Ավիավթարի ողբերգական իրադարձությունները Ռուսաստանի ԶԼՄ-ներում լուսաբանվեցին սրտացավորեն ու զսպվածությամբ: Կարելի էր մտածել, թե ուրիշ ինչ կերպ կարող էր մեկնաբանվել աղետալի դեպքը, որը մի քանի րոպեում խլեց 113 մարդու կյանք: Ցավոք, ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի շատ հայտնի են իրենց շահամետ կանխակալությամբ: Թերեւս էականը երկրի ղեկավարության ու անձամբ նախագահ Վլ. Պուտինի խորապես մարդասիրական վերաբերմունքն էր հոգեկան ծանր վիճակի մեջ հայտնված բարեկամ ժողովրդի նկատմամբ:
Մոսկվացի հայերը հոգով, սրտով ու արցունքով կիսեցին ազգին բաժին հասած աննախադեպ վիշտը: Հազարավոր մոմեր վառվեցին հայոց եկեղեցում, ծաղիկներ դրվեցին Հայաստանի դեսպանատան պատին: Մեր դիվանագիտական ներկայացուցչություն այցելեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայի պատգամավորներ, Մոսկվայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ: Նույնիսկ անձնական բնույթի զանազան միջոցառումներում մարդիկ իրենց հոգու պարտքն էին համարում հարգել զոհվածների հիշատակը:
- Ռուսաստանում բնակվող բոլոր հայերս` տեղացի թե հայաստանցի, խորապես սգացինք այս բազմավիշտ իրադարձությունը եւ մեր սրտի զորակցումը հայտնեցինք համայն հայ ժողովրդին, անմեղ նահատակների հարազատներին, բարեկամներին, «Ազգի» թղթակցին ասաց Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը: Մայիսի 5-ը սգո օր էր ոչ միայն մեզ համար, այլեւ բազմաթիվ ռուս, այլազգի բարեկամների համար, որոնք մեզ հետ մասնակցեցին Մոսկվայի Սբ. Հարություն հայկական եկեղեցում կատարած հոգեհանգստյան արարողությանը:
Մեր խոնարհ շնորհակալությունը մեզ ցավակցած բոլոր ազնիվ մարդկանց:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա