Համոզված է «Արմավիայի» սեփականատերը
«Ա-320-ի օդաչուի եւ դիսպետչերի խոսակցությունն ապացուցում է, որ օդաչուն գործել է գերազանց, նույնը չի կարելի ասել դիսպետչերի մասին», «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն է երեկ այսպիսի վստահեցում բարձրաձայնել: Նրա պնդմամբՙ դիսպետչերն օդանավն ուղարկել է երկրորդ շրջապատույտը կատարելու, երբ այն արդեն համարյա վայրէջք է կատարել: «Մինչ թռիչքուղի 200 մ հեռավորության դեպքում ուղարկել է շրջապտույտի: Մինչդեռ իրավունք ուներ միայն խորհուրդ տալու եւ ոչ հրամայելու: Դիսպետչերը սխալներ է թույլ տվել, որոնք իրավիճակը բարդացրել են: Իսկ ընդհանրապես հարցերի շարք կա, թե ինչը կարող էր լինել վթարի պատճառ: Մի դրվագում դիսպետչերը երկու անգամ ինքնաթիռը հետ է ուղարկել (Երեւան), ապա վերադարձրել Սոչի, հետո ուղարկել երկրորդ շրջապտույտի վայրէջքի ժամանակ: Այնուամենայնիվ այս ամենը չեն բերում եզրահանգման, թե օդաչուն չպետք է ինքնաթիռը նորմալ վայրէջքի բերեր: Ինչո՞ւ նրան չի հաջողվել: Դեռեւս ոչ ոք հիմք չունի ասելու, թե օդաչուն է մեղավոր», այս պարզաբանումները տալով Բաղդասարովը հավելել է, որ վթարված Ա-320-ի հրամանատարը փորձառու օդաչու էր, լավագույններից մեկը եւ լավ գիտեր տեղանքըՙ աշխատել էր Կրասնոդարի երկրամասում:
Ն. Պ.