«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ «ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ» «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԾԱԳՄԱՆ» ԳԻՆՈՒ ՀԱՆԴԵՊ

«Բորժոմին» էլ ընկավ վրացական գինու օրը

Վրացական ու մոլդովական գինիների Ռուսաստանում իրացման արգելումից հինգ շաբաթ անց նմանօրինակ «սցենարի» կիրառումը «Բորժոմի» հանքային ջրի առնչությամբ Վրաստանն աներկբայորեն որակում է որպես քաղաքական որոշում, վրաց պաշտոնյաների խոսքերով` Ռուսաստանի կողմից տարվող «առեւտրային պատերազմ»: Ռուսական կողմը, ի դեմս Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի, վրացական գինու մեջ պեստիցիդների բարձր պարունակության բացահայտումից գործը հասցրել է նաեւ «Բորժոմիի»` հանքային ջրերին ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին չբավարարելուն: Ըստ Օնիշչենկոյի, հիմա էլ հանքային ջրի հետազոտված նմուշների մոտ 99 տոկոսը չի համապատասխանել առողջապահական ու որակական պահանջներին:

Ստացվում է, որ Ռուսաստանը հավերժորեն օգտագործելու է իր «լայնարձակ տափաստանները»` շուկայական տնտեսության պայմաններում «կովկասյան ծագում ունեցող» որոշ ապրանքատեսակների համար փակելով ռուսական շուկայի մաքսային «դռները»: Ամեն գնով սեփական գինու PR իրականացնող վրացական իշխանությունների ջանքերն էլ կարծես հակառակ ռեակցիան առաջ բերեցին` անորակության պիտակի տակ տեղավորելով ոչ միայն Ռուսաստանում իրացվող վրացական գինիները, այլեւ «Բորժոմի» եւ «Նաբեղլավի» հանքային ջրերը:

Չնայած ընդհանուր առմամբ թափանցիկ եւ բնավ ոչ երկիմաստ իրականությանը, վրաց իշխանությունները շատ յուրօրինակ կեցվածք են ընդունել: Մի դեպքում երկրի առաջին դեմքը հայտարարում է Ռուսաստանի վարած ներկա քաղաքականության պատճառով ԱՊՀ կազմից դուրս գալու նպատակահարմարության մասին` տնտեսական հնարավոր հետեւանքների քննարկմամբ: Մյուս կողմից, Սաակաշվիլին վրաց ժողովրդին կոչ է անում «չլքել դիրքերը», ավելացնելով տրամագծորեն հակառակը, թե Վրաստանը կցանկանար Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Եվ ոչ միայն: Վրաստանի նախագահի խոսքերով, Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները ժամանակավոր բնույթ ունեն, իսկ վրաց ժողովրդի կենսապայմանները վատացնելու ցանկություն ունեն «ինչ-որ անհատներ»: Թերեւս չափազանցություն է անհատական մակարդակով ռուս-վրացական հարաբերությունների պայմանավորումը, բայց հետաքրքրական է, որ Սաակաշվիլին նշել է, թե ամեն դեպքում ռուսներն ու վրացիները «դատապարտված» են «ապրել միասին` բարիդրացիական, նորմալ պայմաններում»:

Առնվազն տարօրինակ է նման մոտեցումը այն պարզ դիտարկմամբ, որ փոխադարձ անհանդուրժողականության դրսեւորումը բնավ էլ չի կարող վկայել ոչ Ռուսաստանի, ոչ Վրաստանի «բարի» ցանկությունների մասին: Ավելին, վիրավորական ու կոպիտ արտահայտությունների բարձրաձայնումը գրեթե բոլոր հնարավոր ու անհնար մակարդակներում որեւէ կերպ չի կարող դիտվել որպես բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մտադրություն, էլ չասենք` նպատակ:

Եվ մինչ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մակարդակով «անհանգստություն» է արտահայտվում «Վրաստանի հանդեպ Ռուսաստանի տնտեսական բոյկոտի» կապակցությամբ, վրացական պետության ղեկավարն օրերս Վիլնյուս կատարած այցելությունից իր հետ բերում է մի քանի շիշ իբր վրացական «Կինգմառաուլի» («Կինձմառաուլի»-ի փոխարեն), «Սվանչկարա» («Խվանչկարա»-ի փոխարեն), որոնց պարունակությունն, ըստ Միխայիլ Սաակաշվիլու, իսպանական էժանագին գինի է: Ու վրաց «քնած» գյուղնախարարությանն ու գինեգործներին Վրաստանի նախագահը խորհուրդ է տալիս վրացական գինին հասցնել մինչեւ Վիլնյուս, որտեղ միայն վրացական գինու անվան տակ իսպանական էժանագին գինին վաճառվում է մոտ 8 դոլարով:

Ռուսաստանը եւս բավականին յուրօրինակ է դրսեւորում սեփական քաղաքացիների առողջության հանդեպ հոգածությունը` այն խստագույնս սահմանափակելով մեկ-երկու պետության ապրանքանիշներով: Հասկանալի է, որ ռուսական շուկան ամենայն հավանականությամբ հեղեղված է ամեն տեսակ կեղծիքներով ու թերեւս ինչ-որ տեղից պետք էր սկսել պայքարը այդ երեւույթի դեմ: Հասկանալի է նաեւ, որ քաղաքական ենթատեքստի բացակայության դեպքում կեղծված ապրանքի իսկական արտադրողները շնորհակալ կլինեին Ռուսաստանից` իրենց ապրանքատեսակների որակի հանդեպ նման բծախնդրության դրսեւորման համար: Սակայն անորակության դեմ պայքարում ուղղակի ապրանքատեսակի արգելումը չի կարող դիտվել որպես կեղծումների դեմ պայքար: Իսկ այդ դեպքում մնում է պարզապես գրանցել տվյալ ապրանքատեսակի համար տնտեսական էմբարգոյի կիրառումը: Իսկ եթե խոսքն իսկապես գնում է վրացական գինու ու հանքային ջրերի ի սկզբանե անորակության մասին, ապա դա զուտ տեխնոլոգիական հարց է եւ հեշտ լուծելի, այլ ոչ թե քաղաքական բեմահարթակներում հիստերիկ ու բազմավեկտոր հայտարարությունների հիմք:

Այս ամենի ֆոնին հետաքրքրական են զուտ տնտեսական հետեւանքները, որ ի հայտ են գալիս վրացական գինու եւ հանքային ջրերի իրացումը Ռուսաստանում արգելելով: Փորձագետների գնահատմամբ, վրացական հանքային ջրերի մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի արտահանումը ավելի քան երկու անգամ քիչ է վրացական գինու արտահանման ծավալներից` մոտ 63 մլն դոլար: Բայց այստեղ էական տարբերություն կա նաեւ իրացման շուկաների առումով: Խնդիրն այն է, որ եթե վրացական գինիների արտահանումը մեծ աշխարհագրություն ունի, ապա հանքային ջրերի գերակշիռ մասը սպառվում էր Ռուսաստանի տարածքում: Այսինքն` ե՛ւ գինու, ե՛ւ հանքային ջրերի դեպքում ռուսական «էմբարգոն» բավականին մեծ վնաս է Վրաստանի տնտեսությանը:

Ռուսաստանի այս հարցում դրսեւորած կեցվածքում եւս մեկ բաց տեղ կա. եթե ռուսական իշխանությունները իսկապես մտահոգված են բնակչության առողջությամբ եւ սեփական շուկայում իրացվող ապրանքների որակական ցուցանիշներով, ապա տարօրինակ է, թե ինչու նույն փութաջանությամբ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը չի ուսումնասիրում առավել մեծ սպառում ունեցող օղու տեսականին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4