«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


ԱՐԳԵՆՏԻՆԱ. ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ԱՅՍ ՄԻ ԱՆԿՅՈՒՆԸ

Վերջերս Երեւանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի (Արգենտինա) կազմակերպության նորընտիր նախագահ Ռուբեն Քեշիշյանը:

Հայ ազգային գործունեության եւ հատկապես ՀԲԸՄ-ի ասպարեզում նոր անուն չէ Ռուբեն Քեշիշյանը: Նա այս միությունում արդեն 43 տարվա ծառայություն ունի: Ազգապահպանման դժվարին ընթացքում ՀԲԸՄ-ի անչափ կարեւոր դերը դժվար է գերագնահատել: Եվ այս բոլոր 43 տարիներին Քեշիշյանը ամենատարբեր պաշտոններ է վարել` աջակցելով ՀԲԸՄ-ի ծավալած աշխատանքներին:

Կոնկրետ Արգենտինայում ու մասնավորաբար Բուենոս Այրեսում միությունը 32 տարի առաջ բացել է ամենօրյա հայկական վարժարան, որն անընդմեջ ու հաջողությամբ գործում է մինչ այսօր: Վարժարանն արդեն 25 անգամ շրջանավարտներ է տվել: Դպրոցն այժմ ունի 360 աշակերտ (3 տարեկանից մինչեւ միջնակարգի վերջին դասարանը` 18 տարեկան): Մինչեւ օրս մայր հայրենիք է այցելել վարժարանի 450 շրջանավարտ: Այս վարժարանում հայ երեխաները ոչ միայն ընդհանուր գիտելիքներ են ձեռք բերում, այլեւ աշխատում են ուրբաթօրյա ճաշարանում` սպասարկելով իրենց ծնողներին, տատերին ու պապերին եւ հավաքված գումարով տարեվերջին խմբով գալիս է Հայաստան: Այս ճաշարանը ոչ միայն ավելի շատ է ամրապնդում հայ մարդու գիտակցական նպատակաուղղվածությունը, այլեւ միջոցներ է ստեղծում երեխաների համար` մայր հայրենիք գալու եւ ավելի մոտից շփվելու հայ մշակույթի եւ կենցաղի հետ:

Անցյալ տարի` 2005-ի սեպտեմբերին, Բուենոս Այրեսի բաժանմունքը սկսեց ՀԲԸՄ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Քաղաքի պետական ամենախոշոր սրահում, որը տեղավորում է մոտ 3 հազար հանդիսատես, ելույթ ունեցան Հարավային Ամերիկայի հայկական բոլոր երգչախմբերը, պարախմբերը: 24 խմբեր իսկապես անմոռանալի մի տոն ստեղծեցին Արգենտինայի մայրաքաղաքում: Հայ հոգեւոր եւ ժողովրդական երգի, հայ մշակույթի նմուշներ ցուցադրվեցին տոնակատարության ժամանակ: Ի դեպ, մուտքի տոմսեր վաճառվեցին խորհրդանշական գումարով` ամերիկյան մեկ դոլարի չափով: Ստացված գումարը տրամադրվեց Բուենոս Այրեսի մանկական հիվանդանոցին` ի նպաստ:

Ինչպես նշում է Ռուբեն Քեշիշյանը, ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի կազմակերպությունն իր աշխատանքի ընթացքում միշտ էլ առաջնորդվել է համազգային նպատակներով, բացառելով կուսակցական նեղ շահախնդրությունները:

Ընդհանրապես Արգենտինայում հայ ազգային, կրթական եւ մշակութային կազմակերպությունները շատ ավելի հաճախ գործում են միասնաբար, հասնելով որոշակի արդյունքների: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Արգենտինայի պառլամենտի վերջերս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հայերը մեծ հաջողության հասան: Արգենտինայի պառլամենտի անդամ ընտրվեց Սերխիո Նահապետյանը: Այս հաջողությունը կարեւորվում է նաեւ այն բանով, որ Սերխիո Նահապետյանը կառավարությանն ընդդիմադիր կուսակցության անդամ է, Բուենոս Այրեսի «Սարդարապատ» թերթի արտոնատերը եւ Ռամկավար ազատական կուսակցության տեղական կազմակերպության պատասխանատուն եւ երկար տարիներ եղել է ՀԲԸՄ-ի տեղի կազմակերպության ատենապետ: Նա զավակն է հայ ազգային շրջանակներում հայտնի Նահապետ Նահապետյանի, որը երկար տարիներ եղել է ՌԱԿ «Հարավային Ամերիկայի» ղեկավարը: Հայ համայնքը, ըստ Ռուբեն Քեշիշյանի, հույսեր է կապում Սերխիո Նահապետյանի հետագա հայկական, ազգային գործունեության հետ: Ամեն դեպքում, սպասենք 50-ամյա հայ այս նոր խորհրդարանականի հայանպաստ գործերին:

Ազգային գործերի իրականացման համար, անշուշտ, մեծ նշանակություն ունի հայկական գաղութի հզորությունը: Իսկ արգենտինահայ գաղութը, դժբախտաբար թե բարեբախտաբար, փոքրաթիվ է, շուրջ 30 հազար: Վերջին տարիներին, ինչպես նշում է Քեշիշյանը, հայերի թիվն Արգենտինայում ավելացել է մոտ 3-5 հազարով, ի հաշիվ Հայաստանից արտագաղթածների, ովքեր հիմնականում զբաղվում են ամենօրյա հաց վաստակելով: Ինչպես ամենուր, այնպես էլ Արգենտինայում, հայ թե իսպանացի, հույն թե ճապոնացի ամենօրյա հոգսերի ծանր գլդանի տակ տրորվելուց են փորձում փրկվել: Եվ այս պարագայում, իհարկե, դժվար է խոսել ամենավեհ նպատակների, մշակութային եւ հոգեւոր գործունեության մասին: Եվ եթե այսօր ամեն մի հայանպաստ գործունեություն իրականացվում է այստեղ` Հարավային Ամերիկայում 20-րդ դարասկզբին հանգրվանած հայերի երրորդ-չորրորդ սերնդի ջանքերի շնորհիվ:

Ամեն դեպքում, հույս ունենանք, որ հայեցի այս փոքրիկ կղզյակն էլ իր հայանպաստ գործունեությունը կշարունակի եւ մեր հայրենակիցները զերծ կմնան ուծացումից: Ինչպես ՀԲԸՄ-ի տեղական բաժանմունքը, այնպես էլ «Երրորդ սերունդ» պարբերականն ի զորու են հայկական այս կղզյակն էլ պահպանելու:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4