Ամեն տարի մոտ 200-300 հայ ուսանող Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպության միջոցով դիմում են ներկայացնում ուսումն ԱՄՆ-ում շարունակելու կամ մագիստրոսի կոչում ստանալու համար: Մրցույթի երեք փուլերի ընթացքում ընտրվում են միայն 16-20 հոգի: IREX-ի տվյալներով վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում եւ քոլեջներում ուսուցման վկայական է ստացել մոտ 200 հայ ուսանող, մագիստրոսի կոչում` 400 ուսանող: IREX կազմակերպության վարչական ղեկավար ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԸ մեզ հետ հարցազրույցի ընթացքում նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը մշակութային փոխանակումն է, հետո արդեն` արտասահմանյան փորձն ու անգլերենի կատարելագործումը:
Ուսանողների փոխանակման ի՞նչ ծրագրեր կան այսօր եւ ի՞նչ հնարավորությւններ են դրանք տալիս:
- Այժմ գործում է ուսանողների փոխանակման երկու ծրագիր` ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու կամ մագիստրոսի կոչում ստանալու համար: Ասեմ, որ այս ծրագրերը նախաձեռնում եւ ֆինանսավորում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական եւ մշակութային հարցերի բաժինը: IREX ամերիկյան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ստացել է այդ ծրագրերը մեր երկրում իրագործելու իրավունքը: Այժմ ավելի մանրամասն ծրագրերի մասին: «Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակ» ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ԱՄՆ-ում մագսիտրոսի կոչում ստանալ ըստ ընտրության` բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, կրթության, շրջակա միջավայրի կառավարման, միջազգային հարաբերությունների, լրագրության եւ հանրային հաղորդակցության, իրավագիտության, պետական կառավարման, հանրային առողջապահության եւ հանրային քաղաքականության ոլորտներում: Ծրագրով ապահովվում են վիզա ստանալու եւ երկկողմանի ճամփորդության ծախսերը, ուսման վարձը, ամսեկան կրթաթոշակը, բժշկական ապահովագրությունը, գրքեր ձեռք բերելու միջոցները եւ անգլերեն լեզվի դասընթացները:
- Ի՞նչ է երկրորդ ծրագի՞րը:
- Երկրորդ ծրագիրը կոչվում է Եվրասիայի բուհերի ուսանողների կրթական փոխանակման ծրագիր (UGRAD): Այս ծրագրով Հայաստանի հնգամյա ուսումնական ծրագրով մասնավոր եւ պետական բուհերի առաջին, երկրորդ, երրորդ կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններից կամ համայնքային քոլեջներից մեկում եւ ստանալ վկայական: Առաջին կուրսի ուսանողներն ապրում են հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում: Իսկ երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողները` քառամյա քոլեջների եւ համալսարանների հանրակացարաններում: Ուսանողները կարող են ընտրություն կատարել հետեւյալ ոլորտներում մասնագիտանալու համար` հաշվապահություն, գյուղատնտեսություն, ամերիկյան ուսմունքներ, բիզնես, համակարգչային գիտություն, քրեական արդարադատություն, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ եւ այլն:
- Քանի՞ հոգի է այժմ սովորում ԱՄՆ-ում այս ծրագրերի շրջանակներում եւ ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:
- Այժմ «Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակ» ծրագրով ԱՄՆ-ում սովորում է 17 ուսանող: Հիմնականում բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների եւ իրավաբանական մասնագիտություններով: «Եվրասիայի բուհերի ուսանողների կրթական փոխանակման» (UGRAD) ծրագրով կրթություն եւ տնտեսագիտություն ոլորտներում սովորում է 16 հոգի: Բոլորն ընտրվել են երեք փուլերից բաղկացած մրցույթով: Այն սովորաբար հայտարարվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փորձում ենք ներգրավել նաեւ մարզերի ուսանողներին, այդ ուղղությամբ միշտ նախապես սեմինարներ ենք կազմակերպում նրանց համար: Տարիքային սահմանափակում չկա: Հայցադիմումներ ներկայացրած ուսանողներին հրավիրում ենք հարցազրույցի, որից հետո նրանք նաեւ հանձնում են անգլերեն լեզվի քննություն: Եթե դիմում են մագիստրոսի կոչում ստանալու համար, ապա հանձնում են նաեւ մասնագիտական քննություն: Ի դեպ, այս ծրագրով ԱՄՆ-ում ուսումը կարող են շարունակել կամ իրենց մասնագիտությամբ, կամ ընտրեն դրան մոտ մասնագիտացում: Թեկնածուները գրում են նաեւ ակնարկ այն մասին, թե ինչու՞ են ուզում մեկնել եւ ի՞նչ են անելու հետո, այսինքն` ի՞նչ նպատակներ ունեն: Դրանից հետո քննության արդյունքներն ուղարկվում են ԱՄՆ, որտեղ անկախ հանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում եւ ներկայացնում մեկնողների ցուցակը: Բացի ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխանելուց եւ հաջող հանձնած քննություններից, շատ կարեւոր է, թե արդյո՞ք տվյալ անձը երբեւէ դիմել է Հայաստանից արտագաղթելու նպատակով, կամ, արդյոք, ունի՞ բարեկամներ ԱՄՆ որեւէ նահանգում: Այս ամենն անհրաժեշտ է իմանալ, քանի որ երբեմն հայցվորները մտադրվում են չվերադառնալ, հաստատվել եւ աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Եվ մեր կազմակերպության խնդիրը տարբեր միջոցներով դրությունը վերահսկելն է նման տհաճ միջադեպերից խուսափելու համար: Պետք է նշեմ, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ հազվադեպ են լինում:
- Ի՞նչ եք ձեռնարկում նման դեպքերից խուսափելու համար:
- Նախապես մենք ստուգում ենք բոլոր տվյալները, բոլոր ուսանողներն այնտեղ ունեն ղեկավարներ, որոնք հետեւում են նրանց ուսմանը եւ վարքին: Բացի այդ, մենք որոշեցինք որոշակի պայմաններ ստեղծել մեր «շրջանավարտների» համար: Օրինակ, վերադարձած մագիստրոսների համար մեր կազմակերպությունը համապատասխան աշխատանք է գտնում որեւէ պետական հաստատությունում եւ վեց ամսվա ընթացքում վճարում է աշխատավարձ: Կարելի է ասել, որ սա վճարովի պրակտիկա է: Որոշ ժամանակից գործատուն կողմնորոշվում է ընդունե՞լ աշխատակցին, թե՞ ոչ: Վերջին տարիներին մենք աշխատում ենք ներգրավել նաեւ ֆիզիկական արատներ ունեցող ուսանողներին: Հիմա ԱՄՆ-ում երկու հայ աղջիկ է սովորում, մեկը կազմվածքի թերություն ունի, մյուսը` տեսողության հետ կապված խնդիրներ: Առաջին ամիսներին նրանց համար բավական դժվար էր, բայց սովորելու ցանկությունն օգնեց հաղթահարել ուրիշ երկրում ապրելու դժվարությունները, աղջիկներն արդեն շատ լավ գնահատականներ ունեն: Կարծում եմ, կարեւոր է նշել նաեւ, որ հիմնականում դիմողների մեծամասնությունն աղջիկներ են:
- Ի՞նչ արտոնություններ է տալիս արտասահմանում սովորելու հնարավորությունը:
- Ուսուցման ընթացքում ուսանողները ոչ միայն մասնագիտական որակավորում են ձեռք բերում, այլեւ ունեն մշակութային փոխանակման հնարավորություն, ինչը կարեւոր է: Մեր ուսանողները այնտեղ պարտադիր պետք է ներկայացնեն մեր երկիրը, ավանդույթները, մշակույթը: Բացի այդ պետք է խոստովանենք, որ այսօր գործատուները հաշվի են առնում արտասահմանյան փորձառությունը եւ անգլերենի իմացությունը: Մենք նկատել ենք նաեւ, որ ուսանողները վերադառնում են բավական նպատակասլած, ավելի ինքնավստահ դարձած, ինքնուրույն եւ պատասխանատու, չէ՞ որ մի ամբողջ տարի ստիպված են լինում մենակ ապրել ուրիշ երկրում:
Հարցերին պատասխանում է Էլիզաբեթ Վինչիփը
1996 թվականից սկսած ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն ունեն նաեւ 8-րդ եւ 9-րդ դասարանցի դպրոցականները: 1996-2005 թթ. ընթացքում այս ծրագրերի շրջանակներում ԱՄՆ է մեկնել 550 աշակերտ: Աշակերտների փոխանակման ծրագիրը նույնպես մշակում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական եւ մշակութային հարցերի բաժինը: Ամեն տարի 700-1000 դիմողներից միայն 50 հոգուն է տրվում նման հնարավորություն: «Ամերիկյան խորհուրդներ» (American councils) հայաստանյան գրասենյակի տնօրեն ԷԼԻԶԱԲԵԹ Լ. ՎԻՆՇԻՓԸ մեզ հետ զրույցում հավաստեց, որ դիմողների 70-85 տոկոսն աղջիկներ են, նաեւ գրեթե աննշան տոկոս է կազմում մարզերում ապրող երեխաների քանակը: Երբեք հաղթողներ չեն եղել Մեղրիից, Ջերմուկից, Ալավերդիից, Իջեւանից:
- Տիկին Վինշիփ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մարզերից քիչ են դիմում:
- Կարծում եմ, որ համեմատաբար փոքր քաղաքներում եւ հատկապես գյուղերում կա անգլերենի ուսուցման խնդիր: Անգլերենի ցածր մակարդակի պատճառով մրցույթի ժամանակ նրանք չեն կարողանում հաջող հանձնել քննությունները: Աշակերտների մեծամասնությունը չի կարող քննություն հանձնել առանց մասնավոր պարապմունքների: Եվ ես բազմաթիվ խելացի երեխաների գիտեմ, որոնք չունեն անգլերեն մասնավոր դասընթացների հնարավորություն եւ արդյունքում ընտրության ժամանակ նրանց շանսերն այնքան էլ բարձր չեն: Դա ինձ համար տխուր փաստ է, եւ ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել այդպիսի երեխաներին: Գուցե ժամանակի ընթացքում փոխվի վիճակը. օրինակ անցած տարի առաջին անգամ Տավուշից մի աղջիկ կարողացավ հանձնել քննությունները եւ մեկնել ԱՄՆ: Այս տարի էլ մեկ հոգի Կապանից եւ երկու հոգի Վայքից են գնացել: Սակայն, միայն անգլերենի իմացությունը բավական չէ: Շատ կարեւոր է, որ երեխաները ներքուստ պատրաստ լինեն երկարատեւ ճամփորդությանը, ուրիշ երկրում որոշ չափով ինքնուրույն ապրելուն եւ ավելի պատասխանատու լինելուն: Ինչ վերաբերվում է աղջիկների գերակշռությանը, ապա իսկապես չգիտեմ, թե ինչու՞ է այդպես: Ես, իհարկե, կցանկանայի, որ ինչ-որ համաչափություն լիներ:
- Ինչու՞ են կարեւորվում նման ծրագրերը, ի՞նչ նոր բան կարող են սովորել երկու տարբեր մշակույթների երեխաները:
- Սա, իսկապես, նախ եւ առաջ մշակութային գիտելիքների փոխանակում է, բավական հետաքրքիր երկու կողմերի համար էլ: Շատ հաճախ ամերիկացի երեխաները հայ երեխաների հետ շփվումների ժամանակ զարմանում են` իմանալով, որ քարտեզի վրա կա Հայաստան անունով պետություն, որ այնտեղ լինում են ջրի կամ վերելակի հետ կապված խնդիրներ: ԱՄՆ-ում հիմա էլ կան մարդիկ եւ երեխաներ, որոնք կարծում են, թե բոլորն աշխարհում ապրում են այնպես, ինչպես իրենք` ամերիկացիները: Ես շատ եմ գնահատում ուսուցումը հատկապես այս ճանապարհով: Հայ երեխաների համար, կարծում եմ, օգտակար է որոշ չափով ինքնուրույնության սովորելը: Սովորաբար, Հայաստանում երեխաներին վերաբերվող նույնիսկ ամենաչնչին խնդիրները լուծում են ծնողները: Իսկ այնտեղ աշակերտները սովորում են լինել ավելի ազատ ու պատասխանատու: Իհարկե, տարբերություն կա նաեւ ուսուցման ոճի մեջ: ԱՄՆ-ում երեխաներին երբեք անգիր անել չեն հանձնարարում: Ավելի նախընտրելի է, որ երեխան կարողանա ոչ թե գրքի բառերով ներկայացնել նյութը, այլ` փորձի շարադրել իր մտքերն ու դատողությունները, կարողանա վերլուծել եւ հասկանալ հանձնարարությունը:
- Ի՞նչպես են երեխաները ընտրվում եւ որտե՞ղ են բնակվում ԱՄՆ-ում:
- Ընտրում ենք հայցադիմումների հիման վրա ամեն սեպտեմբերին, երեք փուլով: Առաջին փուլում տրվում է 16 հարց, որոնց պետք է պատասխանեն 15 րոպեների ընթացքում: Անցած տարի 800 դիմորդներից միայն 250-ն անցան երկրորդ փուլ: Երկրորդ փուլում գրավոր քննությամբ ստուգում ենք անգլերենի իմացությունը: Ընտրությունը Հայաստանում չի կատարվում, բոլոր քննությունների արդյունքները մենք ուղարկում են ԱՄՆ, այնտեղ անկախ հանձնաժողովը, եւս մեկ անգամ վերանայելով դիմումները, ընտրում է վերջնական հաղթողներին: Ապրիլին մենք արդեն ունենում ենք մեկնողների ցուցակը:
Մինչեւ սեպտեմբերի 11-ի դեպքն առաջին փուլում մենք միշտ 1000- ից ավելի դիմողներ ենք ունեցել, բայց դրանից հետո ցանկացողների քանակը նվազեց, քանի որ ծնողները վախենում էին թողնել իրենց երեխաներին: Վերջին տարիներին ավելացել են նաեւ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ուրիշ երկրներում սովորելու հրավերքները: Այս տարի կար մի աղջիկ, որն անցել էր մեր մրցույթը, բայց հրաժարվեց, քանի որ նրան հրավիրել էին կրթությունը շարունակել Բանգկոկում: Այսօր կա ուսուցման տեղի բավական մեծ ընտրություն: ԱՄՆ-ում երեխաներին անվճար հյուընկալում են ամերիկյան ընտանիքները, նրանք պարտավորվում են կերակրել երեխային եւ պատասխանատու են նրա համար: Աշակերտներն ամսեկան ստանում են 120-130 ԱՄՆ դոլար տարբեր կենցաղային իրեր գնելու, կինո կամ սրճարան այցելելու համար: Եթե անհրաժեշտություն կա դասերի համար գնել սպորտային համազգեստ կամ գրենական պիտույքներ, նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի մեկ անգամ ստանալ 300 ԱՄՆ դոլար:
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ