«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԵՐԺԵԼ Է ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԺԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Չնայած դրան, օրինագծին շարունակում են հակազդել Թուրքիան եւ թուրք մտավորականները, որոնց թվում Հրանտ Դինքն ու Էթիեն Մահճուպյանը

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման դրվեց «1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտումը» պատժելի հանցանք համարող եւ ժխտողների համար մեկ տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրենքի նախագիծը: Հոդվածը պատրաստելու պահին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ մերժել է նախագիծը: Սակայն, ինչպես այդ մասին նշում է «CNN-Turk»-ը, անկախ նախագծի նկատմամբ հանձնաժողովի դիրքորոշումից, միեւնույն է, դա մայիսի 18-ին կքննարկվի Ֆրանսիայի խորհրդարանի լիագումար նիստում:

Ի դեպ, որպեսզի նախագիծն օրենքի ուժ ստանա, պետք է հաստատվի նաեւ Ֆրանսիայի Սենատում: Չնայած հանձնաժողովում նախագծի մերժմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքական շրջանակները մեծ են համարում դրա ընդունման հավանականությունը խորհրդարանում: Հավանականության հանգամանքն ստիպել է թուրքական իշխանություններին նախագծի դեմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, իսկ իշխանություններին աջակցել են 9 թուրք մտավորականներ եւ Թուրքիայում գործող ֆրանսիական ֆիրմաների ղեկավարները:

Այս ամենի մասին «CNN-Turk»-ից բացի տեղեկացնում են թուրքական հանրային հեռուստատեսությունն ու համանուն NTV-ն: «Ազգն» էլ մայիսի 7-ին տեղեկացրել էր, որ Ֆրանսիայում գործող թուրքական զանազան միություններ նախորդ օրը ֆրանսիական տարբեր թերթերում գովազդային կարգով հրապարակել են բաց նամակՙ կանխելու համար օրինագծի ընդունումը:

Նամակի հրապարակմանը հետեւել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերի գլխավորած պատվիրակության գործուղումը Փարիզ, որի կազմում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին դեսպան Օնուր Օյմենը: Թուրքական պատվիրակությունը ներկայումս բանակցություններ է վարում ֆրանսիացի խորհրդարանականների հետ:

Հարկ է սակայն նշել, որ մինչ Մեջլիսի պատվիրակության գործուղումը Փարիզ, մայիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը խորհրդակցության նպատակով Անկարա էր կանչել ինչպես Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Օսման Քորութուրքին, այնպես էլ Կանադայի դեսպան Այդեմիր Էրմանին: Վերջինս Անկարա էր կանչվել Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի ապրիլի 21-ի հայտարարության մեջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելու առնչությամբ:

Համենայն դեպս, Փարիզի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը հետզհետե կոշտ բնույթ է ստանում, իսկ ֆրանսիական թերթերն, արձանագրելով այդ փաստը, նշում են, որ դիրքորոշման կոշտացումը կարող է հանգեցնել թուրքական շուկաներում Ֆրանսիայում արտադրված ապրանքների բոյկոտին: Այդ ընթացքում, ինչպես վկայում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապրիլի 9-ին Թուրքիայում գործող ֆրանսիական որոշ ֆիրմաների ղեկավարները հանդիպում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք վերոհիշյալ օրինագծի առնչությամբ իրենց համերաշխությունն են հայտնում Թուրքիայի վարչապետին եւ նրան հանձնում այն նամակի պատճենը, որն ուղարկել են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին: Հանդիպման վերջում Էրդողանը դիմելով ֆրանսիացի գործարարներին, ասում է. «Եկեք 10 օր եւս միասին աշխատենք եւ համատեղ ջանքերով խափանենք օրինագիծը»:

Ինչ վերաբերում է 9 թուրք մտավորականներին, որոնց մասին «CNN-Turk»-ի հետ նշում է նաեւ թուրքական NTV-ն, ապա նրանց թվում են Ահմեդ Ինսալը, Էլիֆ Շաֆաքը, Հալիլ Բերքթայը, Մյուգե Գյոչեքը, Ռագըփ Զարաքոլուն, Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի մասնակիցներ Բասքըն Օրանը եւ Մուրադ Բելգեն, ինչպես նաեւ մեր պոլսահայ հայրենակիցներ, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքըն ու «Զաման» թերթի սյունակագիր հեղինակ Էթիեն Մահճուպյանը:

Վերոհիշյալ մտավորականներն օրինագծի դեմ բաց նամակ են գրել «Լիբերասիոնին», թե «անկախ նպատակներից, այս օրինագծի ընդունումը կվնասի պատմական հարցերի շուրջը մտքերի փոխանակությանը եւ ավելի կխոչընդոտի գործը նրանց, ովքեր Թուրքիայում փորձում են նպաստել համապատասխան գործընթացին»: Վերոհիշյալ օրինագիծն, ըստ նրանց, ոտնձգություն է նաեւ խոսքի եւ մտքի ազատության դեմ: Հատկանշական է, որ ֆրանսիական թերթն այդ նամակը հրապարակել է անվճար:

Ի՞նչ ընթացք կունենա «1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտումը» օրենքով պատժող նախագծի քննարկումները Ֆրանսիայի խորհրդարանում կամ ֆրանսիական Սենատն ինչպիսի՞ վերաբերմունք կցուցաբերի դրան, ցույց կտա ժամանակը: Պարզապես գիտենք, որ մայիսի 18-ին Ֆրանսիայի Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկման օրը խորհրդարանի շենքի առաջ Հայ դատի հանձնախումբը ցույցի է պատրաստվում, իսկ Ֆրանսիայում գործող թուրքական միությունները նույն վայրում պատասխան ցույցով հայերին հակազդելու պատրաստակամություն են հայտնում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4