ՕԵԿ խմբակցությունից հեռանալու դիմում է գրել նաեւ Սամվել Շահգալդյանը
Այն, ինչ կատարվում է այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունում, եւ մասնավորապես նրա խորհրդարանական խմբակցությունումՙ մեկը-մեկին կանխագուշակում էին շատերը մասնավորեցման ծրագրին խմբակցությանՙ կոալիցիայից այլակերպ քվեարկելուց եւ նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանիՙ գերմանական թերթին տված հարցազրույցից հետո: Բայց դրանք միայն առիթներն են, իսկ պատճառներն ավելի խորքային են. մասնավորապես այն, որ գալիս է նոր իշխանական կուսակցությունՙ «Բարգավաճ Հայաստանը», եւ նրա համար պետք է տեղ ազատել, քանի որ իշխանամետների համար գծված տարածքը սահմանափակ է:
Ազգային ժողովում երեկ լրագրողները հերթ էին կանգնել ՕԵԿ պատգամավորների եւ հատկապես Մհեր Շահգելդյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ՀՅԴ պատգամավորների դռների մոտ. բոլորին հուզում էր մի հարցՙ ի՞նչ է կատարվում ՕԵԿ-ում: Երեկ կեսօրին արդեն խոսք էր գնում խմբակցությունից եւ կուսակցությունից հեռանալու դիմումներ գրած Սամվել Շահգալդյանի, Երեւանի քաղաքապետի հարազատ եղբայր Սայադ Զախարյանի մասին: ԱԺ միջանցքներում խոսվում էր ՕԵԿ խմբակցությունը ինչ-որ կենտրոնից կազմալուծելու ջանքերի մասին: Ասվում էր, որ ամեն ինչ անելու են, որ խմբակցությունում մնան միայն մասնավորեցման ծրագրին դեմ քվեարկած ՕԵԿ-ականները եւ նրանք այնպիսի թիվ կազմեն, ինչ որ կար անցյալ ԱԺ-ում, իսկ մյուսները հերթով դիմում են գրելու:
ԱԺ շենք մտնելիս մեզ հանդիպած Վիկտոր Դալլաքյանը հասցրեց ասել, որ «Արդարությունը» դատապարտում է իշխանությունների մեթոդներըՙ քանդելու «Օրինաց երկիրը», դրանք անընդունելի եւ անթույլատրելի են, չի կարելի խորհրդարանական խմբակցության անդամներին պարտադրել հեռանալու այնտեղից: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դեռ առավոտյան էր անդրադարձել խնդրին, ասելով, թե առնետավազքն ՕԵԿ-ից շարունակվելու է, իսկ կուսակցությունից հեռացածների պահվածքը բնական է համարում, քանի որ վերջիններս կուսակցությանն էին անդամագրվել ոչ թե սկզբունքից, այլ որոշակի շահերից ելնելով. ընդհանրապես, երբ գործարարը վախ ունի գործադիրիցՙ ցանկացած պահի նրան կարող են կանչել ու ասել` ինչ անել, ինչ չանել: Ըստ նրաՙ ՕԵԿ-ին գցում են, եւ դա ձեռնտու է ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին» եւ մնացած նոր ստեղծված կուսակցություններին:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ որեւէ մեկնաբանություն չի անում, եթե հարցի վերաբերյալ արտահայտվելու ցանկություն ունենա` այդ մասին լրագրողներն անպայման կիմանան: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կարողացավ մեկ պատասխան տալ լրագրողների տարբեր դիտանկյուններից ձեւած մի տասը հարցի. «Գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը մոտ օրերս կարտահայտենք»: Նա չհաստատեց Սայադ Զախարյանի դիմումի մասին լուրըՙ միայն հեռացված Արտակ Սարգսյանին, ավելի վաղ դիմում գրած Մելիք Մանուկյանին, Արշակ Մխիթարյանին, Ալիկ Պետրոսյանին, Գրիգոր Մարգարյանին հաշվեց, եւ մեկ էլ երեկ հեռանալու դիմում ներկայացրած Սամվել Շահգալդյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրն է, մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել թիվ 43 ընտրատարածքից:
Ըստ որոշ լուրերի` առաջիկա օրերին սպասվում է մյուս գործարար պատգամավորների հեռանալը ՕԵԿ-ից եւ կարծես ամեն ինչ տանում է Արթուր Բաղդասարյանի հրաժարականին: Հնարավոր է, որ ճնշումներ սկսվեն երդվյալ ՕԵԿ-ականների նկատմամբ, ովքեր ասում են, որ ՕԵԿ-ը սկզբունքների եւ գաղափարների կուսակցություն է, իրենք ճանապարհ են անցել եւ անցնելու են: Օրինակ, այդպիսին է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը նկատեց, թե որեւէ մեկը չի կարող ՕԵԿ-ի ճակատագիրը վճռել, այն կվճռի ժողովուրդը: Նա խոսեց ՕԵԿ-ի նկատմամբ վերջին շրջանում սկսված խաչակրաց արշավանքի մասին. «Ոչինչ, մենք իմունիտետ ենք ձեռք բերել եւ միշտ էլ լավին լավ, վատին վատ ենք ասել, եւ մեր սկզբունքը չենք փոխելու: Մեր գերխնդիրն է հետ չկանգնել մեր սկզբունքներից»:
Հնարավոր համարու՞մ է Ա. Բաղդասարյանի հրաժարականը: Այս հարցին Հ. Մարգարյանն այսպես պատասխանեց. «Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչներիՙ Ա. Բաղդասարյանը կառչած չէ աթոռից, եւ ինչպես ինքը, այնպես էլ ՕԵԿ-ը կոալիցիայում են ոչ թե հաճույք ստանալու, այլ պատասխանատվություն կրելու, բարեփոխումներ կատարելու համար»: Եւ հիշեցրեց Ա. Բաղդասարյանի ԱԺ վերջին նիստում ասած այն խոսքը, որ եթե կոալիցիոն գործընկերներից իրենց սկզբունքները խիստ տարբերվեն` կարող են եւ դուրս գալ կոալիցիայից:
Դաշնակցականներից լրագրողները չկարողացան բառ պոկել տեղի ունեցողի վերաբերյալ` նրանք արմատապես լռում էին:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ ինքը մեծ ցավ է ապրում այս բոլորին նայելով, բայց եւ... հեռացողները սկզբունքային մարդիկ են, որոնք չեն կարող նման ճանապարհով գնալ: Որոշ տեղեկությունների համաձայն` հեռացողներն անդամակցելու են կամ ՀՀԿ-ին, կամ հնարավոր է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակներով նոր խորհրդարան կմտնեն, սակայն ՀՀԿ-ի մասով խմբակցության ղեկավարը ոչինչ չգիտեր: Հնարավոր համարու՞մ է Գ. Սահակյանն Արթուր Բաղդասարյանի հրաժարականը. «Եթե հրաժարական տա` հարգանքով կվերաբերվեմ», հուշեց Գ. Սահակյանը` միաժամանակ այդ դեպքում ցնցումները հնարավոր չհամարելով, քանի որ ըստ նրաՙ Հայաստանի քաղաքական դաշտը բավական հարուստ է անձերով, փայլուն քաղաքական գործիչներ կան, որոնք կարողանում են ճգնաժամային պայմաններում որոշումներ կայացնել:
Ամփոփենք ՀԺԿ-ից Ստեփան Զաքարյանի խոսքով, որը հիշեցրեց տարիներ առաջ ՀԺԿ-ում կատարված համանման գործընթացը, որի` բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացին դեմ արտահայտվելը պատճառ դարձավ, որ ՀԺԿ-ն լքեն իշխանամետ պատգամավորները, կուսակցությունն էլ դառնա ընդդիմադիր. «Բայց պատմություններն են տարբեր, Ա. Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը պատասխանատու են այն ամենի համար, ինչ արել է իշխանությունը, որովհետեւ հենց սկզբից մասնակցել են գործընթացներին: Չեմ կարծում, որ ՕԵԿ-ը շահի ընդդիմադիր դառնալուց»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ