ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Վերջերս Ազգային Ժողովում քննարկված ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը վերստին ցույց տվեց, որ գիտության առաջնահերթ զարգացումը երկրում այլընտրանք չունի: Միաժամանակ, պետք է ընդունել, որ մեկուսի օրենքի ընդունումը կոչված չէ համապարփակ մոտեցում ապահովելու կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ: Ներկայացվող վերլուծությունը նպատակ ունի վեր հանել առավել կենսական հիմնահարցերը` ներկայացնելով դրանց հանգուցալուծմանն ուղղված որոշակի մտորումներ:
Տնտեսական ներուժի բազմաբնույթ վերլուծությունները հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանի եւ հայության կարեւորագույն մրցակցային առավելություններից առնվազն երկուսը կարելի է համարել կայացած: Առաջինը գիտությունն է կամ ավելի ընգրկուն` երկրի մտավոր սեփականությունը: Երկրորդը Սփյուռքի մասնագիտական կարողությունն է:
Մինչ գիտության մասին մտահոգությունը խոսակցությունների, խոստումների, իսկ գիտատար ճյուղերի, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ոլորտ հռչակելուց այն կողմ հստակ գործողությունների ծրագրի չի վերածվել, հարկ է նշել, որ առանց մտավոր անվտանգության ապահովման, խիստ խոցելի է ոչ միայն երկրի տնտեսական, այլեւ ազգային անվտանգության ողջ համակարգը:
Կառավարությունը շարունակ կրկնում է, թե կան գիտական հիմնարկներ, որոնք պետք է ինքնստինքյան վերանան: Գուցե ի մտի ունեն Բյուրականի աստղադիտարանը, որը ոչ միայն հայրենի գիտության, այլեւ առանց չափազանցության, ողջ հայության հպարտության առարկան է եւ պահպանում է իր գիտական բացարձակ մրցունակությունն աշխարհում շնորհիվ ոչ մերկանտիլ սկզբունքներով արարող գիտնականների: Այն աստղադիտարանի, որին հարկ չեն համարել կառավարությունում առանձին տողով ֆինանսավորում նախատեսել 2005թ. սոցիալական ուղղվածության բյուջեում, դրանով իսկ նպաստելով ինքնաոչնչացմանը: Գուցե օրգանական, նուրբ օրգանական քիմիայի, մեխանիկայի, ֆիզիկայի ինստիտուտները, որոնց հատկացված գումարները կամ ՀՀ ԳԱԱ համակարգում նոր գիտական կադրերի պատրաստմանը տրամադրվող միջոցները (ընդամենը 25մլն ԱՄՆ դոլար) առանձին վերցված զիջում են պետական բազմաթիվ խրախճանքների համար նախատեսված ֆինանսավորմանը: Կամ գուցե այլեւս վերացել է երկրում ակադեմիական որակավորման տնտեսագետներ պատրաստելու անհրաժեշտությունը (հիշեցնեմ, որ հատկապես 1960-1980-ական թվականներին ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողներն են դարձել վարչապետ, քաղաքապետ, նախարարներ, տնտեսագիտական բուհերի ռեկտորներ, դեկաններ եւ ամբիոնի վարիչներ եւ ապահովել տնտեսագիտական մտքի շարունակականությունը):
Սա՞ է կառավարության կողմից հնչեցվող մեռնող գիտության հիմնավորումը: Եվ վերջապես ի՞նչ նոր նախաձեռնություն է կյանքի կոչվել, որ հիմա ոչնչացվում է դժվարությամբ ստեղծվածը: Ինչու՞ մինչ օրս անհրաժեշտ աջակցություն չի ստանում Աշտարակի տեխնոպարկ պետական նշանակության ծրագիրը: Ինչու՞ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լռության մատնվեց կամ որ նույն է` վիժեցվեց համաշխարհային ճանաչում ունեցող Բոինգ եւ Ռեյթըն ընկերությունների հայազգի ներկայացուցիչների կողմից առաջարկված բարձր տեխնոլոգիաների ծրագիրը: Կան այլ ինչու՞-ներ եւս, որոնց շարադրանքը պետական գութը, միեւնույն է, չի շարժի:
Ինչպես է պատրաստվում կառավարությունը պայքարել ապօրինությունների դեմ, իսկ ՀՀ Ազգային ժողովը հավակնում վերագտնել իր կորուսյալ հեղինակությունը, երբ մեկը մյուսի մատուցմամբ խախտում են Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքը եւ չեն բարեհաճում շնչահեղձ գիտությանը տրամադրել օրենքով ամրագրված պետական բյուջեի առնվազն 3%-ի չափով ֆինանսավորում: Հիշեցնե՞լ է պետք, թե ինչ է կոչվում օրենքի խախտումը, առավել եւս դրա ոտնահարումը հենց օրենսդրի կողմից... Այս պայմաններում չի կարելի խոսել ոչ միայն գիտության զարգացման, այլեւ գիտության պարզ վերարտադրության մասին: Ո՞վ է մտահոգ մեր երկրում գիտության ժառանգականության հարցերով: Ու՞մ են հայտնի, որ գիտության առանձին ենթաճյուղեր արդեն իսկ վերացել են` դրանցով զբաղված ականավոր գիտնականների արտագաղթի կամ մահվան պատճառով... Գիտության այդ ոլորտները կայացել են բառացիորեն դարերով, իսկ վերացել մի քանի տարում: Ի՞նչ են սպասվում Պարիս Հերունու, Գրիգոր Գյուրզադյանի, Հայաստանի գիտության այլ խորհրդանիշների անկատար ծրագրերին եւ դեռ կյանք չմտած նախաձեռնություններին: Գիտական, գիտատեխնիկական գործունեության արդյունքները կարող են եւ պետք է դառնան ոչ միայն երկրի ՀՆԱ-ի կարեւորագույն եւ արագ աճող բաղադրիչը, այլեւ շոշափելի տեսակարար կշիռ կազմեն արտահանման հոդվածներում, դրանով իսկ մեղմելով ոչ միայն կախվածությունը ներմուծումից, որը կրկնակի անգամ գերազանցում է արտահանման ծավալները, այլեւ վերացնեն մեկ ապրանքնատեսակի` ոսկերչական արտադրանքի մտահոգիչ տեսակարար կշիռը` կեսից ավելին, դիվերսիֆիկացնելով արտահանման կառուցվածքԳիտության նկատմամբ ներկայիս վարչակազմի վերաբերմունքի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ որոշակի վերապահումով կարելի է խոսել հայաստանյան գիտության մասին: Փոխարենը ճիշտ կլիներ խոսել երեւանյան գիտության մասին, հաշվի առնելով, որ գիտական բոլոր հիմնարկները, բացառությամբ Գառնիի եւ Բյուրականի, կենտրոնացած են Երեւանում: Ո՞վ կարող է խոսել այս պայմաններում հանրապետության տարածքում գիտական ռեսուրսների համաչափ, համամասնական տեղաբաշխման, առավել եւս դրանց զարգացման մասին:
Ի՞նչ անել հարցի պատասխանը կարող է ներառել հետեւյալ հավանական սցենարները:
Հանրապետության տարբեր բնակավայրերում պետական եւ մասնավոր բուհերի ցանցն օգտագործել բուհական գիտության զարգացման եւ վերջինիս միջոցով գյուղական բնակավայրերում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորման համար:
Արմատապես բարեփոխել ոլորտի կառավարման համակարգը: Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության կառավարման ոլորտի պաշտոնյաների համար անհրաժեշտ պայման դարձնել գիտական ցենզը, այլ խոսքով` գիտության հարցերով իրավունք պետք է տալ զբաղվելու գիտության ոլորտից դուրս եկած, գիտական որոշակի փորձ եւ աստիճան ունեցող մարդկանց:
Ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնված փորձառու մասնագետներին կամ բուհերի շրջանավարտների միջպետական ծրագրերով գործուղել արտերկիր: Նման քայլը թույլ կտա`
- ավելի քիչ միջոցներ վատնել գործազրկության նպաստների վրա,
- հոգալ մասնագետների եւ նրանց ընտանիքների նյութական կարիքները պայմանագրով երաշխավորված ժամկետով եւ հստակ վարձատրության պայմաններով,
- գործուղված մասնագետների ստացած եկամտից գանձել պետական հարկ` արտարժույթի լրացուցիչ հոսք ապահովելով պետբյուջե,
- հնարավորություն ընձեռել հայ մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքներն ու փորձը տարբեր ոլորտներում, որն այլապես զգալի միջոցներ է պահանջում պետությունից,
- պայմանագրի ավարտին երաշխավորել հայ մասնագետների վերադարձը,
- զգալիորեն մեղմել դրամի արժեզրկումը:
- Հարկային արտոնություններ սահմանել`
- Երեւանից դուրս` սահմանամերձ եւ լեռնային բնակավայրերում գիտական հիմնարկների ստեղծման, գիտատար արտադրությունների կազմակերպման եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու, հանրապետության տարածքում գիտության համամասնական զարգացման նպատակով;
- հանրապետություն ներկրվող բոլոր այն ապրանքների ու ծառայությունների համար, որոնք նախատեսված են գիտական գործունեության համար եւ ապահովելու են գործող գիտական հիմնարկների անխափան կենսագործունեությունը;
- այն ձեռնարկատերերին, ովքեր կֆինանսավորեն նպատակային գիտական ծրագրեր կամ որոնց տրամադրած գումարներով կիրականացվեն գիտության զարգացմանն ուղղված քայլեր եւ կստացվեն շոշափելի արդյունքներ:
Չի կարելի անտեսել այն հավանական շահագրգռությունը, որ կարող են ունենալ ձեռներեցները գիտության զարգացման նման խթանների պայմաններում: Ի վերջո, ամեն խոշոր հարկատու ընկերության կարելի է առաջարկել ֆինանսավորելու պետական նշանակության գիտական նպատակային ծրագրեր:
Կիրառել պետական պատվերի ժամանակակից մեխանիզմները: Այլ խոսքով, պետությունն ինքը պետք է նպաստի գիտատեխնիկական գործունեության արդյունքների պահանջարկի ձեւավորմանը եւ գիտությունն ու մտավոր կարողությունն ընդհանուր առմամբ դարձնի պահանջարկված: Բացի պետական բյուջեից գիտությանը տրամադրվող գումարներից, կառավարությունը կարող է խթանել երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի /ՌԱՀ/ զարգացումը, որը գիտատեխնիկական գործունեության արդյունքների կարեւորագույն սպառողը կարող է լինել` հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական աճող համագործակցության համատեքստում:
Ակտիվորեն օգտագործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընձեռած հնարավորությունները մտավոր սեփականության արդյունքների առեւտրի բնագավառում եւ պատշաճ ձեւով ներկայացնել Հայաստանի գիտական ներուժը տարբեր երկրներում գումարվող միջազգային համաժողովներին եւ գիտատեխնիկական միջազգային համատեղ ծրագրերում:
Օգտագործել ՆԱՏՕ-ի, Սեւծովյան տնտեսական համագործակցության, Եվրամիության, այլ տարածաշրջանային եւ միջազգային կառույցների դրամաշնորհային ծրագրերը` Հայաստանի գիտության համար արտաբյուջետային ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Մշակել եւ իրականացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պետական նախահարձակ քաղաքականություն: Պետական մակարդակով իրականացնել երկրի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունքների նպատակային մարկետինգ` այդ նպատակով առավելագույնս օգտագործելով արտերկրում ՀՀ դեսպանատների եւ գլխավոր հյուպատոսարանների լայն ցանցը:
ՀՀ Նախագահին առընթեր ձեւավորել Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության հիմնադրամ, որի խորհրդի կազմում ընգրկված անվանի գիտնականների իսկ առաջարկներով կմշակվի եւ կիրականացվի գիտության եւ գիտատեխնիկական գործունեության քաղաքականություն, կհամակարգվեն բնագավառի կարիքները եւ առաջնահերթությունները, կորոշվեն կենսական հիմնահարցերի լուծման ուղիները: Հիմնադրամը կհամակարգի նաեւ բնագավառի ֆինանսական միջոցները` դրանք ուղղելով հիմնարար (ֆունդամենտալ) եւ կիրառական գիտությունների զարգացմանը, հիմնականում կիրառական գիտությունների զարգացման շնորհիվ ապահովելով նաեւ անհրաժեշտ միջոցներ` հիմնարար գիտությունների արդյունավետ զարգացման համար: Առաջարկվող կառույցը կարող է վերացնել գիտության տարբեր ճյուղերում տեղ գտած գործառույթների կրկնությունը եւ մշակել առաջնահերթությունների եւ ներդրումների համար գրավիչ ծրագրերի այն միասնական փաթեթը, որը կօգտագործվի պետական եւ մասնավոր հատվածի արտասահմանյան գործուղումներում հայրենի գիտությունն ըստ արժանվույն ներկայացնելու եւ միջազգային համագործակցության ծավալմանը նպաստելու նպատակով:
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության առավել հաջողված ծրագրերն առաջարկել ԱՄՆ-ի հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի ազգային ծրագրի պատասխանատուներին` դրանով նպաստելով հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծմանը:
Հայաստանն, ինչպես եւ մյուս երկրները, գտնվում է փոխկախվածության եւ փոխհաղորդակցության, դինամիկ զարգացող աշխարհում: Անհրաժեշտ է սթափ գնահատել տարածաշրջանում ձեւավորված իրավիճակը, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները: Մասնավորապես Բաքու-Թբիլիսի- -Ջեյհան նավթամուղից միայն 2005թ. Ադրբեջանն ակնկալում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ, որը 2006թ. կհասնի 4 մլրդ ԱՄՆ դոլարի: Դժվար չէ կռահել դրանց հաշվին հարեւանների կողմից ազդեցության ոլորտների վերաբաշխման անթաքույց հավակնությունները:
Վերահաս սպառնալիքները վնասազերծելու նպատակով Հայաստանն, այո, պետք է մշակի դարի ծրագրի բովանդակություն ունեցող սեփական գործողությունների ծրագիրը` համահայկական Մարշալի պլանը: Սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում, մեր հայացքն, առաջին հերթին, սեւեռվում է ազգի մտավոր կարողությանը: Եվ չափազանցություն չի լինի ասել, որ գիտությունն այսօր մեզ համար երկրորդ Ղարաբաղն է: Այս պայքարում մենք իրապես դատապարտված ենք համոզիչ եւ տեւական հաղթանակի: Համոզված ենք, որ պետական նպատակային ծրագրերի իրագործմամբ Հայաստանն իր մտավոր ներուժով այսօր, իրոք, կարող է վերածվել տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնի: