Արդեն 3-րդ օրը «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է հոմեոպաթների 2-րդ միջազգային կոնգրեսը: Ողջ աշխարհում հիվանդները դիմում են հոմեոպաթներին, երբ սովորաբար արդեն անցել են բուժական ոդիսականի բոլոր փուլերով եւ ոչ մի օգուտ չեն ստացել: Հայաստանում հոմեոպաթիան երիտասարդ գիտություն է, քչերը գիտեն նրա մասին, բայց այստեղ եւս կամաց-կամաց սկսել է հեղինակություն ու դիրքեր գրավել: Ճիշտ է, բնակչության գերակշռող մասն ընդհանրապես գաղափար չունի հոմեոպաթեայի մասին: Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի անդամ Ռուզան Խոջասարյանը կարծում է, որ պատճառը ոչ միայն ինֆորմացիայի պակասն է, այլեւ այն իրողությունը, որ այսօր արձանագրվում է բազմաթիվ ասպարեզներում: Հայաստանում էլ հայտնվել են հոմեոպաթ շառլատաններ, որոնք առանց պարտադիր մասնագիտական կրթության եւ ունակությունների, աշխատում են հոմեոպաթների անվան տակ, շատ անգամ ոչ միայն չեն օգնում, այլեւ վնասում են մարդկանց: Սա, անկասկած, մեծ հարված է դեռեւս չկայացած բժշկությանը: Հայաստանում իրական մասնագետների թիվն առայժմ հազիվ անցնում է 2 տասնյակից: Մեր առողջապահության նախարարությունը հոմեոպաթիան արդեն ճանաչել է իբրեւ պետական մասնագիտություն: Այս առարկան դասավանդվում է Բժշկական համալսարանի ավանդական բժշկության ամբիոնում:
Գիտական բժշկությունն, այնուամենայնիվ, ինչպես իրեն հակակշիռ ամեն մի նորամուծության, թերահավատությամբ է վերաբերվում հոմեոպաթիային:
Բժշկական նոր ճյուղի առանձնահատկությունը բացառապես բնական` բուսական, կենդանական ծագման, հանքային աղերի տարբեր բաղադրություններով դեղորայքի օգտագործումն է: Հիմնական սկզբունքը քիմիական նյութերից անվերապահ հրաժարումն է, բնությանը հարազատ մնալը: Կան լոշտակից, եղինջից, մեղվի, օձի թույնից, մետաղներից (ոսկի, արծաթ), քիմիական տարրերից (նատրիում, կալիում, ծծումբ, պղինձ) պատրաստված դեղամիջոցներ: Բույսերը սովորաբար աճեցվում են սեփական պլանտացիաներում: Այս գիտությունը լավ զարգացած է Հնդկաստանում, հոմեոպաթիկ բուժումն այստեղ չափազանց լայն տարածում ունի: Դեղորայքն այնքան վստահելի է, որ առանց վարանելու հանձնարարվում է նաեւ երեխաներին ու հղի կանանց: Բացի դրանից, հոմեոպաթիան գնահատվում է իբրեւ բնակչության համար առավել մատչելի ու խնայողական առողջապահություն, որովհետեւ դեղորայքի ու բուժման համար հաստատապես մեծ գումարներ չեն պահանջվում, ինչ սովորաբար առաջարկում են մեր բժիշկները` երբեմն իրենք էլ չհավատալով բարերար ելքերի: Բուժումը սկսվում է հիվանդի անամնեզի պարզաբանմամբ, թե տատերից ու պապերից սկսած մերձավոր ազգակիցները ի՞նչ հիվանդություններով են հիվանդացել, ժառանգական ի՞նչ հիվանդություններ կան ազգուտակում, ինքը` հիվանդը, սկսած ծննդյան օրից ի՞նչ հիվանդություններով է հիվանդացել:
Հիմնական սկզբունքն է մարդու կենսաուժի արթնացումը, վերակենդանացումն ու ուժեղացումը: Կենսաուժը օրգանիզմը պահում է հավասարակշռության մեջ, եւ երբ խաթարվում է, գլուխ են բարձրացնում հիվանդությունները: Ինչպես այլ բնական մեթոդներով բուժման պարագայում, հոմեոպաթիայի դեպքում էլ բուժումը միանգամից չի գալիս: Երկարատեւ համբերություն է պետք ու համառություն: Սովորաբար բուժման երկարատեւ, ասենք, մեկամսյա կուրս է նշանակվում, որից հետո ստուգվում է ազդեցությունը:
Հոմեոպաթների միջազգային երկրորդ կոնգրեսին մասնակցում են աշխարհահռչակ 2 մասնագետներ` շվեյցարացի Սպինեզին եւ հնդիկ Ալոք Պարեկը: Նրանք բժշկական աշխարհը ցնցել են ուռուցքային հիվանդությունների բուժման զարմանալի արդյունքներով: Արձանագրել են ֆանտաստիկ արդյունքներ, երբ չարորակ ուռուցքն ընդհանրապես վերացել է օրգանիզմից:
Այս գիտությունը ծնվել է Գերմանիայում, հիմնադիրը Սամուել Հանեմանն է: Հոմեոպաթիան Հայաստան է բերել նույնպես գերմանացի Սաբինա Ցիմերմանը: Հայ հոմեոպաթները դեղորայքը ստանում են Շվեյցարիայից ու Գերմանիայից: Սրանք մանր, սպիտակ գրանուլաներ են, որոնց պատրաստումը բավական նուրբ ու բարդ աշխատանք է, քանի որ դրանք պարունակում են տվյալ նյութի նվազագույն չափերը: Բնական ռեժիմի պայմաններում` փայտե պահարան, լույսից, խոնավությունից ու սուր հոտերից հեռու, սրանք շատ երկար կարող են պահպանվել, նույնիսկ տարիներ:
«Մեր բուժամեթոդով բուժվող հիվանդների թիվը ավելանում է, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ աշխատելու արդյունք է: Եթե հիվանդին չօգնենք, նա այլեւս չի գա, եւ ուրիշներին էլ խորհուրդ չի տա դիմել մեզ, ասում է Ռուզան Խոջասարյանը: Մեզ մոտ ուռուցքային ախտով մի կին է բուժվել, որին բժիշկները մի քանի ամսվա կյանք էին գուշակել, բայց այդ կինն արդեն տարիներ ապրում է, եւ նույնիսկ վերականգնել է կորցրած աշխատանքը»: Հայ հոմեոպաթների մեծ նվաճումը պարբերական հիվանդության բուժումն է, նրանք կարողանում են մեծապես օգնել նաեւ բրոնխիալ ասթմայով, ալերգիաներով, հոդային պրոբլեմներ ունեցող մարդկանց:
Ալոք Պարեկը պատմեց, որ իրենք այսօր հաջողությամբ բուժում են երիկամային ու լյարդի հիվանդությունները` երիկամային սուր անբավարարության, հեպատիտ բե, ցե, լյարդի ցիրոզի: Սովորական բժշկության մեջ հեպատիտ բե-ով ու ցե-ով հիվանդները անբուժելի են համարվում: Նրանք ողջ կյանքում վարակակիրներ են մնում, քանի որ վարակն անցել է արյան միջոցով, եւ թեկուզ տարիներ անց ախտանշաններն արտաքուստ վերանում են, բայց արյան մեջ կարող են պահպանվել:
Նրանց մոտ բերում են նաեւ անհույս հիվանդների: Պարեկի կլինիկան գործում է Ագրայում, վիրաբուժական բաժին եւս ունի, եւ ինքը համոզված է, որ վիրաբույժների հետ իրենց համագործակցությունը հիվանդությունն օրգանիզմից արտաքսելու ամենախելացի ուղին է: Մեծ քարը երիկամից նպատակահարմար է հանել վիրաբուժության միջոցով, իսկ հոմեոպաթիան կօգնի վերացնել օրգանիզմի տրամադրվածությունը քարերի առաջացման հանդեպ:
Պարեկն ասում է, որ իրենց կլինիկայում 1995 թվականի հուլիսից մինչեւ 2005 թվականի դեկտեմբերը խրոնիկ երիկամային անբավարարվածության136 դեպք են ունեցել, որոնցից 81-ը բուժումից հետո այլեւս դիալեզի կարիք չեն զգացել: Միայն 19-ին չեն կարողացել նույն արդյունավետությամբ օգնել, մնացածների վերաբերյալ տեղեկատվությունը չեն հասցրել հստակեցնել:
Հայ հոմեոպաթների համար այս համաժողովը ինֆորմացիայի մեծ աղբյուր է, Մոսկվայից, Ուկրաինայից, Նովոսիբիրսկից, Ռումինիայից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից ժամանած հյուրերը հետաքրքրական դեպքեր, փաստեր ու մեթոդներ են ներկայացնում իրենց հայ գործընկերներին:
Այսօր համաժողովը ողջ օրը կշարունակի աշխատանքը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ