«Արմավիայի» A-320 օդանավի անկման որոնողական աշխատանքներն ընդհատված են, քանի որ երեկ օդերեւութաբանները կանխատեսել էին 4 բալանոց փոթորիկ: ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ Սոչի են ժամանել ֆրանսիացի մասնագետներ, որոնց բերած հիդրոակուստիկ համակարգը թույլ է տալիս առավել ճիշտ ուղղորդել «Կալմար» խորջրյա սարքը: Նոր սարքավորումները կտեղադրվեն Նովոռոսիյսկից եկած «Նավիգատոր» նավի վրա:
Ծովի հատակին հայտնաբերված են որոշ օբյեկտներ, որոնց տեղադրությունը համընկնում է ավելի վաղ ֆրանսիացի մասնագետների որսացած ռադիոազդանշանների վայրին: Ենթադրվում է, որ ազդանշաններն ստացվում են 400-450 մետր խորության մեջ ընկած «սեւ արկղերի» ռադիոփարոսներից:
Որոնողական գործողությունների շրջանում ծովի հատակի մոտերքում նկատվում է ջրի ուժեղ հոսանք: Մասնագետները կարծում են, որ «սեւ արկղերի» հայտնաբերման եւ բարձրացման համար կպահանջվեն ավելի հզոր սարքավորումներ, քան այժմ ունեն փրկարարները: