«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


«ԻՆՔՆԱԹԻՌԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՊԱՅԹԵԼ Է, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՆՐ ԿՏՈՐՆԵՐԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ»

Դմիտրի Ադբաշյանի վարկածները

Երեկ «Ազդակ» ակումբը հյուրընկալել էր քաղավիացիայի վարչության նախկին պետ, Ազգային ավիացիոն միության նախագահ Դմիտրի Ադբաշյանին:

Լրագրողների հարցադրումներին ի պատասխան նա անդրադարձավ հնարավոր եւ անհավանական այն բոլոր անցքերին, որ ենթադրաբար կարող էին լինել վթարված ինքնաթիռում: Նախապես նա հայտարարեց, որ իր ենթադրությունները հենվում են միայն արդեն հստակված փաստերի վրա:

Հնարավո՞ր է, որ նավթը հերիքած չլինի

Եթե օդանավը թռչում է Երեւանից որեւէ այլ քաղաք, վայրէջքի նպատակային կետից բացի անպայման նախատեսվում է նաեւ պահեստային օդանավակայան: Վթարված ինքնաթիռի պարագայում պահեստային օդանավակայաններից մեկը Երեւանն է եղել: Օդանավը պետք է ունենար այնքան վառելիք, որ Սոչի թռչելու, Երեւան վերադառնալու եւ էլի 30 րոպե թռչելու հնարավորություն ունենար: Հնարավո՞ր է, որ օդաչուն թռած լինի վառելիքի անբավարար քանակով: Ադբաշյանի գնահատմամբ, «եթե նույնիսկ օդաչուն կամիկաձե էլ եղած լինի, ապա հատուկ սարքավորում կա, որը հենց որ նավթի պաշարը կիսվում է, ավտոմատ հաղորդում է այդ մասին: Երբ մեր օդանավը հայտնվել է Սոչիի օդային տարածքում, աշխատատեղում նստած դիսպետչերն արդեն տեսել է, թե ինչքան է նավթը ինքնաթիռում: Եթե այն չբավարարեր, դիսպետչերն իրավունք ուներ դադարեցնելու թռիչքը»:

Առայժմ պետական հանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը հաշվարկում է վառելիքի հավանական քանակները բարձրության բոլոր կետերում: Բայց վերջնական պատասխանը, անկասկած, սեւ արկղերը կտան:

Ինչպե՞ս է ընկել օդանավը

«Համոզված եմ, որ օդանավը ջրի մեջ անկառավարելի ձեւով է ընկել, եւ խցիկում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անձնակազմը չի կարողացել ոչինչ հաղորդել դիսպետչերին: Եթե նավթը վերջանալու վրա լիներ, նրանք դիսպետչերին կհայտնեին այդ մասին: Այս անգամ մի ուրիշ անհասկանալի բան է կատարվել: Անկառավարելի ձեւով, շատ մեծ հարվածի ազդեցությամբ օդանավը մտել է ջրի մեջ, եւ հարվածն այնքան ուժգին է եղել, որ պայթյուն է հիշեցնում: Ինքնաթիռը կարծես թե պայթել է, քանի որ մանր կտորների է վերածվել»:

Վթարը կարող է տեղի ունեցած լինել ինքնաթիռի արագությունը կորցնելու պատճառով: Ինքնաթիռը սկսում է ընկնել, եթե նրա օդում մնալու արագությունը իջնում է նվազագույնից: Ժամանակակից ինքնաթիռները անկման վիճակից դուրս գալու հնարավորություններ չունեն: Եթե մեր ինքնաթիռն այդպիսի վիճակում է հայտնվել, հենց դա էլ կարող է աղետ դարձած լինել նրա համար:

Դմիտրի Ադբաշյանը ընդգծեց նաեւ, որ «նվազագույն արագությունը տարբեր է «թաց» եւ «չոր» ինքնաթիռների համար: Թաց ինքնաթիռը չափազանց վտանգավոր է: Ուժեղ անձրեւը կարող է հասնել ինքնաթիռին եւ կողային դիմադրություն առաջացնել: Եվ շարժիչների հզորությունը կարող է չբավականացնել լրացուցիչ դիմադրությունը հաղթահարելու համար:

Վթարի պատճառ կարող են դառնալ նաեւ ամպրոպն ու կայծակը, անկախ թեւերի վրա տեղադրված շանթարգելների առկայությունից: Այս դեպքում ինքնաթիռի թեւերի վրա չնչին անսարքությունը կարող է կործանարար լինել նրա համար:

Սեւ արկղերը հենց նրա համար են, որ չքայքայվեն

Անդրադառնալով սեւ արկղերի մասին ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող շահարկումներին, Դմիտրի Ադբաշյանը ասաց. «Այն, որ սկսել են խոսել, թե սեւ արկղերը կարող են քայքայվել, կարծում եմ, հարցը կոծկելու միտում է»: Սեւ արկղերը դիմանում են մինչեւ 1100 աստիճան տաքության, մի ամիս կարող են ջրի տակ անվնաս մնալ: Սեւ արկղերը շատ ամուր մետաղից պատրաստված սարքեր են, որոնք ձայնագրում են օդանավի շարժիչների ու բոլոր համակարգերի աշխատանքի բոլոր տվյալները, այդ թվում եւ թռիչքի մասին տվյալները` բարձրություն, արագություն եւ այլն:

Օդաչուների խցիկում կան միկրոֆոններ: Եթե անձնակազմի անդամները իրար կամ դիսպետչերի հետ խոսում են միկրոֆոնով, ամեն ինչ ձայնագրվում է: Եվ եթե նույնիսկ անսպասելի մեկը խցիկ մտած լինի եւ ճնշում գործադրած լինի նրանց վրա, դա անպայման ձայնագրված եւ արտացոլված կլինի նաեւ սեւ արկղերում:

A-320 ինքնաթիռի արտադրող գործարանն այս պահին խիստ մտահոգված է իր արտադրանքի իմիջով եւ ամեն ինչ կանի, որ սեւ արկղերը ջրի երես դուրս գան: Սեւ արկղերի հետ կապված ակնհայտ շահագրգռություններ ունի նաեւ Լոնդոնի ապահովագրական ընկերությունը, որ մինչեւ 30 մլն դոլար փոխհատուցում պիտի վճարի` նայած հանգամանքների: Այնպես որ, անկախ տեղական շահերից, դրսի շահերն էլ վճռական դեր պիտի խաղան սեւ արկղերի ճակատագրում:

Նախկին ԽՍՀՄ վաստակավոր օդաչուն համոզված է, որ ճիշտ տեղեկատվություն չէ այն, որ ինքնաթիռը ջուրն է մտել 60 աստիճանի տակ: Դիտողի համար հորիզոնը գտնվում է 4 կմ հեռավորության վրա, օդանավը ընկել է 6 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող էր մարդը հորիզոնից այն կողմ տեսնել: Այն էլ գիշերվա ժամը 2-ին, երբ տեսանելիությունը 3 կմ էր:

Դմիտրի Ադբաշյանը չի բացառում, որ վթարը կարող է նաեւ դիսպետչերի սխալի հետեւանք լինել, բայց եւ չի ուզում անվերապահ հավատալ վրացական կողմի փաստարկներին: «Ես կարծում եմ, որ վրացական կողմը ուզում է հարցը քաղաքականացնել եւ սրել հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, Թբիլիսիից չի լսվում, թե ինչ է խոսում մեր անձնակազմը Սոչիի դիսպետչերի հետ»:

Ինչո՞ւ ջրից հանված դիակները լրիվ մերկ էին

Մարդը 90 տոկոսով հեղուկից է կազմված: Ֆիզիկական օրենքների համաձայն հեղուկը չի սեղմվում: Եթե մարդը գլխով խփում է որեւէ տեղի, ամբողջ հեղուկը ոտքերից դեպի գլուխն է գնում, մարմնով ուժեղ «ալիք» է անցնում, որ պայթեցնում է հագուստը: Ահա ինչպես բացատրեց սահմռկեցուցիչ այս փաստը Ավիացիոն ազգային միության նախագահը:

Սոչիի օդակայանը վայրէջքի ոչ բոլոր անհրաժեշտ պայմաններն ունի

Ադբաշյանը տեղեկացրեց մի ուշագրավ փաստի մասին եւս: Բավական բարդ լինելով` Սոչիի օդանավակայանը նաեւ վայրէջքի համար նախատեսված ոչ բոլոր հնարավորությունները ունի: Եթե ինքնաթիռը չկանխատեսված պատճառով պետք է երկրորդ շրջան անի, ապա այդ երկրորդ շրջանի համար հատուկ կետ է նշանակված, որից հետո իրավունք չունի վայրէջքի երկրորդ փորձը կատարել: Ինչ ուզում է լինի, ինքնաթիռը պիտի նստի: Խնդիրն այն է, որ եթե օդանավը երկրորդ շրջանն անելու հնարավորություն չունի եւ պարտադիր պետք է նստի, Սոչիի օդանավակայանը դրա համար անհրաժեշտ ոչ բոլոր սարքավորումներով ու պայմաններով է ապահովված: Սոչիում, օրինակ, կա միայն մեկ ռադիոփարոս: Իսկ ապահով թռիչքը երաշխավորվում է միայն վայրէջքի համար լիարժեք պայմաններ ունեցող համակարգերի առկայությամբ: Սոչին այդպիսի պայմաններ չունի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4