«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ԷԴԳԱՐ ՀԻԼԶԵՆՐԱԹԸ ՓՈՇԵԶԵՐԾԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Վերջին մտքի հեքիաթը» վեպը գրել եք որպես հրեա՞, թե՞ գերմանացի» հարցին Էդգար Հիլզենրաթը պատասխանում էՙ որպես հայ:

«Ես պատմեցի լռությանը ցեղասպանության պատմությունը: Կենտրոնացրի լռության ուշադրությունը այն բանի վրա, թե որքան կարեւոր է, երբ բացեիբաց է խոսվում այդ մասին. յուրաքանչյուրը պետք է իմանա: Քանի որ ինչպե՞ս պետք է ապագայում ցեղասպանությունը խանգարվի, երբ յուրաքանչյուրը պնդում է, թե ոչինչ չի իմացել եւ ոչնչի էլ չի խանգարել, քանի որ նման բան պատկերացնել անգամ չէր կարող: Ես ոչնչի չէի ձգտում իմ ժողովրդի համար, չէի պահանջում նաեւ ոչ մի պատիժ հալածողների համար: Ես ասացիՙ ես միայն լռությունը կուզենայի խափանել», Հայոց ցեղասպանության մասին պատմող Հիլզենրաթի վեպի սկզբում ասում է նրա հայ հերոսը:

Տարբեր լեզուներով, այդ թվում թուրքերենով, լույս տեսած նրա վեպը, հիրավի, խափանեց այդ լռությունը, ինչպես ինքն է ասումՙ «փոշեզերծեց մարդկանց հիշողությունը», ու մի շարք երկրների, նաեւ Գերմանիայի խորհրդարաններին պարտադրեց ընդունել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր:

Հիլզենրաթի հեքիաթ կոչվող իրական վեպն առաջին իսկ տողերից գրավում է անսովոր պարզությամբ, որի իմաստուն խորքերից դանդաղորեն հառնում է մերկ ճշմարտությունը, որից թուրքերը չունեն փրկություն: Հայերին բնաջնջելու պատճառով բոլոր թուրքերը մղձավանջային երազներ են տեսնում: Վեպում թուրք վարչապետն ինչ-որ բան լսել է հայերի բնաջնջման մասին, բայց միշտ կարծել է, թե դրանք թուրքերի թշնամիների հորինած սուտ հեքիաթներն են:

Հայը նրան բացատրում է, որ դա հեքիաթ չէ: Ցեղասպանություն է եւ ոչ թե թուրք ժողովրդի տարերային կատաղության մոլուցք, վարից չի բարձրացել, այլ եկել է վերեւներից: «Ամեն բան տեղի է ունեցել այն ժամանակվա թուրքական կառավարության կարգադրությամբ. ամեն բան հրաշալի կազմակերպված է եղել: Քանի որ վերաբերում էր 20-րդ դարի այն ժամանակ պլանավորված ու կազմակերպված առաջին ցեղասպանությանը»:

«Ուրեմն մենքՙ թուրքե՞րս ենք գերմանացիներին ուսուցանող վարպետները եղել», զարմանում է թուրք վարչապետը, որը հետո վեպում դառնում է «Ազգերի Խղճի» միավորման դիվանապահ: Երբ հայը նրանից պահանջում է հայոց վավերագրերը, թուրքը պատասխանում է, որ «Ազգերի Խղճի» միավորման բոլոր հավաքարարուհիները ասթմատիկներ են եւ հին վավերագրերը փոշուց մաքրել չեն ուզում, հատկապես այնքան հները, ինչպես մոռացված ցեղասպանության մասին վավերագիրն է: Դա փոշու մի հողմ կբարձրացնի ու հազ կբորբոքի: Մոռացումը չպետք է փոշեզերծել, դա շատ վտանգավոր է»:

Ծագումով հրեա Հիլզենրաթին զարմացնում է, որ Հոլոքոսթ ապրած հրեաների պետությունըՙ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա կարծիքով, դրա պատճառներից մեկն այն է, որ Իսրայելը չի ցանկանում ստվեր գցել Հոլոքոսթի վրա, քանի որ այն համարում է անհամեմատելի ողբերգություն, իսկ երկրորդը թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունները փչացնելու մտավախությունն է: Իսրայելում նույնիսկ չեն արձագանքել վեպը եբրայերենով հրատարակելու Հիլզենրաթի առաջարկինՙ թերեւս զգուշանալով հասարակական կարծիքի կտրուկ փոփոխությունից:

Ներկայիս թուրք հասարակության հայացքներում գրողը որոշ դրական փոփոխություն նկատում է, ինչը, ըստ նրա, բխում է Եվրոմիություն մտնելու Թուրքիայի ձգտումից:

Հիլզենրաթի այս այցը նշանավորվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի նախագահից ստացած մրցանակով: Երեւանի պետական համալսարանը նրան արժանացրեց դոկտորի կոչման: Նրան պատվեցին նաեւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կենտրոնում: Իրենց երախտագիտությունը հայտնելու համար շաբաթ օրը այստեղ էին եկել գրականագետներ, պատմաբաններ, գրողներ, նաեւ նրա արվեստի երկրպագուներ: Նրան հանձնեցին հայոց այբուբենի մագաղաթյա հուշանվերը, տարբեր լեզուներով հրատարակված գրքեր:

Պատմաբան Բաբկեն Հարությունյանը նշեց, որ Ֆրանց ՎերՖելի վեպից հետո Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» հաղթարշավ է կազմակերպել աշխարհում, ու եթե այսօր շատ երկրներում Հայոց ցեղասպանության մասին գիտեն ավելի լայն շրջանակներում, դրա համար պարտական ենք նրան: Նա խիստ էական համարեց գրքի թուրքերեն թարգմանությունը, որովհետեւ «ներկայիս թուրք ժողովուրդը բացարձակապես տեղյակ չէ կատարվածի մասին, եւ այս վեպը իր որոշակի նպաստն է բերում Թուրքիայում աստիճանաբար հայանպաստ հասարակական կարծիք ձեւավորելու համար: Գաղտնիք չէ, որ Գերմանիայում հասարակական կարծիքը եղել է ոչ հայանպաստ, եւ եթե Բունդեսթագն անցած տարի որոշում կայացրեց, դրա համար պիտի շնորհակալ լինենք Հիլզենրաթին:

«Վերջին մտքի հեքիաթը» գրելու համար Հիլզենրաթը տարբեր երկրների արխիվներում մոտ 20 տարի ուսումնասիրել է հայերի պատմությունը, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը:

Այսօրվա Հայաստանը նա տեսնում է որպես մի նոր, վերածնված երկիր: Հայերի հետ շփումը անջնջելի տպավորություն է թողել մի քանի տարի առաջ իր հետ առաջին անգամ Հայաստան այցելած հանգուցյալ կնոջ վրա: «Նա ուղղակի սիրահարվել էր Հայաստանին, հիացել էր հայերի բարությամբ, սրտամոտությամբ, կենսախինդ ապրելու կարողությամբ: Մեծ ցանկություն ուներ երկրորդ անգամ այցելելու»:

Տաղանդաշատ գրողը համոզված է, որ հայերի համար ամենակենսական խնդիրը ինքնապաշտպանությունն է, որովհետեւ նրանք միշտ վտանգի տակ են եղել: Հայերը երբեք չպետք է մոռանան դրա մասին, մանավանդ որ այդ վտանգն առկա է նաեւ մեր օրերում: «Վերջին մտքի հեքիաթը» վեպի վերջին դրվագներից մեկում հրեաները Թուրքիայի վրայով թռչում են Երուսաղեմ:

- Իսկ դու ի՞նչ ես փնտրում Թուրքիայում, - հարցնում են նրանք հային:

- Հայաստան երկիրը, - պատասխանում է հայը:

Արարատ լեռան վրայից թռչելիս տիեզերքից եկող ձայնը հային ասում է. «Ես քեզ մի արծիվ կուղարկեմ»: «Եվ Վարդանը արծվի թեւով Արարատ լեռան վրա թռավ: Հետո իջավ ցածՙ հայերի լայնատարած երկիրը, որն այստեղ Հայաստան է կոչվում: Վարդանը տեսավ, որ ինքը միակ միտքը չէ, որն ապրելու է վարում: Ամենուրեք հայերի մտքերն էին: Նրանք նստած էին յուրաքանչյուր ծաղկի մեջ, յուրաքանչյուր փոքրիկ խոտի, ծառի յուրաքանչյուր բողբոջի վրա»:

Կասկածից վեր է, որ այսպես կարող էր գրել միայն իրեն հայ զգացող մարդը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4