաեվրոպական երկրներից մեկում կատարվածը բավականին հիշեցնում է մեր ընտրությունների բնույթը:

- Անշուշտ սա չի նշանակում եվրոպական դեմոկրատիայից շեղված հայ համայնք, բնավ: Պարզապես մի քանի անձինք փորձում են այլ մեթոդներ օգտագործել, ինչը հակված ենք պայմանավորել թերեւս սուբյեկտիվ մի քանի հանգամանքով: Ավստրիա Արման Բարութչուն ներգաղթել է Թուրքիայից, Պողոս Կիրակոսյանը` Պաղեստինից, բավականին առաջացած տարիքում, եւ չնայած Ավստրիայում իրենց երկարատեւ կեցությանը, չեն կարողանում իրենց մտածողական սիստեմի մեջ դեմոկրատական գաղափարներ ընդունել:

- Հետաքրքրական է, Հայաստանից արտագաղթածները, որ ապրել են մի երկրում, ուր տոտալիտար իշխանություն եւ գաղափարախոսություն էին տիրում, ինչպե՞ս են ընդունում այդ ամենը եւ ինչպե՞ս ինտեգրվում եվրոպական օրենքներին:

- Այս առիթով, երբ առնչվեցի հայաստանցիների հետ, նկատեցի, թե շատ հանդարտորեն կընդունեն այս վերաբերմունքը, գիտակցելով հանդերձ իրենց իրավունքները` որոշ դեպքերում մշտական կեցությունն Ավստրիայում, իսկ շատերն էլ ավստրիական հպատակություն ունեն:

- Այդ դեպքում ո՞րն է հայաստանցիների նկատմամբ անվստահության պատճառը: Սա մտահոգիչ խնդիր է, քանի որ այլ գաղութներից նույնպես տեղեկացել ենք մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ անհանդուրժողական վերաբերմունքի մասին:

- Անշուշտ մտահոգիչ է: Վերլուծելով իրավիճակը, անդրադարձանք, որ նման երեւույթներ եղել են 15-20 տարի առաջ եւս, երբ Պարսկաստանից եւ Լիբանանից փախստական հայեր ապաստանեցին գաղութում: Միշտ եղել է այս պայքարը հին ու նոր հայերի միջեւ: Իրենք էլ ժամանակին ունեցել են այս խնդիրները եւ մոռացել են, կկարծեն, թե իրենք են միայն գաղութը:

Սակայն մեծ մասը չունի այդ մտայնությունը, թերեւս մի փոքր մասը միայն, ցավալիորեն նման մոտեցում ունեցան նաեւ վարչության անդամները: Թերեւս կմտածեն, թե Հայաստանից արտագաղթողները կհուսահատվեն եւ չեն մասնակցի ընտրություններին: Սակայն, իմ տպավորությամբ, իրենք հանդարտորեն կսպասեն ընտրություններին:

- Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ընտրությունների նման ընթացքը, որո՞նք են հիմնական պատճառները:

- Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցում Մեսրոպ արք. Գրիգորյանի արտոնությամբ մեկ տարի առաջ մկրտություն ստացած հայերը փափագ են հայտնել մասնակցելու համայնքային կյանքին: Ըստ կանոնագրի, իրենց եկեղեցական տուրքը (1 տարվա) մուծելուց հետո, այդ անձերին ընտրությանը մասնակցելու իրավունքից զրկելը արդարամիտ չեմ համարում: Անհեթեթ է նորեկների ազգությանը կասկածել` նրանց Ադրբեջանից կամ այլ վայրերից փախստական լինելու պատճառաբանությամբ, այն պարագայում, երբ կասկած հայտնողները իրենք են տարբեր երկրներից եկել: Կարծում եմ, որ այս ամենը պատրվակ է:

Բացի այդ նպատակահարմար չեմ գտնում նաեւ նմանաբնույթ ներհամայնքային, եկեղեցական, ոչ իրավաբանական հարցերով ավստրիական կառավարությանը դիմել եւ պատասխան ակնկալելը, մանավանդ որ այդ պատճառով ձգձգվում են ընտրությունները, որոնց համայնքը իրապես անհամբեր է: Ըստ կանոնագրի, ընտրական վաղուց հաստատված իրավունք ունեցողների 1/3-ի ստորագրահավաքի միջոցով կարելի է հրավիրել արտակարգ ընդհանուր ժողով, ինչը մենք կփորձենք անել մինչեւ մայիսի առաջին շաբաթը: Որից, արդեն ըստ կանոնագրի, երկու շաբաթ անց պիտի հրավիրվի ժողով: Այդ պարագայում ներկա վարչությունը ստիպված է հրաժարական տալ եւ ժողովի կողմից պաշտոնանկ կարվի, որ, կկարծեմ, այնքան էլ պատվաբեր չէ:

Ձգձգման հիմնական պատճառները մեզ համար հանելուկ են, բայց կարծեմ այդ հարցը պիտի վարչությանը ուղղել, որովհետեւ մենք դրա պատասխանը չունենք:

Մեր հարցին հեռախոսով Վիեննայից վարչության ատենապետ պրն Արման Բարութչուն պատասխանեց, որ ժողովից մեկ շաբաթ առաջ 150 անձերի միանգամից մկրտությունը եւ եկեղեցական համայնքին անդամագրվելու ցանկությունը տարակուսանք են առաջացրել: Որովհետեւ նրանց միայն մի մասը` 25-30-ն են, որ մինչ այդ շփումներ են ունեցել եկեղեցու հետ եւ ծանոթ են համայնքին: Նորեկների մի մասը հայաստանահպատակ է, մյուսները ռուսահպատակ կամ Ադրբեջանից են: Եկեղեցական տուրքի վճարումը այնքան էլ էական չէ, չնայած ըստ կանոնագրի 3 տարվա տուրքի անհրաժեշտությանը, նրանք մուծում են փաստորեն 1 տարվա համար: Բացի այդ, չի բացառվում, որ ազգությամբ նաեւ ոչ հայեր էլ ցանկություն հայտնեն մկրտվելու եւ քվեարկությա՞նը մասնակցեն, տարակուսում է ատենապետը: Դրանից զատ, փոքրաքանակ համայնքի համար ընտրություններից առաջ 100 նոր անձերի անդամագրումը վտանգավոր է` քվեարկության վրա նկատելիորեն ներազդելու առումով: Այս կասկածներով եկեղեցական վարչությունը (բաղկացած է 3 անդամներից), որոշման իրավասու իրեն չհամարելով` դիմել է ավստրիական կառավարության համապատասխան մարմնին, վերջինիս առաջարկով դիմել Վեհափառ հայրապետին, որից էլ առաջիկա շաբաթվա մեջ սպասվում է պատասխան:

Մեր զրուցակիցների մոտեցումները միանգամայն հասկանալի են. մի կողմից, դեմոկրատական վերաբերմունք Ավստրիա ներգաղթած հայերի հանդեպ՜ համայնքում փոփոխություններ, տեղաշարժեր, նոր մտայնություններ ներմուծելու ակնկալիքով, մյուս կողմիցՙ որոշակի վերապահում, ներքին կառույցները չխարխլելու մտավախություն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4