«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ «ՎՈԺԴԻՆ» ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸ

1988-1991 թթ. Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերը գլխավորած «Միավորված ուժերի շտաբի» (ՄՈՒՇ) հրամանատար Մուշեղ Մխոյանը զոհվեց 15 տարի առաջՙ 1991 թվականի մայիսի 4-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղում:

«Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր ենթադրում, որ արցախյան պատերազմ ենք ունենալու, նա քաջ գիտակցում էր, թե ինչ է կատարվում: Մինչ մենք միտինգ էինք անում, նա աննկատ, մի քանի ընկերների հետ, առանց արյուն թափելու իր գործն էր անում: Նա հասկանում էր, որ առաջին խնդիրը ինքնապաշտպանությունն է, եւ առաջինը սկսեց զբաղվել զենք-զինամթերք հայթայթելով, դրանք խլելով ռազմական գնդերից, ոստիկանության պահեստներից, բերելով Անապայից, Հյուսիսային Կովկասից, Մերձբալթիկայից: Այդ ամենն առաջինն ինքն էր անում ու դրա համար նրան կոչում էինք Վոժդՙ Առաջնորդ: Ղարաբաղ կոմիտեին կից առաջին ռազմական ջոկատը ստեղծվեց նրա ղեկավարությամբ: Վոժդի գլխավորությամբ առաջին կռիվները եղան Երասխավանում, Ոսկեպարում, Կոռնիձորում», պատմում է նրա զինակից, ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

Վոժդի մանկության ընկեր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը նրան բնութագրող ամենամեծ հատկանիշը համարում է անվեհերությունը: Լինելով Արցախյան պատերազմի առաջին հրամանատարը, Մուշեղ Մխոյանը կամավորներին ամենից առաջ սովորեցրել է կռվի մեջ ամենագլխավորըՙ մահվանը դեմ առ դեմ կանգնելը: «Նա չէր կրակում թփի կամ քարի տակ թաքնվելով, այլ անվախ կանգնում էր թշնամու սուրացող գնդակների դիմաց ու քաջաբար կռվում: Նրա գլխավորած բոլոր կռիվներն ու գործողությունները հաղթանակով են ավարտվել: Այն, ինչ նա արեց 1990 թ. փետրվարից մինչեւ մայիսի 27-ը, միավորելով Հայաստանի բոլոր զինված ջոկատներին, այն ժամանակ անհնարին մի բան էր թվում: Սակայն Վոժդը կարողացավ դա անել, որովհետեւ ազդեցիկ հեղինակություն էր բոլորի համար, նրա խոսքը կշիռ ուներ: Նա, ըստ էության, ընտրությունների նախաշեմին կանխեց քաղաքացիական հնարավոր բախումները: Խորհրդային բանակի հետ մայիսի 27-ին բախումները, որ սկսվեցին կայարանում եւ կանխվեցին Նուբարաշենի մատույցներում, այսօր խեղաթյուրվում են, որոշ մարդիկ ներկայանում են որպես հերոս, սակայն ժամանակը բոլորին իր տեղը կդնի:

Մուշեղը բարոյական հզոր ազդեցություն ուներ մարդկանց վրա, դեմ էր «կռվել եմ, պիտի ուտեմ» կարգախոսին: Եթե նա այսօր ողջ լիներ, բացասական շատ երեւույթներ գուցե եւ տեղի չէին ունենա»:

Արմեն Մազմանյանը նշում է, որ Վոժդի մահվան մեջ դավ կա, եւ ճշմարտությունը մի օր անպայման պիտի բացահայտվի: Իր միտքը նա բացատրում է ՀՀՇ համակարգի ու նրա ղեկավարների հետ ունեցած գաղափարական առճակատումովՙ «ՄՈՒՇ-ի հիմնումից հետո նրանք հաճախ էին հայտարարում, որ մենք օր ու արեւ չենք ունենա, քանի դեռ իրենք են կանգնած իշխանության գլուխ: Հենց սկզբից, նրանց բոլոր ծրագրերը մենք համարել ենք ազգադավ, մինչ օրս ես նույն կարծիքն ունեմ: Այն, ինչ արել է ՄՈՒՇ-ը, առաջին հերթինՙ Վոժդը, արել է մղումով, ազնվորեն: Մենք մեր ոչ մի արածի համար չենք զղջում, ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք»:

Վոժդի խիզախ արարքների մասին խոսելիս Մազմանյանը հիշեց ռուս գեներալին Երեւանի Կոմիտասի անվան այգում պատանդ վերցնելու դեպքը: ՄՈՒՇ-ի զինտեխնիկան վերցնելու նպատակով այգի եկած գեներալին ու նրա գնդին Վոժդը դիմավորում է ձեռքի նռնակի օղակը քաշելով, որից հետո նրան պատանդ են վերցնում մինչեւ զինվորների հետ քաշվելը:

«Նա առյուծի սիրտ ուներ, բոլորը նրան հավատում էին ու գնում նրա հետեւից, որովհետեւ չէին կասկածում նրա մաքրությանը: Մուշեղ Մխոյանը այնպիսի հերոս է, ինչպիսիք են Մովսես Գորգիսյանը, Սամվել Գեւորգյանը, Աշոտ Նավասարդյանը: Նրանք մեր ազգի պատմություն կերտող հերոսներից են, եւ նոր սերունդը պիտի դաստիարակվի նրանց օրինակով: Կարծում եմ, որ մեր հասարակությունն ու պետությունը դեռ արժանին չեն հատուցել Մուշեղ Մխոյանին, քանի որ նա արժանի է ազգային հերոսի կոչման»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4