ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ
Քննարկվող թեման մեր թատերարվեստի, կերպարվեստի, գրականության, երաժշտարվեստի ճգնաժամի մասին չէ: Այն ուղղված է պետություն կերտելուն կոչված արժեքների համալիր մշակույթին: Եկեք սթափ նայենք իրականությանը եւ բոլորս էլ կհաստատենք, որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել մեր ժողովուրդը այս վերջին 15-20 տարիներին, դրանից առաջ գոյություն չունեին: Այս նոր խնդիրների լուծումը, կարծես թե, այնքան էլ լավ չի ընթանում, ձգձգվում է եւ լուրջ դժգոհությունների առիթ տալիս: Ահա այս չստացվելն ենք համարում ճգնաժամ:
Ժողովուրդը ճգնաժամ է ապրում, այսինքն իր առջեւ դրած խնդիրները չի կարողանում լուծել: Բնականաբար հարց է առաջանում` իսկ ինչու լավ չի ստացվում, ինչու չի կարողանում: Ամենատարբեր մեկնաբանություններ եւ տեսակետներ են հնչել: Սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել: Եվ չի շարժվել, որովհետեւ պատճառը վերացնելու համար նախ պետք է այդ իրական պատճառը տեսնել: Պատճառը ճիշտ տեսնելուց եւ գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի այն վերացնելու արդյունավետ գործեր ձեռնարկել իրականում մենք գործ ունենք մի երեւույթի հետ, որի պատճառահետեւանքային կապի բովանդակությունը մշակութային է: Այն առնչվում է մեր ժողովրդի, մեր ազգի վարքագծի, կեցվածքի, սովորույթների, ավանդույթների, եռանդի կենտրոնացման, ռացիոնալության, մտածողության, ռեակցիաների եւ այլնի հետ: Երբ մանրակրկիտ վերլուծում եւ իրավիճակը, տեսնում ես, որ մեր ժողովրդի համար այսօրվա իրողությունը մշակութային ճգնաժամի արդյունք է: Այստեղ զարմանալի բացարձակ ոչինչ չկա, որովհետեւ երբ որեւէ ժողովրդի ապրելակերպում ինչ-որ լուրջ բանի փոփոխություն ես մտցնում, այդ ժողովուրդը չի կարողանում հարմարվել նոր պայմաններին: Օրինակ, հարթավայրային կենցաղով ապրող ժողովրդին լեռնային ապրելակերպ պարտադրելով, այսինքն` միայն աշխարհագրական գործոնը փոխելով, նրան գցում ենք ճգնաժամի մեջ: Ժողովուրդը չի կարողանում հարմարվել պարտադրված նոր իրավիճակին, որի արդյունքում բազմապիսի տխուր երեւույթների առաջ է կանգնում: Եթե դիտարկենք մեր ժողովուրդի կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, կտեսնենք, որ միանգամից շատ գործոններ են փոխվել, այն էլ` արմատապես:
Կարելի է շատ սահուն բերել բազմաթիվ փաստարկներ, բայց լուրջ խոսակցություն ծավալելու համար անհրաժեշտ է մտնել պատմական իրողությունների խորխորատները, շերտ առ շերտ բացել փակագծերը, որպեսզի նյութը մակերեսային, եւ ամեն ասված միտք հստակ պատճառաբանված լինի:
Առայժմ կսահմանափակվենք` վերլուծելով 5 լրջագույն խնդիրներ` առանց դրանց լուծման մենք դեռ երկար կշարունակենք խարխափել նոր իրականության մեջ: Փորձելու ենք բացահայտել մեր մշակույթային դաշտում առկա բացերը, որոնք վճռական են թվարկվող խնդիրների լուծման գործում:
Պետականատեր ժողովուրդ լինելու խնդիրը
Մեր պատմությունը վկայում է, որ հայ ժողովուրդը դարերով գոյատեւման խնդիր է լուծել: Միայն մեկ անգամ` 1981-ին, մեր ժողովուրդը կանգնեց պետության «ծանրության» առաջ, եւ տանուլ տվեց: Այսինք, երբ գոյատեւման խնդրից դուրս եկանք եւ բախվեցինք մեր ճակատագիրը տնօրինելուն` արդյունքները դառը եղան:
Հիմա երկրորդ անգամ է պետություն կառուցելու խնդիրը կանգնել մեր առջեւ: Փառք Աստծո, առայժմ արդյունքներն այլ են: Նշենք, որ պետականատեր Ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու ունակությունը, ընդունակությունը, սովորությունը, ավանդույթը, պետական խնդիրների հանդեպ վերաբերմունքը տարբերվում է ազգային փոքրամասնություն հանդիսացող ժողովրդի լուծելիք խնդիրներից: Վերջապես մեր սեփական պետությունն ունենք, հսկայական թվով հարցեր ու խնդիրներ ենք ցանկանում լուծել, բայց որքան բան պետք է ժողովուրդը փոխի իր մեջ:
Խիստ փորձության ժամանակաշրջան է, շատ լուրջ իրադարձությունների բովով ենք անցնում: Եվ ի՞նչ, կարողանո՞ւ ենք պետականատեր ժողովրդի մտածողություն ու գործելակերպ դրսեւորել: Կարելի է լուրջ քննարկման հարց դարձնել, թե պետականատեր ժողովրդին վայել վարքագիծը, պահվածքը, կեցվածքը մտածողությունը, վերաբերմունքը, ռեակցիաները ինչո՞վ են տարբերվում ոչ պետականատեր ժողովրդի մշակութահոգեբանական դրսեւորումներից, ինչպես այսօր մենք շարունակում ենք ունենալ: Արդյոք մեզ տեսնում ենք որպես պետության մեջ հարց լուծուղ անհատներ: Մեզնից դուրս ենք փնտրում մեր հարցերը լուծողին: Ահա եւ ճգնաժամը: Մենք անկախ Հայաստանի քաղաքացու, պետականության տեր հայ քաղաքացու կերտման խնդիր ունենք: Պարզից էլ պարզ է, որ անցումը դեպի պետականատիրոջ պատասխանատվությամբ քաղաքացիական հասարակության դժվար է ընթանում:
Նոր հասարակարգի կառուցման խնդիրը
Խորհրդային Միությունում ծանոթ էինք պետության կառավարման մի համակարգի: Այդ պետության մեջ մեր ժողովուրդը լինելով փոքրաթիվ, այնուամենայնիվ մասնակցում էր կառավարման գործընթացին, որից ուներ որոշակի տեղեկություն, ձեւավորվել էր սովորությու, ավանդույթ, գործնական որոշակի գրագիտություն: Սովորել էր իր կյանքը կազմակերպել պետական այդ մեքենայի աշխատանքային սկզբունքների դաշտում: Այժմ ի՞նչ է փոխվել մեր ժողովրդի կյանքում այդ իմաստով: Փոփոխությունն արմատական է, կառավարման համակարգն է փոխվել, մեր երկրում անցում է կատարվել բազմակուսակցական կառավարման համակարգի: Այսօր կուսակցություններն են փորձում լինել այն գործիքները, որով ժողովուրդը ներազդում է պետական կառավարման վրա եւ այն նպատակաուղղում հանրային կարիքներին:
Նախկին կառավարման համակարգի գործիքները այսօրվա կառավարման համակարգի գործիքներից սկզբունքորեն են տարբերվում, որոնք մեր ժողովրդի համար անծանոթ են: Ընդհակառակը, նախկին համակարգի սովորույթի իներցիայով` խուսափում է դրանցից: Չի էլ ուզում ձեռքը վերցնել կարծես ազգային փոքրամասնություն, իր համայնքային, իր ընտանիքի կյանքովը է սահմանափակում: Հիշեցի թատերական մի ներկայացման դրվագներից մեկը. «մենք ընտանիքի տղերք ենք, շենքի, մուտքի տղերք ենք, քուչի տղերք ենք, Տիգրան Մեծից հետո քուչից այն կողմ չենք անցել...»
Պետական կառավարման գործիքներով միջոցներով է հասարակությունն իր ազդեցությունն տարածում պետության վրա, որոնք մեզանում սակայն չեն օգտագործվում, անտեսվում են ժողովրդի կողմից: Ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչ հաշվեհարդար էին տեսնում կոմունիստական իշխանությունները այլ կուսակցությունների անդամների եւ ընդհանրապես, հասարակական ակտիվություն ցուցաբերող մարդկանց հանդեպ: Հենց դա էլ բնական, ինքնապաշտպանական ռեակցիա է առաջացրել այդ միջոցների հանդեպ, եւ ժողովրդի վարքագծի մեջ ցայտուն երեւում է դա. ամենաբարձր մտավորականից մինչեւ շարքային փախչում են այդ քաղաքական ուժից` կուսակցությունից, որը, սակայն, այսօր երկիրը կառավարող ու բոլոր տեսակի հարաբերությունները կարգավորող գործոն սկսում դառնալ: Բացահայտ երեւում է, որ ժողովուրդը մնացել է ավանդական պահվածքի ու կեցվածքի մեջ եւ պետության կառավարման գործիքներին տեր կանգնել չի ուզում:
Սակայն հիմա պարզվում է, ամենագործուն մասնակցությունն է պետք ունենալ երկրի գործերին, եւ եթե ժողովուրդը չկառուցի իր քաղաքական կայուն համակարգը, ապա պետության կառավարման համակարգը որակապես չի փոխվի, պարզապես չի կայանա: Այսինքն, եթե խորհրդային պետության կառավարման համակարգը հայ ժողովրդի վերաբերմունքից չէր փոխվում, ապա այսօր մեր երկրում այդ վերաբերմունքից շատ բան էապես փոխվում է: Կարեւոր է նաեւ, թե հասարակության որ շորտերն են այսօր քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու ակտիվություն դրսեւորում: Ակնհայտ է` հիմնականում ոչ իրենց հոգեկերտվածքով ժողովրդի գոնե միջին որակներին չհամապատասխանողները: Սակայն ամենակարեւորն այն է, որ այս երեւույթի պատճառը մեր ներկայի մեջ փնտրողները` թերի եզրահանգման են գալու: Ցավոք, հայության կարող հատվածի քաղաքական պասսիվությունը դարերի պատմություն ունի: Նրանք ամենաշատը բացառություն է կազմել առանձին անհատների ներկայությամբ կամ կարճաժամկետ, իմպուլսիվ ակտիվացում եւ փայլատակումներ է ունեցել:
Մասնավոր սեփականության ինստիտուտի կառուցումը
Երրորդը մասնավոր սեփականության ինստիտուտի մուտքն է մեր իրականություն: Սա եւս շատ լուրջ խնդիր է: Ժողովրդի գործոնը մի կողմ դնենք եւ խոսենք իշխանություններից: Նախկին համակարգից ժառանգվել է ընդհանուր խոր բացասական վերաբերմունք թե՛ մասնավոր սեփականության, թե՛ սեփականատիրոջ նկատմամբ: Սեփականության անձեռնմխելիության գաղափարը ձախողված ու ոտնահարված է: Հետաքրքրական է, որ չինովնիկական վերաբերմունքն էլ նույնն է, այսինքն` նույն ժողովրդի մասնիկն է: Զարմանալ կարելի է, թե ինչ կրքով է չինովնիկական դաշտը հարձակվում եւ վնասում երկրում նոր-նոր ծիլ տվող մասնավոր սեփականությունը:
Ինչպես նշում են ձեռնարկատերերը` նույն գիշատչային, նույն սպառողական վերաբերմունքն է նաեւ պետական չինովնիկական համակարգում, որովհետեւ մարդը նույնն է: Հանրային մտածողության մակարդակում սեփականության գաղափարը` օտար, թշնամի մարմին է դիտարկվում: Այսպիսի վերաբերմունք կա մեր հասարակության մեջ մասնավոր սեփականության գաղափարի նկատմամբ. իբրեւ մի օտար մարմնի, որ մուտք է գործել մեր հանրային կյանք: Այն դեռ իրեն արժանի ընդունելությանը, հարգանքին, սրտացավությանը չի արժանացել եւ ժողովրդի հզորության աղբյուր եւ ազգային հարստություն չի դիտվում: Մասնավոր սեփականության նկատմամբ մեր ժողովրդի ռեակցիան նույնպես ճգնաժամային է: Հողի մասնավորեցման հասարակության արձագանքը բանաձեւեց շատ տարածված ասույթով. «Հողը տվեցին գյուղացուն, թե գյուղացուն հողին»:
Սեփականատերերի խավի կայացումը
Այսօր Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ հողի, գույքի, արտադրական միջոցների սեփականատերեր են դարձել: Գրանցվել է շուրջ հարյուր հազար ձեռնարկություն: Երկրում արդեն սեփականատերեր կան եւ քիչ չեն, նրանց մի մասը ինչ-որ մակարդակի է արդեն հասել, փոքր հատված էլ արդեն բավական ունեւոր է: Սակայն ոչ մեկս չենք համարձակվի պնդել, թե սեփականատերերի խավը կայացել է, կամ այսքան ժամանակ հետո կայացած կլինի: Ի տարբերություն պատմականորեն մեզ հայտնի հայ մեծահարուստների` այսօրվա սեփականատերերը եւ նրանց խավը ձեւավորվելու է հայկական պետության եւ հայկական միջավայրում` գործաֆրելով հայկական միջոցները: Ահա այս դիրքերից է, որ սեփականատերերը իրենց հարաբերությունները պիտի կառուցեն հայ մարդկանց` մեր երկրի քաղաքացիների, մեր հանրային հոգսերի եւ խնդիրների հետ: խոստովանենք, որ հայ իրականության համար սա բացառիկ, աննախադեպ իրավիճակ է: Ընդհանրական շահերի գիտակցման, նրան հետամուտ լինելու քաղաքակիրթ մեթոդների տիրապետման, իր սոցիալական կարգավիճակին ներդաշնակ եւ գաղափարահոգեբանական ազգային առանձնահատկությունների վրա խարսխված քաղաքական հայացքների արմատավորման, դաստիարակության եւ կրթության ինստիտուտները վերոհիշյալ իրողություններին մոտեցնելու առումով, ցավալիորեն, խղճուկ կացությունում ենք: Այս հարցերին պատճաշ լուծումների որոշակի ճանապարհ անցնելով է, որ սեփականատերերը կհասնեն խավի կայացմանը: Այստեղ էլ մեր մշակույթը լուրջ ճեղքվածքներ ունի:
Հասարակության սոցիալական կառուցվածքի ձեւավորման խնդիրը
Խորհրդային երկրում մեր հասարակությունը որոշակի սոցիալական կառուցվածք ուներ: արդեն սովորել էին, որ եթե մեկը, ասենք, անվանի գրող է, կոմպոզիտոր, գիտնական, ապա պետությունը նրան մեքենա, հողամաս է տալիս: Ասենք, եթե ես գիտությունների թեկնածու եմՙ իմ բան է, դոկտոր եմՙ այլ բան, ակադեմիկոսՙ մեկ այլ բան: Յուրաքանչյուր մակարդակը մարդկանց մոտ, անկախ տվյալ անձից, հարգանքի, վերաբերմունքի որոշակի առանձնահատկություն էր առաջացնում: Քանի որ կյանքի բոլոր ոլորտները հանրայնացված էին, փորձում էին համոզել, որ սոցիալական հիերարխիայում մարդու կարգավիճակն անմիջականորեն կապված է նրա կողմից ընդհանուր գործում ներդրած ավանդի հետ: Անկախության տարիներին հասարակության սոցիալական կառուցվածքը փլուզվել է, արտահայտված սուր սոցիալական բեւեռացումներով: Այնուամենայնիվ, հետաքրքրական է, թե մեզանում սոցիալական կարգավիճակի գնահատման ի՞նչ պատկերացումներ կան: Սոցիալական հիերարխիայի որոշիչներ չե՞ն արդյոք ջիպերը, մերսեդեսները, համերները: Դպրոցականների շրջանում մի հետազոտություն են անցկացրել. պարզվել է, որ բոլորն ուզում են օլիգարխ դառնալ: Օլիգարխ ասելով միայն փո՞ղ ենք հասկանում. ոչ, նաեւՙ ցածր ճաշակ, ոչ պատշաճ վերաբերմունք հանրային կյանքին: Մեր հասարակության մեջ այսօր այս հարցերում լուրջ շփոթ կա: Չի հասկացվում ո՞ւմ մեծարել, ինչո՞ւ մեծարել, ով՞ է օրինակելին եւ ընդօրինակելին:
Հայրենական պատերազմից հետո ուսադիրներով մարդկանց հանդեպ խորին խոնարհում կար: Այսօր, ցավոք սրտի, մենք այլ բան ենք տեսնում: Ընդհանուր առմամբ, գնահատման հարցում մարդկանց մտածողության մեջ քաոս կա: Հին սկզբունքները չեն գործում, դրանց փոխարեն նոր սկզբունքներ չեն առաջացրել: Նախկինում գործածն էլ համայնավարական արժեքների համակարգ է, որը դժվար է սեփական ազգային մշակույթ որակել: Ընդհանրապես ամեն մի ժողովրդի մշակույթի ամենացայտուն արտահայտությունը նրա կառուցած հասարակական կառուցվածքն է: Որքան որակյալ է այդ հյուսվածքը, այնքան ճշգրիտ են գտնված սոցիալական աստիճանակարգության սկզբունքները, այնքան հզոր ու հարուստ է տվյալ ժողովրդի մշակույթը: Մենք չունենք մշակված սոցիալական կառուցվածքի ձեւավորման սկզբունքների համակարգ, եւ սա անվանում ենք ճգնաժամ:
Թվարկված այս հինգ խնդիրների լուծումն անխուսափելիորեն պետք է գտնել, որոնց արմատները ժողովրդի մշակույթի խորքերում են: ցավոք, մեր ժողովրդի մշակութային զինանոցն այս առումով այնքան էլ հարուստ չէ: Շատերը դարերի պատմությամբ է բաէ թողնված: Առանց այս բացը վերացնելու, դժվար է լինելու մեր ճանապարհը: