Մարտ ամսին կտրուկ ավելացել են առուվաճառքի գործարքները
Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվում են աճել անշարժ գույքիՙ մասնավորապես բնակարանների եւ անհատական տների գները: Ընդ որում, գների աճի տեմպերն ավելի արագ են մարզերում, քան Երեւանում: Դա թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին մայրաքաղաքում անշարժ գույքի գները տարեցտարի աճում էին, իսկ մարզերում այդ գործընթացը դեռեւս չէր սկսվել: Հիմա Երեւանում սկսվում է գների կայունացման կամ առնվազն աճի տեմպերի դանդաղելու շրջանը, իսկ մարզերում գների աճը նոր է թափ հավաքում: Այս եզրակացությանն ենք գալիս անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ 2006 թ.-ի մարտի անշարժ գույքի շուկայի վերլուծությանը ծանոթանալիս:
Մասնավորապես Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի մակերեսով հաշվարկված շուկայական գների միջին ամսական աճը կազմել է 1,5 տոկոս, անհատական բնակելի տներինը (ներառյալ տնամերձը)` 2 տոկոս: Մարզերում այդ պատկերը հետեւյալն է: Բնակարանների գների միջին ամսական աճը կազմել է 4,1 տոկոս, անհատական բնակելի տներինըՙ 4,2 տոկոս:
Մեկ այլ միտում է այս տարվա մարտ ամսին փետրվարի համեմատ գործարքների կտրուկ ավելացումը Երեւանում: Առուվաճառքի գործարքների երկու երրորդը մայրաքաղաքում կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Փետրվարի համեմատ գործարքներն այստեղ ավելացել են ավելի քան 44 տոկոսով, իսկ բանկելի տների առուվաճառքի գործարքներըՙ 52 տոկոսով:
Երեւանում, բնականաբար, շարունակվում են ամենաթանկ գներով վաճառվել Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակարանների, Կենտրոնի, Արաբկիրի եւ Նորք-Մարաշի անհատական տների գները: Կենտրոնում մարտ ամսին վաճառված բնակարանների 1 քմ-ի գինը տատանվել է 157 հազար դրամից մինչեւ 540 հազար դրամի սահմաններում, իսկ միջին գինըՙ 362 հազար դրամ (մոտ 800 դոլար): Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի գինը եղել է 112 հազար դրամից մինչեւ 405 հազար դրամի շրջակայքում, իսկ միջին գինը կազմել է 281 հազար դրամ մոտ (650 դոլար): Անհատական տների գները հետեւյալն են եղելՙ Կենտրոնում 1 քմ-ն 135 հազար դրամից մինչեւ 900 հազար դրամի սահմաններում, միջին գինըՙ 375 հազար դրամ, Արաբկիրում եւ Նորք-Մարաշումՙ 90 հազար դրամից 450 հազար դրամի սահմաններում: Սակայն միջին գինը Արաբկիրում կազմել է 212 հազար դրամ, Նորք-Մարաշումՙ 167 հազար դրամ: Ամենաէժան տներն ու բնակարանները Երեւանում շարունակում են վաճառվել Նուբարաշենում: Մայրաքաղաքի մնացած համայնքներում բնակարանների գները տատանվում են 1 քմ-ն 90 հազար դրամից մինչեւ 225 հազար դրամի, իսկ Քանաքեռ-Զեյթունումՙ մինչեւ 270 հազար դրամի սահմաններում: Անհատական տների գների միջակայքը Երեւանի մնացած համայնքներում գտնվում է 1 քմ-ի դիմաց 67 հազար դրամից մինչեւ 405 հազար դրամի շրջանում:
Մարզերում իրականացվել է անշարժ գույքի օտարման գործարքների գրեթե երկու երրորդը: Այստեղ նույնպես մարտ ամսին փետրվարի համեմատ բնակարանների առուվաճառքի կտրուկ աճ է արձանագրվելՙ 37 տոկոսով: Արձանագրվել է նաեւ անհատական տների առուվաճառքի աճ, բայց ոչ կտրուկՙ 16 տոկոսով:
Մարզերում առավել թանկ բնակարաններն արժեն Աբովյան, Վաղարշապատ (Էջմիածին), Ծաղկաձոր, Աշտարակ, Ջերմուկ, Նոր Հաճըն քաղաքներում: Աբովյանում բնակարանի 1 քմ-ի միջին գինը 2006 թ.-ի մարտին կազմել է 87 հազար դրամ, առավելագույնըՙ 92 հազար դրամ, Վաղարշապատումՙ միջին գինը 77 հազար դրամ, առավելագույնըՙ 94 հազար դրամ, Ծաղկաձորում համապատասխանաբարՙ 70 հազար դրամ միջին գին եւ 81 հազար դրամ առավելագույն գին, Աշտարակումՙ համապատասխանաբար 58 հազար դրամ եւ 72 հազար դրամ, Ջերմուկումՙ 57 հազար դրամ եւ 81 հազար դրամ, Նոր Հաճընումՙ 59 հազար դրամ եւ 65 հազար դրամ: Նույնն է պատկերը նաեւ անհատական բնակելի տների գների պարագայում: Անհատական տների միջին եւ առավելագույն գների մակարդակով, ըստ հերթականության, գալիս են Աբովյանը, Վաղարշապատը, Ծաղկաձորը (առավելագույն գինն այստեղ ամենաբարձրն է եղել Երեւանից դուրսՙ 1 քմ դիմաց 112 հազար դրամ), Աշտարակը, Նոր Հաճընը: Ինչպես երեւում է, բնակարանների եւ անհատական տների գները բարձր են Երեւանին մոտ գտնվող (Աբովյան, Վաղարշապատ) կամ առողջարանային (Ծաղկաձոր, Ջերմուկ) քաղաքներում, իսկ Նոր Հաճընում մշտապես զարգացած է եղել ադամանդագործությունը:
Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում անշարժ գույքի շուկայում: Մասնագետների հավաստմամբ, գների աճի դինամիկան այստեղ դեռեւս կպահպանվի, ինչի համար հավելյալ խթան կլինի հիպոթեկային վարկավորման ավելացումը: Հիպոթեկային շուկայի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, այս ոլորտում Հայաստանին աջակցելու ցանկություն են հայտնել արդեն միջազգային տնտեսական կազմակերպությունները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ