ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
ՄԱԿ-ի նոր կառույցի` Մարդու իրավունքների խորհրդի ընտրությունները հակասական արդյունքներ են տվել. խորհրդում տեղեր են ստացել հենց այդ իրավունքների խախտման համար քննադատվող մի քանի երկրներ: BBC-ն հաղորդում է, որ խորհրդի կազմում ընտրվել են մասնավորապես Կուբան, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ Ուկրաինան: Հայաստանին եւ Վրաստանին չի հաջողվել բավարար ձայներ ստանալ:
«Հյումն ռայթս ուոչ» միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը պնդում է, որ այդ երկրներն արժանի չեն տեղեր զբաղեցնելու ՄԱԿ-ի նոր կառույցում: ԱՄՆ իշխանությունները եւս քննադատել են խորհրդի կազմը: Ի դեպ, Վաշինգտոնն ի սկզբանե դեմ էր այդ կառույցի ստեղծմանը:
Խորհուրդը հունիսից փոխարինելու է դեռ 1946 թ. հիմնված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Վերջինս պարբերաբար քննադատության էր ենթարկվում իրավախախտումներով հայտնի մի շարք երկրների (Սիրիա, Սուդան, Զիմբաբվե, Նեպալ, Էրիթրեա, Եթովպիա եւ այլն) անդամակցության պատճառով:
Այդ երկրներից ոչ մեկը չի փորձել դառնալ նորաստեղծ խորհրդի անդամ, նշում է BBC-ն: Խորհուրդը կոչված է վերահսկելու մարդու իրավունքների վիճակը եւ օժանդակելու առանձին պետությունների օրենսդրության կատարելագործմանը: Խորհրդի 47 տեղերն աշխարհի տարածաշրջանների միջեւ բաշխվում են ըստ դրանց բնակչության թվակազմի: