«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԿՐԾԿԱԼՆԵՐԻ ՇԱՐԱՆ ՊԱՖՈՍԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

Պաֆոսի (Կիպրոս) նավահանգստի կառանման վայրի ամբողջ երկայնքով (111 մ) ձգված 114,782 կրծկալների շարանով կիպրոսցի կանայք հույս ունեն ռեկորդ սահմանել եւ տեղ գտնել Գինեսի գրքում, հաղորդում է Նիկոսիայից մեր հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը: Նրանք այդ նախաձեռնությամբ ցանկացել են խթանել իրազեկությունը կրծքի քաղցկեղի վերաբերյալ եւ քաջալերել կանանց, որ կանոնավոր ստուգումների ենթարկվեն:

Պաֆոսի (Արեւմտյան Կիպրոս) «Լայընզ կլաբ Ադոնիս» միջազգային կազմակերպության համադրողներ, հոլանդացի Ջինա Գիլյետի եւ Լուիզ վան Ռուի ջանքերով անցկացված եզակի միջոցառումը նպաստել է, որ 100 հազար դոլար հավաքվի, որն ամբողջությամբ հատկացվելու է կղզու քաղցկեղով տառապող հիվանդների բուժման իրազեկման նպատակով հիմնադրված, Պաֆոսի քաղցկեղով հիվանդներին աջակցելու կամավորական խմբակցությանը:

«Արձագանքն անչափ հուզիչ էր: Անհավատալի է, բայց մենք փաստորեն ռեկորդ սահմանեցինք: Նախորդ նմանատիպ միջոցառմանը` Սենտոզա կղզում (Սինգապուր) 2003 թվին հավաքվել էր 79 001 կրծկալ, որոնցով 60 կիլոմետրանոց շարան էր կազմվել», նշել են համադրողները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4