«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարցազրույց «Բաքվի կրթական տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի նախագահ ԲԱՀԱՐ ՀԱՋԻԶԱԴԵԻ հետ

- Ե՞րբ է ստեղծվել Ձեր կենտրոնը եւ ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում:

- 1996 թվականի վերջին Ադրբեջանում սկսեց աշխատել Սորոսի հիմնադրամը, իսկ արդեն 1997 թվականի մայիսի 1-ին, ԱՄՆ դեսպանատան մասնակցությամբ, բացվեց մեր կենտրոնը: Սկզբում կենտրոնի գործառույթը արտասահմանում կրթություն ստանալու մասին տեղեկատվության տրամադրումն էր: Ավելի ուշ մենք սկսեցինք իրականացնել սորոսյան կրթաթոշակային ծրագրեր: Այս պահի դրությամբ մենք ունենք 14 տարբեր մակարդակների կրթաթոշակային ծրագրեր: Եթե առաջ դրանք դպրոցականների եւ բակալավրերի համար էին, ապա այժմ հիմնականում ծրագրեր են մագիստրոսների եւ արդեն մասնագիտություն ունեցող պրոֆեսիոնալների համար:

- Ձեր կենտրոնի միջոցով քանի՞ մարդ է կրթություն ստացել:

- Մոտ 600 հոգի: Բայց կրթության համար մեկնողների թիվն ամեն տարի փոփոխվում է: Այժմ տարվա մեջ մեկնում է 60-80 մարդ, երբեմն նաեւ ավելի:

- Ինչպե՞ս է կատարվում թեկնածուների ընտրությունը:

- Տարբեր ձեւերով: Օրինակ, մագիստրոսական ծրագրերով սկզբում արվում է համապատասխան հայտարարություն, ցանկացողները ստանում են հայտերի ձեւերը եւ մենք բացատրում ենք նրանց փաստաթղթերը ճիշտ լրացնելու ձեւերը: Բոլոր ներկայացված փաստաթղթերը, կախված ծրագրից, ուղարկվում են այն երկրները, որտեղ պետք է մարդը ստանա իր կրթությունը: Այնտեղից մենք ստանում ենք մրցույթի երկրորդ փուլն անցած անհատների ցուցակները: Իսկ երկրորդ փուլը քննություններն են: Եվ վերջին երրորդ փուլում անց են կացվում մագիստրոսական ծրագրերով թեկնածուների հարցազրույցներ արտասահմանցի պրոֆեսորների հետ:

- Կրթական կենտրոնի միջոցով ի՞նչ մասնագիտություններ են ստանում սովորողները:

- Սորոսյան ծրագրերում նախապատվությունը տրվում է սոցիալական- հումանիտար գիտություններին: Բայց մենք, որպես տեղեկատվական կենտրոն, տրամադրում ենք տեղեկություններ Ադրբեջանում անցկացվող բոլոր ծրագրերի մասին, համաշխարհային Բանկի, ԱՄՆ Պետքարտուղարության եւ այլ կազմակերպությունների ծրագրերի մասին:

- Արտասահմանում կրթություն ստացած մարդիկ գտնո՞ւմ են հետո իրենց կյանքում, ինչպե՞ս են նրանք տեղավորվում աշխատանքի:

- Անկասկած, բոլոր սորոսյան ծրագրերով սովորածներն անմիջապես, կամ մի փոքր ավելի անց, աշխատանք գտնում են: Ճիշտ է, երբեմն ոչ մագիստրատուրայի մասնագիտությամբ:

- Ադրբեջանից սորոսյան կրթական ծրագրերով մեկնողները ո՞ր երկրներում են սովորում:

- Դրանք մի քանիսն ենՙ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Բուլղարիա, Ավստրիա, Գերմանիա: Վերջին դեպքում մենք աշխատում ենք Գերմանիայի հետ ակադեմիական փոխանակման ծրագրի հետ համատեղ, որը կոչվում է DAAD: Սրանք մագիստրական եւ դոկտորական ծրագրեր են: Բացի այդ, մենք ունենք նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հետ համատեղ ծրագրեր:

- Որքա՞ն հաճախ են տեղի ունենում այլ երկրների հետ ակադեմիական փոխանակումները:

- Այս հարցում կայունություն չկա: Սովորաբար սորոսյան ծրագրերն անց են կացվում տարին մեկ անգամ, իսկ DAAD-ըՙ երկու տարին մեկ անգամ: Չի կարելի մոռանալ նաեւ, որ մի շարք ծրագրեր պարզապես փակվում են եւ նրանց փոխարեն մեկնարկում են ուրիշները:

- Ապագայում ի՞նչ ծրագրեր եք մտադիր իրականացնել:

- Բացի արտասահմանում կրթություն ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունից եւ սորոսյան ծրագրերից մենք աշխատում ենք նաեւ մեր կազմակերպության տարածաքային կենտրոնների հետ: Դրանք Գյանջայում են, Լենկորանում, Մինգեչաուրում: Մեր գործունեության մյուս ուղղությունը կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտների հետ աշխատանքն է: Հատկապես ակտիվ են սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ԱՄՆ շրջանավարտները: Վերադարձի առաջին օրվանից նրանք ընդգրկվում են մեր աշխատանքներում: Երկար ժամանակ մենք չէնք կարողանում հավաքել սորոսյան ծրագրերի բոլոր շրջանավարտներին մի տեղ: Եվ 2005 թ. մարտի 27-ին մենք անցկացրեցինք առաջին կոնֆերանսը: Մասնակցում էին մոտ 60 շրջանավարտներ, նաեւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այս միջոցառման նպատակն այն էր, որ սորոսյան ծրագրերի շրջանավարտները որոշարկեն իրենց գործունեության ուղղությունները եւ կապ հաստատեն երիտասարդության, հատկապես ուսանողների հետ: Կոնֆերանսից հետո մեր շրջանավարտները կազմակերպեցին շրջանավարտների եւ ուսանողների ցանց, որը հաջողությամբ գործում է տարբեր ուղղություններով: Մենք նաեւ անգլերենից ադրբեջաներեն ենք թարգմանում կրթական ծրագրերի մասին գրքեր:

- Ձեր կենտրոնն իրականացնո՞ւմ է ծրագրեր Արբեջանի բուհերում:

- Շատ կարեւոր եռամյա ծրագիր իրականացվեց 2003-2005 թթ., որն ուղղված էր Բաքվի պետական համալսարանում սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ստեղծմանը: Ծրագրով նախատեսվում էր անցկացնել սեմինարներ եւ ուսուցումներ, ամառային դպրոցներ կազմակերպել ԲՊՀ դասախոսների համար, թարգմանել որոշ գրականություն անգլերենից ադրբեջաներեն (արդյունքում լույս տեսավ «Սոցիալական աշխատանքի հիմունքներ» ադրբեջաներեն լեզվով առաջին գիրքը), կազմակերպել դասախոսների ճամփորդություններ արտասահմանյան երկրների փորձն ուսումնասիրելու համար, մշակել ուսումնական ծրագրեր, ստեղծել ԲՊՀ-ում սոցիալական աշխատանքին վերաբերող գրադարան եւ այլն: Եվ անցյալ տարվա սեպտեմբերին առաջին անգամ հայտարարվեց այս մասնագիտությամբ մագիստրատուրայում սովորելու հնարավորության մասին: Ծրագրում աշխատանքն իրականացվեց Վաշինգտոնյան Սենթ-Լյուիս եւ Կոլումբիայի համալսարանների հետ համատեղ, որոնք ԱՄՆ-ում այս մասնագիտության գծով լավագույն համալսարաններն են: Պետք է նշեմ, որ բացի ԲՊՀ-ի դասախոսներից ծրագրի աշխատանքներում մենք ներգրավեցինք նաեւ սոցիալական աշխատանքի հետ կապ ունեցող հինգ նախարարությունների, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների:

- Իսկ ինչո՞ւ է այդ ծրագիրը կազմված մագիստրոսների, այլ ոչ թե բակալավրերի համար:

- Որովհետեւ «սոցիալական աշխատանքը» միջմասնագիտական գործունեություն է: Եվ լավ է, երբ այդ աշխատանքի են գալիս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Նրանք կարող են լինել բժիշկներ, տնտեսագետներ, մանկավարժներ, հոգեբաններ: Վերադառնալով մեր ապագա ծրագրերի մասին հարցինՙ նշեմ, որ մենք նախատեսում ենք կազմակերպել կոնսուլտացիաներ աշխատանքի ճիշտ տեղավորման հարցերով: Մենք սովորեցնելու ենք քաղաքացիներին ճիշտ լրացնել ինքնակենսագրական տվյալները, տիրապետել անհրաժեշտ աշխատանքը փնտրելու ձեւերին: Կա նաեւ մեկ ծրագիր, որը շատ կուզեինք իրականացնել: Այն կոչվում է «Ակադեմիական ազնվություն» եւ անց է կացվելու բուհերի ուսանողների հետ: «Ակադեմիական ազնվություն» -ը սովորեցնելու է ինչպես կաշառք չտալ բուհերում, չարտագրել, գրագողությամբ չզբաղվել եւ այլն: Սկզբի համար այս ծրագրում ուզում ենք ներգրավել երկու բուհեր Բաքվում եւ երկուսըՙ երկրի շրջաններում:

- Ո՞վ է ֆինանսավորում Ձեր ծրագրերը:

- Սկզբից եւեթ մեզ հիմնականում ֆինանսավորում էին Սորոսի հիմնադրամն ու ԱՄՆ Պետքարտուղարությունը: Բացի այդ, մենք դրամաշնորհներ ենք ստանում նաեւ այլ կառույցներից, զբաղվելով անգլերենից ադրբեջաներեն գրքերի թարգմանությամբ եւ այլ ծրագրերով: Եվ, վերջապես, մենք վաստակում ենք գրքերի վաճառքից, անգլերենի եւ մաթեմատիկայի կուրսերի կազմակերպումից, տարին մեկ անգամ հոկտեմբերին կրթական տոնավաճառների կազմակերպումից , ինչպես նաեւ վճարովի դպրոցական ծրագրերից: Ուզում եմ նշել, որ վերջերս մենք ստացանք (եւ դա առաջին անգամ է Ադրբեջանում) Ինտերնետ-TOEFL քննություն անցկացնելու վկայական, որն այդքան անհրաժեշտ է մեր ուսանողներին արտասահմանում կրթություն ստանալու համար: Առաջին քննությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Հացազրույցըՙ Լ. ԾԵԼԻԵՂԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4