«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


ՆՈՐԱՀԱՅՏ ԿԻՐԿՈՐՈ՞Վ

« Հիմա, երբ գալիս էի Ձեզ հետ հանդիպելու, մոսկովյան մետրոյում տեսա «Հայերն արարող ժողովուրդ են» գիրքը ձեռքին մի պատանու: Այս կապակցությամբ ուզում եմ Ձեզ, որպես տվյալ ազգի փայլուն ներկայացուցչի, հարցնել, թե որոնք են այդ ազգի արժանիքները եւ թերությունները:

- Նման անվանման մեջ թերարժեքության բարդույթ է զգացվում: Սովորաբար, երբ պնդում են նման պաթոսով, հենց այնտեղ էլ խնդիր են զգում: Առհասարակ բոլոր ժողովուրդներն էլ արարող են: Ես չգիտեմ մի ժողովուրդ, որին կարելի է անվանել ավերող: Կարծում եմ, Հայաստանը, ինչպես եւ Հունաստանը, ունի «մեծ անցյալի» եւ, մեղմ ասած, անորոշ ներկայի բարդույթ: Ներքուստ ես ինձ չեմ համարում մի որոշակի ազգի ներկայացուցիչ, ինձ չեմ զգում ոչ հայ, ոչ ռուս, ոչ ամերիկացի, ոչ էլ հնդիկ: Վստահ չեմ, թե առհասարակ կարեւոր է դա քննարկել: Աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են, չխորհելով իրենց ազգության մասին: Իսկ երբ սկսում են խորհել, հաճախ հայտնվում են զանազան «իզմերի» ազդեցության տակ:

- Բայց Դուք հպարտանալու պատճառ ունեք. Ձեր պապը նշանավոր Անաստաս Միկոյանն է, նրա եղբայր Արտեմը «Միգ» օդանավերի հեղինակն է, իսկ մայրական կողմից, որքան ինձ հայտնի է, ազգակցություն ունենք Պուշկինի ազգականները եղած իշխան Պրեկլոնսկիների եւ նույնիսկ, ասում են, Պավել Ֆլորենսկու հետ:

- Ովքեր էլ լինեն հեռավոր ազգականները, ամեն մարդու ճակատագիրը բացարձակապես անհատական է եւ անկախ: Իմ կյանքը միանգամայն տարբեր կերպ է դասավորվել: Ինձ երբեք չեն գրավել քաղաքականությունը, օդանավերը կամ կրոնը: Ապրել եմ իմ սեփական կյանքով: Երեւի այդ պատճառով էլ կեղծանուն եմ վերցրել»:

...Ինչո՞ւ եմ այսքան երկար-բարակ բառացի մեջբերում ուրիշի հարցազրույցից: Մոտ երեք տասնյակ տարի ապրելով Մոսկվայում, ինձ համար արդեն արտառոց չէ բախվել հայի ուծացման փաստի: Բայց եթե դա ինչ-որ տեղ բացատրելի է եղել շարքային հայի հետ կապված, ապա անհասկանալի է թվացել նշանավոր մարդկանց ու նրանց ժառանգների կապակցությամբ: Այս հարցազրույցում, երեւի կռահեցիք, խոսքը վերաբերում է Անաստաս Միկոյանի թոռանըՙ Ստաս Նամինին (բնագրում նույնպես Անաստաս Միկոյան): Դժվար է ասել, թե շոու-բիզնեսում մեծ հաջողությունների հասած այս անձը ինչու է հրաժարվում իր արմատներից ու, մեղմ ասած, նվազ հարգալից արտահայտվում իր պատմական հայրենիքի ու ժողովրդի հասցեին:

Ես հեռու եմ «դատապարտումներից» ու պիտակներից: Մարդը չի ուզում հայ լինել, աստված իր հետ (թեեւ ամենատեղինը, ներող եղեք, ռուսական արտահայտությունն է` ւՐպվ ր վՌՎ): Կրկնում եմ, եթե «փոքրիկ» մի ռուսահայ հրաժարվում է իր ազգային պատկանելությունից հօգուտ ինչ-որ կենսական ապահովության, դա մի բան է: Եվ նվազ անհասկանալի, երբ նման քայլի է դիմում մեկը, որի ազգանունը նրան ոչ միայն չի խանգարում, այլեւ, ինչպես լրագրողն է նկատում, միայն բարձրացնում է վարկը (կարծում եմ, հարցազրույցի հեղինակը, ելնելով Ստասի հիվանդագին արձագանքից, փոշմանած կլինի իր «անհարկի» հաճոյախոսության համար):

Ռուսահայության համեմատաբար արագ ուծացման հանգամանքը մի շարք օբյեկտիվ նախադրյալներ ունի. այստեղ ազգային կառույցներ չեն եղել ողջ խորհրդային շրջանում, այսօր էլ հատուկենտ են «հայալեզու» դպրոցները, մամուլը ռուսերեն է, նոր-նոր է նկատվում եկեղեցու դերի վերագնահատումը եւ այլն: Բնիկ մոսկվացի հայերի գերակշիռ մասը չգիտի մայրենի լեզուն, ազգի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, սովորությունները: Դառնալով ռուս իրականության մասնիկը, նա հայությանը սկսում է նայել շեղ հայացքով, ավելի պարզ ասած` սնոբիզմով: Ստաս Նամինը դրա կենդանի մարմնացումն է. իր «կոսմոպոլիտիզմը» արդարացնելու համար նա Հայաստանը համարում է կոմպլեքսավորված, անորոշ ապագայով, թերեւս «հետամնաց» երկիր, թեեւ այս վերջին բառը չի օգտագործում:

Ցավոք, երբեմն իրեն նմանատիպ արտահայտություններ է թույլ տալիս նույնիսկ Մոսկվայի ամենանշանավոր հայ դերասանը:

Մի զարմանալի զուգահեռ: Ելնելով ռուս-վրացական աննորմալ հարաբերություններից, թվում է, Ռուսաստանի աչքի ընկնող վրացիները պիտի ձգտեն առանձնապես հիշեցնել չտալ իրենց ազգային ծագումը: Բայց բոլորովին հակառակը. նրանցից ոչ մեկը` երգիչներ, արտիստներ, գիտնականներ, բիզնեսմեններ եւ այլք, բնավ էլ «անհարմար» չի զգում այդ հանգամանքից:

Շատ տարօրինակ ազգ ենք...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4